կարևոր
526 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-13 21:11
Հասարակություն

Երևանցիների համար քաղաքում տեղաշարժվելը դարձել է ամենօրյա փորձություն. Գառնիկ Դանիելյան

Երևանցիների համար քաղաքում տեղաշարժվելը դարձել է ամենօրյա փորձություն. Գառնիկ Դանիելյան

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեսանյութ է հրապարակել երևանյան երթևեկությունից՝ գրելով.

«Տևական ժամանակ է՝ Երևանում երթևեկությունը կաթվածահար է։ Կանգառներում հարյուրավոր մարդիկ սպասում են հանրային տրանսպորտին, որը հաճախ այնքան գերբեռնված է լինում, որ անգամ ոտք դնելու տեղ չի մնում։ Նույն իրավիճակն է նաև Երևանի մետրոպոլիտենում։ Եվ այսպես՝ ամեն օր, ամեն ժամ։

Երևանցիների համար քաղաքում տեղաշարժվելը դարձել է ամենօրյա փորձություն։ Մարդիկ ստիպված են ժամեր կորցնել խցանումներում՝ ուշանալով աշխատանքից, ուսումից և իրենց առօրյա գործերից։

Կանգառներում ու հանրային տրանսպորտում չես տեսնի այս իշխանության որևէ ներկայացուցչի։ Հետաքրքիր է՝ փորձե՞լ է արդյոք Տիգրան Ավինյանն օգտվել իր «բարեփոխած» հանրային տրանսպորտից։

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության աշխատակիցները ևս պարտավոր են անձամբ օգտվել հանրային տրանսպորտից՝ տեղում արձանագրելով այն խնդիրները, որոնք հետևանքն են ոլորտի վատ կառավարման։ Մինչդեռ, վերջիններս երթևեկում են կամ սեփական ավտոմեքենաներով, կամ քաղաքապետարանի տրամադրած հատուկ ավտոբուսով։

Հանրային տրանսպորտի սակագնի թանկացումը որևէ կերպ չի լուծել առկա խնդիրները։ Ավելին՝ գերբեռնվածության հետևանքով քաղաքացիները հաճախ չեն կարողանում տեղավորվել ավտոբուսներում, իսկ երբեմն էլ՝ ստանում են մարմնական վնասվածքներ։ Սա անարժանապատիվ և նվաստացուցիչ իրավիճակ է։

Երևանցիների հանդեպ սերը պետք է դրսևորվի ոչ թե տոնակատարություններով, այլ այս խնդիրների լուծման ուղղությամբ իրական ջանքեր գործադրելով։

Եվ այս ամենի ֆոնին՝ հունվարի 1-ից Երևանի քաղաքապետի և քաղաքապետարանի պաշտոնյաների աշխատավարձերը զգալիորեն կբարձրանան։

Ավինյանի ամսական աշխատավարձը ներկայիս 1 միլիոն 320 հազար դրամից կհասնի 2 միլիոն 80 հազարի։

Քաղաքապետի առաջին տեղակալի աշխատավարձը կբարձրանա շուրջ 894 հազար դրամով, իսկ մյուս տեղակալներինը՝ շուրջ 878 հազարով:

Երևանն իսկապես հայտնվել է ճգնաժամի մեջ, որը հաղթահարելու համար իշխանափոխությունը խիստ հրամայական է»։