կարևոր
3727 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-14 23:30
Աշխարհ

Իշխան Սաղաթելյանը Կիպրոսում հանդիպել է Կիպրոսի «Սոցիալ-դեմոկրատական շարժում» և Դեմոկրատական կուսակցությունների ղեկավարների հետ

Իշխան Սաղաթելյանը Կիպրոսում հանդիպել է  Կիպրոսի «Սոցիալ-դեմոկրատական շարժում» և  Դեմոկրատական կուսակցությունների ղեկավարների հետ

Աշխատանքային այցով Կիպրոսում գտնվող ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանն այսօր հանդիպել է Կիպրոսի «Սոցիալ-դեմոկրատական շարժում» և Կիպրոսի Դեմոկրատական կուսակցությունների ղեկավարների հետ։

Կիպրոսի «Սոցիալ-դեմոկրատական շարժում» կուսակցության նախագահ Մարինոս Սիզոպուլոսի հետ հանդիպման ընթացքում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը նախ շնորհակալություն է հայտնել Սիզոպուլոսին՝ երկար տարիների հայամետ գործունեության համար, ապա ներկայացրել Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները, Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության դրսևորումները ու դրանցից բխող վտանգները թե՛ հայկական և թե՛ բարեկամ երկրների համար։ Զրուցակիցները պայմանավորվել են մեկտեղել ջանքերը Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին ու պահվող այլ անձանց օր առաջ ազատ արձակման, ինչպես նաև ուժի կիրառման և դրա սպառնալիքի միջոցով խնդիրներ լուծելու իր քաղաքականությունից հրաժարվելու ուղղություններով։

Կիպրոսի Դեմոկրատական կուսակցության նախագահ Մարիոս Կարոյանի հետ հանդիպման ընթացքում ևս անդրադարձ է կատարվել թուրք-ադրբեջանական ագրեսիայի և դրան դիմակայելու հնարավորություններին։ Այս լույսի ներքո Իշխան Սաղաթելյանը հատկապես կարևորել է համազգային ջանքերի ամբողջական միավորումն ու համատեղ ուժերով Հայաստանի ու Արցախի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարումը։

Կիպրոսի բարձրաստիճան պաշտոնյանների և քաղաքական դերակատարների հետ հանդիպումները շարունակվում են: