կարևոր
862 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-14 15:39
Քաղաքական

Խցանումները չպետք է լուծվեն քաղաքացիների իրավունքների սահմանափակման հաշվին․ Վարդան Գալստյան

Խցանումները չպետք է լուծվեն քաղաքացիների իրավունքների սահմանափակման հաշվին․ Վարդան Գալստյան

Երևանը միայն երևանցիների՞ն է պատկանում, պարոն Գրիգորյան։

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն առաջարկում է, որ մարզերից մայրաքաղաք եկող քաղաքացիներն իրենց մեքենաները թողնեն Երևանի մուտքերի մոտ և ճանապարհը շարունակեն ավտոբուսներով։ Ահա այսպիսի «լուծում» են առաջարկում Երևանի քաղաքային իշխանությունները՝ մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրները հաղթահարելու համար։

Մի պահ պատկերացնենք՝ մարդը մարզից Երևան է գալիս աշխատանքի, բժշկի, համալսարան, պետական հիմնարկ կամ պարզապես իր առօրյա հարցերը լուծելու նպատակով։ Նա պետք է մեքենան թողնի քաղաքի մուտքի մոտ, սպասի ավտոբուսին, այնուհետև Երևանում ևս մեկ կամ մի քանի տրանսպորտ փոխի՞։ Իսկ եթե նրա վերջնակետը հանրային տրանսպորտով հասանելի չէ՞։ Եթե շտապում է՞։ Եթե մեքենայով տեղափոխում է տարեց մարդու, երեխայի՞։ Իսկ եթե խոսքը ոչ թե սովորական ուղևորության, այլ մարդու կյանքի ու առողջության մասին է՞։

Այս վերջին հարցը հատկապես կարևոր է։

Մարզերում բուժօգնության հասանելիության խնդիրները նորություն չեն։ Շատ հաճախ մարզային բուժհաստատությունները չունեն անհրաժեշտ հնարավորություններ՝ անհետաձգելի և բարդ վիրահատություններ իրականացնելու համար։ Միաժամանակ, ինչպես անձամբ եմ բախվել այդ խնդրին, մարզային շտապօգնության բրիգադները հաճախ հրաժարվում են հիվանդներին Երևան տեղափոխել։ Արդյունքում ընտանիքները, ժամանակ կորցնելու փոխարեն, ստիպված են լինում սեփական մեքենայով հիվանդին հասցնել մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկը։

Հիմա պատկերացրեք՝ նման իրավիճակում հայտնված մարդուն ասեն, որ նա պետք է հիվանդին տեղափոխելու ճանապարհին մեքենան թողնի Երևանի մուտքի մոտ և շարունակի ավտոբուսով։

Ո՞վ է պատասխան տալու այն ժամանակի համար, որը կկորցվի այսպիսի անհեթեթությունների հետևանքով։

Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է, ոչ թե որևէ առանձին խմբի սեփականությունը։ Մարզերի բնակիչներն էլ այս երկրի քաղաքացիներն են, հարկատուները և մայրաքաղաքի բնականոն կյանքին մասնակից մարդիկ։ Նրանց տեղաշարժը դիտարկել որպես խնդիր, իսկ իրենց վրա դրվող լրացուցիչ ժամանակային ու ֆինանսական բեռը՝ որպես ընդունելի լուծում, առնվազն անհարգալից մոտեցում է։

Եվ սա առաջին դեպքը չէ, երբ քաղաքային իշխանությունները սահմանափակումներով են փորձում լուծել այնպիսի խնդիրներ, որոնց համար համակարգային լուծումներ են անհրաժեշտ։

Բեռնատարների՝ Երևանի կենտրոն մուտք գործելու համար տուգանքներ են սահմանվում, սակայն կենտրոն մտնող բեռնատարների հոսքը դրանից չի վերացել։ Քաղաքացիներն ու տնտեսվարողները շարունակում են տեսնել նույն պատկերը։ Ուրեմն ո՞րն է այդ տուգանքների արդյունավետությունը, եթե խնդիրը շարունակում է գոյություն ունենալ։

Տուգանելը հեշտ է։ Սահմանափակելը՝ նույնպես։ Բայց քաղաքը կառավարելը միայն արգելքներ սահմանելու և քաղաքացիներին նոր անհարմարություններ պարտադրելու մեջ չէ։ Եթե կիրառվող միջոցը չի տալիս ակնկալվող արդյունքը, պետք է վերանայել մոտեցումը, այլ ոչ թե անընդհատ նոր սահմանափակումներ հորինել։

Իսկ ինչո՞ւ, օրինակ, քաղաքային իշխանությունները նույնպիսի վճռականությամբ չեն լուծում մայրաքաղաքի ամենօրյա խնդիրները։

Ինչո՞ւ աղբահանության աշխատանքները չեն կազմակերպվում առավելագույնս գիշերային ժամերին, որպեսզի ցերեկային ժամերին աղբատար մեքենաները չավելացնեն առանց այն էլ ծանրաբեռնված երթևեկությունը։

Ինչո՞ւ ասֆալտապատման և ճանապարհաշինական աշխատանքները, հնարավորության սահմաններում, չեն իրականացվում գիշերը՝ նախապես պատշաճ կազմակերպելով անվտանգությունն ու աշխատանքների որակը, որպեսզի ցերեկային խցանումներն ավելի չխորանան։

Ինչո՞ւ չեն ներդրվում ժամանակակից, երթևեկության իրական ծանրաբեռնվածությանը հարմարվող խելացի լուսացույցների համակարգեր, որոնք կկարգավորեն լուսացույցների աշխատանքի տևողությունը՝ ըստ տրանսպորտային հոսքերի, այլ ոչ թե վարորդներին կստիպեն րոպեներով սպասել դատարկվող կամ արդեն ծանրաբեռնված խաչմերուկներում։

Սրանք այն լուծումներն են, որոնցից պետք է սկսել։ Դրանք պահանջում են մասնագիտական մոտեցում, հաշվարկներ, ներդրումներ և կառավարման կարողություն, այլ ոչ թե հերթական սահմանափակումը հայտարարելու պատրաստակամություն։

Եթե ցանկանում եք, որ մարդիկ հրաժարվեն անձնական մեքենաներից, նախ ստեղծեք այնպիսի հանրային տրանսպորտ, որից օգտվելն իսկապես հարմար, արագ, անվտանգ, հասանելի և կանխատեսելի կլինի։ Ապահովեք կանոնավոր երթուղիներ, հարմար փոխադրումներ դեպի քաղաքի տարբեր հատվածներ, բավարար տարողունակությամբ ավտոկայանատեղիներ։ Միայն դրանից հետո քաղաքացիներին առաջարկեք փոխել իրենց վարքագիծը։

Քաղաքի կառավարումը հրահանգներ տալը չէ։ Այն մարդկանց իրական կարիքները հասկանալն ու խնդիրների համակարգային լուծումներ գտնելն է։

Խցանումները պետք է լուծել, բայց ոչ քաղաքացիներին միմյանցից տարանջատելու, նրանց տեղաշարժը սահմանափակելու և կառավարման խնդիրների պատասխանատվությունը նրանց ուսերին դնելու հաշվին։

Հ.Գ. Սպասենք, թե ե՞րբ Երևան մուտք գործելու համար առանձին վիզա կներդրվի և կտեղադրվեն հսկիչ-անցագրային կետեր։


Վարդան Գալստյան
ՀՅԴ ՆԱՈՒՄ վարչության անդամ, 
Քաղաքական և ընտրական միջազգային փորձաքննությունների ասոցիացիաի անդամ