|
Փոխարժեքներ
05 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը, որը պաշտոնական այցով գտնվում է, Թեհրանում, էներգետիկայի, տրանսպորտային և այլ ենթակառուցվածքների զարգացման ոլորտներին առնչվող հարցեր է քննարկել Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՄԱ նախարարությունը։
Նշվում է, որ զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների զարգացման բոլոր հարցերը: Երկուստեք ընդգծվել է հարաբերությունների ռազմավարական բնույթը, ինչն արտացոլված է ՀՀ Կառավարության 2026-2031թթ. ծրագրում և իր գործնական արտահայտումն է գտնում թե՛ բարձրագույն մակարդակում երկխոսության դինամիկայի, թե՛ կարևոր ծրագրերի իրագործման մեջ:
«Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան սահմանին երկրորդ կամրջի կառուցման, էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության շուտափույթ ավարտման կարևորությանը, ինչպես նաև երկու երկրների միջև առկա բեռնափոխադրումների դյուրացման հարցերին»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հայաստանի և Իրանի նախարարները մտքեր են փոխանակել նաև ապաշրջափակման արդյունքում ստեղծվող առավելությունների և տարածաշրջանային փոխկապակցվածության ծրագրերի շուրջ: Ընդգծվել է Իրանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին: Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները և դրա միջոցով տարածաշրջանային երկրներին ընձեռնվող նոր հնարավորությունները:
Նախարարները խոսել են նաև տարածաշրջանային զարգացումների մասին։ Այս համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանն ուշադրությամբ հետևում է ընթացիկ իրավիճակին՝ կարևորելով բանակցային ճանապարհով առկա խնդիրների կարգավորմանն ուղղված ջանքերը:
Նախարարները մտքեր են փոխանակել նաև հանրային տեղեկատվության ոլորտում շարունակական փոխգործակցության կարևորությանը, այդ թվում՝ մեդիատիրույթում անհարկի շահարկումներին պատշաճ հակազդեցության առումով:
Մինչ քննարկումների պաշտոնական հատվածին անցնելը նախարար Միրզոյանը Իրանի գործընկերոջը ցավակցություն է հայտնել նրա քրոջ մահվան կապակցությամբ։