կարևոր
640 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-17 15:54
Աշխարհ

Վրաստանը դադարեցրել է ավիահաղորդակցությունն Իրանի հետ

Վրաստանը դադարեցրել է ավիահաղորդակցությունն Իրանի հետ

Վրաստանը միանում է Իրանի դեմ միջազգային պատժամիջոցներին և դադարեցնում է ավիահաղորդակցությունն այդ երկրի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն, փոխանցում է interfax.ru-ն։

«Վրաստանը միշտ հաշվի է առնում այս կամ այն երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ռեժիմները։ Մենք նաև համապատասխան որոշում ենք ընդունել Իրանի նկատմամբ, և էկոնոմիկայի նախարարությունը այդ առնչությամբ հայտարարություն է տարածել», — ասել է Կոբախիձեն։

Նա ընդգծել է, որ Վրաստանը Իրանի նկատմամբ երկկողմ պատժամիջոցներ չի սահմանում, «քանի որ դա սխալ և անհեթեթ կլիներ»։

«Մենք գործում ենք սահմանված միջազգային պատժամիջոցների ռեժիմին համապատասխան», - ասել է Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ նման մոտեցում է ցուցաբերվել նաև Ռուսաստանի նկատմամբ, երբ Վրաստանը երկկողմ պատժամիջոցներ չի սահմանել։

«Սա մեր ընդհանուր քաղաքականությունն է․ մենք հարևան երկրների նկատմամբ երկկողմ պատժամիջոցներ չենք սահմանում, սակայն հաշվի ենք առնում միջազգային պատժամիջոցների ռեժիմները», - ասել է Կոբախիձեն։