կարևոր
445 դիտում, 31 րոպե առաջ - 2026-11-13 20:57
Տնտեսական

Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել

Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել

Կառավարության որոշմամբ՝ 2027 թվականի հունվարի 2-ից վեց ամիս ժամկետով կարգելվի Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանումը։

Որոշման նպատակն է նպաստել Սևանա լճի կենսառեսուրսների կայուն օգտագործմանը, սիգի պաշարների պահպանությանն ու բնական վերարտադրության ապահովմանը, ինչպես նաև պաշտպանել երկրի պարենային անվտանգությունը։

Որոշման հիմնավորման համաձայն՝ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման արդյունքում վերջին տարիներին ձևավորվել է սիգի որոշակի կայուն կենսազանգված։ Մասնավորապես, 2025 թվականին սիգի կենսազանգվածը կազմել է 3591,8 տոննա՝ 2024 թվականի 1293 տոննայի դիմաց։

Միաժամանակ, արձանագրված դրական միտումները դեռևս բավարար չեն լճում սիգի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակն ապահովելու համար։ Գիտական որոշ գնահատականների համաձայն՝ Սևանա լճում սիգի ընդհանուր պաշարը կարող է հասնել մինչև 10 000 տոննայի, իսկ արդյունագործական որսի հնարավոր ծավալը՝ շուրջ 2000 տոննայի և ավելի։

Հաշվի առնելով սիգի ձկնկիթի բարձր պահանջարկն ու միջազգային շուկայում դրա արժեքը՝ արտահանման սահմանափակումը միտված է կանխելու կենսառեսուրսների նկատմամբ սպառողական վերաբերմունքի և մարդածին ազդեցության հնարավոր բացասական հետևանքները։ Հայտնում են ՇՄՆ Նախարարությունից։

Ժամանակավոր արգելքի սահմանմամբ նախատեսվում է խթանել սիգի պաշարների վերականգնումը, ապահովել ձկնատեսակի պահպանությունն ու բնականոն վերարտադրությունը՝ նպաստելով Սևանա լճի էկոհամակարգի կայունությանը։