կարևոր
709 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-06 15:54
Հասարակություն

Կյանքը՝ վառ երազանք ու անավարտ մի երգ․ Արշակ Մելիքյանն այս օրը անմահացավ Վարնկաթաղի բարձունքում

Կյանքը՝ վառ երազանք ու անավարտ մի երգ․ Արշակ Մելիքյանն այս օրը անմահացավ Վարնկաթաղի բարձունքում

2020 թվականի հոկտեմբերի 2-ին Արցախի հյուսիսային պաշտպանական դիրքեր մեկնեցին ՀՅԴ «Կամավորական շարժում» հասարակական կազմակերպության 2-րդ վաշտի 22 կամավորները։ Նրանց հետ նույն ուղղությամբ մարտական հերթապահության էր մեկնել նաև 1-ին վաշտի երկու կամավոր։ Վերջիններս Արցախի հյուսիսային դիրքեր էին հասել դեռևս սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի առաջին իսկ օրերին։

Նրանք մեկնել էին այնտեղ՝ գիտակցելով, որ պատերազմը լինելու է ծանր և անհավասար։ Սեպտեմբերի 27-ին սկսված թուրք-ադրբեջանական լայնածավալ պատերազմն օրեցօր ընդլայնվում էր, իսկ Արցախի տարբեր հատվածներում հայկական ստորաբաժանումները ստիպված էին դիմագրավել հակառակորդի՝ կենդանի ուժի, հրետանու, զրահատեխնիկայի և ժամանակակից սպառազինության կիրառմամբ իրականացվող հարձակումներին։

Հոկտեմբերի առաջին օրերին Արցախի հյուսիսային հատվածում ևս իրավիճակը գնալով ավելի էր սրվում։ Այդ ուղղության պաշտպանական համակարգում առանձնահատուկ նշանակություն ուներ Վարնկաթաղին՝ Լուլասազին, հարակից ռազմավարական բարձունքը։

Գյուղը մինչև 2002 թվականը կոչվել է Հակոբ Կամարի։ Բարձունքի աշխարհագրական դիրքը այն դարձնում էր կարևոր ռազմական նշանակության կետ․ դրա վերահսկողությունը հնարավորություն էր տալիս վերահսկելու շրջակա տարածքը և առավել նպաստավոր դիրքեր ստեղծելու հետագա գործողությունների համար։ Հենց այդ պատճառով Վարնկաթաղի հարակից բարձունքը հակառակորդի համար դարձավ առաջնահերթ թիրախներից մեկը։Բարձունքի պաշտպանությունը պարզապես դիրքի պահպանում չէր։ Այն դարձել էր ռազմավարական նշանակության խնդիր, և այնտեղ կանգնած կամավորների ու զինծառայողների համար յուրաքանչյուր մետրն ու յուրաքանչյուր դիրք ունեին կենսական նշանակություն։

ՀՅԴ «Կամավորական շարժում» հասարակական կազմակերպության կամավորները ևս այդ մարտական դիմադրության մասն էին։ Նրանցից շատերը պատերազմական գործողությունների փորձ ունեին, իսկ մյուսները պատերազմի առաջին իսկ օրերին էին կանգնել առաջնագծում։ Նրանց միավորում էր նույն գիտակցումը՝ պաշտպանել հայրենիքի սահմանը և թույլ չտալ հակառակորդի առաջխաղացումը։

Հոկտեմբերի 6-ի առավոտը ՀՅԴ կամավորներից շատերի համար դարձավ վերջինը։

Հոկտեմբերի 2-ին հյուսիսային պաշտպանական դիրքեր մեկնած 2-րդ վաշտի 22 կամավորների և սեպտեմբերի 27-ից նույն ուղղությունում գտնվող 1-ին վաշտի երկու կամավորների առջև կանգնած էր ծանրագույն փորձությունը։ Վարնկաթաղի պաշտպանության մարտերը վերածվեցին երկարատև և կատաղի դիմադրության։

ՀՅԴ կամավորները և զինծառայողները կանգնած էին մի ընտրության առաջ՝ կամ պահել դիրքը, կամ թույլ տալ, որ հակառակորդն առաջանա։ Նրանք ընտրեցին առաջինը։ Եվ այդ ընտրության գինը եղավ ամենաբարձրը՝ Նահատակությունը։

Մհեր Հարությունյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտի հրամանատար)
Դանիել Թովմասյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Արշակ Մելիքյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Նարեկ Սահակյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Քրիստափոր Արթինը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Գևորգ Հաճյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Աբրահամ Բարնջյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Վիգեն Մուրադյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Տավրոս Աբրահամյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Մանուկ Մարգարյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Հովհաննես Պետրոսյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Երվանդ Թադևոսյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Մանուկ Թորոսյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Գոռ Սարգսյան (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Արման Խաչատրյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Կարեն Բադալյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Ալբերտ Խառատյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Արայիկ Մկրտչյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Սուրեն Հովսեփյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Ալիկ Մկրտչյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Սուրեն Վանցյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Արկադի Իսրայելյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Տիգրան Ասատրյանը (ՀՅԴ կամավորական 1-ին վաշտ)
Արկադի Միսկարյանը (ՀՅԴ կամավորական 1-ին վաշտ):


Նահատակված հայորդիների թվում Արշակ Մելիքյանը Պռոշյան գյուղից էր: ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտի կազմում ընդգրկվելով՝ նա պատերազմի առաջին իսկ օրերին ընկերների հետ մեկնել էր առաջնագիծ։ Yerkir.am-ի նկարահանող խումբը տարեմուտին հյուրընկալվել էր Արշակ Մելիքյանի ընտանիքում, զրուցել երեխաների, մոր, կնոջ և եղբոր հետ։ Պատրաստված տեսանյութը խորհրդանշական օրվա առիթով կրկին տեղադրում ենք ստորև։

Հերմնե Զեյնալյան