կարևոր
598 դիտում, 55 րոպե առաջ - 2026-10-13 19:55
Հասարակություն Քաղաքական

ԿԳՄՍ նախարարությանը չի հետաքրքրում՝ ինչու են դպրոցներում ուսուցիչ չհամարվող մանկավարժական աշխատողներից ոմանք ստանում 45,000 դրամ. փորձագետ

ԿԳՄՍ նախարարությանը չի հետաքրքրում՝ ինչու են դպրոցներում ուսուցիչ չհամարվող մանկավարժական աշխատողներից ոմանք ստանում 45,000 դրամ. փորձագետ

Ինչպես մի քանի օր առաջ տեղեկացրել էի, օրենսդրական փոփոխության առաջարկ էի ներկայացրել ՀՀ կառավարություն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Ֆինանսների նախարարություն, ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։

​Օրենսդրական փոփոխությունը վերաբերում է ՀՀ կառավարության 26 հունիսի 2025 թվականի N 850-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելուն։

Մասնավորապես, առաջարկել էի իրականացնել ուսուցիչ չհամարվող մանկավարժական աշխատողների աշխատավարձերի բարձրացում։

Աշխատանքի և բարեկեցության նախարարին, փաստորեն, հարցը չհետաքրքրեց։ 24 ժամ նախարարությունում քննարկման իմիտացիա ստեղծեցին և այն վերահասցեագրեցին ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարին։

​Տեսնելով, որ խնդիրը իրենց չի հետաքրքրում՝ զանգեցի Աշխատանքի և բարեկեցության նախարարություն և պարզաբանում խնդրեցի իմ գրության համար պատասխանատու աշխատակցից։ Վերջինս ասաց, որ իրենք այստեղ որևէ գործառույթ չունեն։ Սակայն իրականում, իրավական առումով, Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն այստեղ շատ մեծ անելիքներ ունի։

​Ստացվում է՝ նախարարությանը չի հետաքրքրում, թե ինչու են մարդիկ ստանում 45,000 դրամ աշխատավարձ։ Այսինքն՝ Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը չկատարեց իր ֆունկցիոնալ պարտականությունները և իմ օրենսդրական փոփոխության առաջարկի վերաբերյալ գրավոր կարծիք չտրամադրեց։

Ֆինանսների նախարարությունը դեռ չի պատասխանել․ այսինքն՝ դեռ չունեմ պաշտոնական պատասխան իրենց դիրքորոշման վերաբերյալ։ Սակայն այն աշխատակիցը, ով այս պահին պատասխանատու է իմ նախագծի ուսումնասիրման համար, հեռախոսազանգով տեղեկացրեց, որ իրենք դեմ չեն, ուղղակի կսպասեն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության եզրակացությանը։ Այլ կերպ ասած՝ նրանք նշում են, առ այն որ ԿԳՄՍ նախարարությունն է ոլորտի քաղաքականություն մշակող գերատեսչությունը, թող իրենք առաջարկեն, իսկ իրենք կդիտարկեն։

Իսկ նույն նախագիծը ԿԳՄՍ նախարարությունում սկզբում հասցեագրվել է ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետին, այնուհետև՝ հանրակրթության գծով նախարարի տեղակալին, հետո՝ ԿԳՄՍ նախարարին, իսկ այս պահին հասցեագրված է ԿԳՄՍ նախարարության ֆինանսաբյուջետային վարչության պետին։

​Իմ բոլոր զանգերը ԿԳՄՍ նախարարության ֆինանսաբյուջետային վարչության պետի հետ կապվելու համար ապարդյուն անցան․ չեմ կարողացել կապվել, կամ չի պատասխանել իմ զանգերին։ Մի քանի ժամ առաջ մի կերպ կապվել եմ ԿԳՄՍ նախարարության ֆինանսաբյուջետային վարչության պետի տեղակալի հետ։ Վերջինս ինձ ասաց, որ փող չկա, և իմ նախագիծը մերժվելու է։ Ու ես այնպիսի տպավորություն ստացա, որ ԿԳՄՍ նախարարությանը չի հետաքրքրում, թե ինչու են դպրոցներում ուսուցիչ չհամարվող մանկավարժական աշխատողներից ոմանք ստանում ամսական 45,000 դրամ աշխատավարձ։ 

Ամփոփելով վերոգրյալը՝ թեև ես չեմ ստացել վերջնական պատասխան ԿԳՄՍ նախարարությունից և Ֆինանսների նախարարությունից, ես համոզված կարող եմ պնդել, որ իմ նախագիծը մերժվելու է։ Ո՛չ ԿԳՄՍ նախարարությանը, ո՛չ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, ո՛չ էլ շահագրգիռ մյուս գերատեսչություններին չի հետաքրքրում այս հարցը։

​Կառավարությունը այս կեցվածքը դրսևորում է նախարարների և պետական այլ բարձրաստիճան չինովնիկների աշխատավարձերի բարձրացման ֆոնին։ Գաղտնիք չեմ ասի, որ հայաստանյան իրականության պայմաններում նշված պաշտոնատար անձանց աշխատավարձերը հասնում են աստղաբաշխական չափերի։

Փորձագետ Վանո Կարապետյանը՝ Yerkir.am-ի համար