կարևոր
631 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-14 15:49
Քաղաքական

Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետ

Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետ

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի ընկերակցությամբ, հանդիպել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, Սոցիալիստական ինտերնացիոնալի փոխնախագահ Հանա Ջալուլ Մուրոյի և Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված Եվրոպական խորհրդարանի տարբեր հարթակներում ներգրավված պատգամավոր Նաչո Սանչես Ամորի հետ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացի, ներքաղաքական զարգացումների և արտաքին մարտահրավերների վերաբերյալ։

Իշխան Սաղաթելյանը ՀՅԴ տեսակետներն է ներկայացրել վերոհիշյալ հարցերի վերաբերյալ, կարևորել Հայաստանում օրենքի գերակայության, քաղաքական ազատությունների լիարժեք իրացման երաշխավորման, ինչպես նաև իշխանությունների հակաօրինական քայլերը զսպելու գործում եվրոպական կառույցների դերակատարությունը։

Զրուցակիցները անդրադարձել են նաև ՀՅ Դաշնակցության և եվրոպական սոցիալիստական տարբեր շրջանակների հետ առաջանցիկ կերպով զարգացող հարաբերություններին և պայմանավորվածություններ ձեռք բերել դրանց հետագա խորացման վերաբերյալ։

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում կայուն, արդար և տևական խաղաղության հաստատման համար անհրաժեշտ նախապայմանների և գործողությունների վերաբերյալ։