կարևոր
781 դիտում, 55 րոպե առաջ - 2026-09-30 15:15
Տարածաշրջան

Հայտնի է դարձել, որ Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու գործով ձերբակալվածը ՀՀ քաղաքացի է

Հայտնի է դարձել, որ Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու գործով ձերբակալվածը ՀՀ քաղաքացի է

Նոր տեղեկություններ են հայտնի դարձել Թբիլիսիում Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու գործով։

Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ի առավոտյան՝ Թբիլիսիի Աբանոտուբանի թաղամասում գտնվող Հեյդար Ալիևի անվան պուրակում։ Կիսանդրու վնասումից հետո իրավապահները ձերբակալել էին կասկածյալին, սակայն սկզբնական շրջանում նրա ինքնությունն ու քաղաքացիությունը հրապարակայնորեն չէին նշվում։

Այժմ հայտնի է դարձել, որ ձերբակալվածը Հայաստանի քաղաքացի է։ Այս տեղեկությունը վրացական «Ազատություն» ռադիոկայանին հաստատել է նրա հանրային պաշտպան Թեոնա Փերաձեն։ Նրա խոսքով՝ տղամարդը 40-ն անց է, Վրաստանի հետ սերտ կապեր չի ունեցել և երկիր էր ժամանել որպես զբոսաշրջիկ։ Նա այս պահին օգտվում է լռություն պահպանելու իրավունքից։

Վրաստանի ՆԳՆ-ն հաստատել է, որ կիսանդրին վնասելու գործով օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել։ Հետաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի առաջին մասով՝ ուրիշի գույքը վնասելու կամ ոչնչացնելու փաստով, որը զգալի վնաս է առաջացրել։

Փաստաբանի տեղեկությամբ՝ դատարանը ձերբակալվածի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք է կիրառել։ Նախնական դատական նիստը նշանակված է նոյեմբերի 12-ին։

Ինչպես Vector News-ին հայտնել են Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից, դիվանագիտական ներկայացուցչությունը հետևում է ձերբակալված Հայաստանի քաղաքացու շուրջ իրավիճակի զարգացմանը և տեղեկացված է գործի ընթացքի մասին։

Կիսանդրին ներկայում ծածկված է։ Առկա տեղեկությունների համաձայն՝ վնասվել է դեմքի մի հատված։ Թե ինչով է վնասվել հուշարձանը, ինչ ապացույցներ ունի քննությունը և որն է հնարավոր շարժառիթը, այս պահին հայտնի չէ։ ՆԳՆ-ն և դատախազությունը լրացուցիչ մանրամասներ չեն հրապարակում։

Ավելի վաղ Վրաստանում Ադրբեջանի դեսպան Ֆաիգ Գուլիևը հայտնել էր, որ ենթադրյալ կատարողը ձերբակալված է, իսկ ՆԳՆ-ն, Պետական անվտանգության ծառայությունը և համապատասխան այլ կառույցներ շարունակում են քննչական և դատավարական գործողությունները։

Սա առաջին նման դեպքը չէ 2017 թվականի հունիսին Թբիլիսիում Մտկվարիի աջ ափին գտնվող Հեյդար Ալիևի հուշահամալիրը կարմիր ներկով էին պատել։ Հաջորդ օրը քաղաքային ծառայությունները մաքրել էին այն։ Դեպքի շարժառիթը պաշտոնապես չէր հաստատվել։

Նաև հաղորդվում է, որ մի քանի տարի առաջ նման միջադեպ տեղի էր ունեցել հենց Հեյդար Ալիևի կիսանդրու հետ։ Տարածված տեղեկությունների համաձայն՝ այն ժամանակ վնասումն զգալիորեն ավելի լուրջ էր, սակայն կիսանդրին արագ վերականգնվել էր, իսկ դեպքը լայն հրապարակայնություն չէր ստացել լրատվամիջոցներում։

Աղբյուրը՝ vectornews.ge