կարևոր
295 դիտում, 29 րոպե առաջ - 2026-11-23 21:12
Հասարակություն

Հասարակությունը պառակտելու, ահաբեկելու և պատերազմով վախեցնելու մոտեցումը մի օր անխուսափելիորեն տապալվելու է. Խաչատուր Ստեփանյան

Հասարակությունը պառակտելու, ահաբեկելու և պատերազմով վախեցնելու մոտեցումը մի օր անխուսափելիորեն տապալվելու է. Խաչատուր Ստեփանյան

Պատմությունը չի սիրում վախով կառուցված «կայունություն»

Վերջին շրջանում հաճախ եմ մտածում՝ ինչպե՞ս կգնահատի այսօրվա Հայաստանը ապագա պատմաբանը։ Պատմագիտության մեջ կա սիներգետիկ մոտեցում։ Այն հասարակությունը դիտարկում է որպես բարդ, բաց և ինքնազարգացող համակարգ։ Այս տեսանկյունից շատ բան ավելի հստակ է երևում։

Առաջին՝ հասարակությունը մեքենա չէ, որ հնարավոր լինի կառավարել միայն վերևից տրվող հրահանգներով ու վախի լծակներով։ Այն ինքնակազմակերպվող համակարգ է, որը պահվում է ներքին կապերով՝ վստահությամբ, համերաշխությամբ, երկխոսությամբ։ Երբ իշխանությունը հետևողականորեն բաժանում է հասարակությանը «մերոնց» (ներկաներ) ու «թշնամիների» (նախկիններ), այն քանդում է հենց այն կապերը, որոնց վրա հենվում է պետության կայունությունը։

Երկրորդ՝ վախը կարող է ժամանակավոր կարգ ստեղծել, բայց ոչ կայունություն։ Երբ հասարակությանը մշտապես պատերազմով են վախեցնում, որպեսզի նա լռի ու համակերպվի, համակարգը հավասարակշռության չի գալիս։ Ընդհակառակը, նրանում լարվածություն է կուտակվում։ Իսկ կուտակված լարվածությունը չի անհետանում։

Երրորդ՝ պատմությունը գծային չէ։ Երկար ժամանակ կարող է թվալ, թե ոչինչ չի փոխվում, իսկ հետո համեմատաբար փոքր իրադարձությունը շրջադարձ է առաջացնում։ Հիշենք ԽՍՀՄ-ը. 1980-ականների կեսին քչերն էին պատկերացնում, որ մի քանի տարի անց այդ հզոր համակարգը կփլուզվի։ Այն նույնպես երկար ժամանակ պահվում էր վախով, «ներքին ու արտաքին թշնամիների» կերպարներով և հասարակության մասնատմամբ։ Արտաքուստ կայուն թվացող համակարգը ներսից արդեն սպառել էր իր ռեսուրսը։

Չորրորդ՝ ճգնաժամը ոչ միայն վտանգ է, այլև հնարավորություն։ Պատմական խաչմերուկներում որոշիչը հասարակության ներքին կարողությունն է՝ միավորվելու, լսելու և նոր ուղի ընտրելու։ Այդ պատճառով էլ հասարակության պառակտումն ամենավտանգավոր քաղաքականությունն է։ Այն զրկում է ժողովրդին ինքնակազմակերպվելու կարողությունից հենց այն պահին, երբ դա ամենից շատ է պետք։

Պատմությունը չունի մեկ կանխորոշված ուղի, և ոչ մի իշխանություն չի կարող հավերժ ծրագրավորել դրա ընթացքը։ Հասարակությունը պառակտելու, ահաբեկելու և պատերազմով վախեցնելու մոտեցումը մի օր անխուսափելիորեն տապալվելու է։ Պատճառը ոչ թե ինչ-որ մեկի ցանկությունն է, այլ այն, որ այդ մոտեցումը հակասում է բարդ հասարակական համակարգերի բնույթին։ Հարցը միայն այն է՝ երբ և ինչ գնով։ Իսկ գինը կախված է մեզնից՝ արդյոք կկարողանանք պահպանել միմյանց լսելու և միասին մտածելու կարողությունը։

 

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ)

Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ,

պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Խաչատուր Ստեփանյան