կարևոր
601 դիտում, 52 րոպե առաջ - 2026-09-13 14:53
Հասարակություն

Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո․ ԻՀԱԿ

Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո․ ԻՀԱԿ

Սեպտեմբերի 13-ը Սեպսիսի համաշխարհային օրն է:
Սեպսիսը կյանքին սպառնացող վիճակ է, որն առաջանում է, երբ վարակի նկատմամբ օրգանիզմի անկառավարելի արձագանքը սկսում է վնասել սեփական հյուսվածքներն ու օրգանները։ Առանց վաղ ախտորոշման և ժամանակին բուժման այն կարող է հանգեցնել սեպտիկ շոկի, բազմաօրգանային անբավարարության, հաշմանդամության և մահվան։

Սեպսիս կարող են առաջացնել բակտերիալ, վիրուսային, սնկային և մակաբուծային վարակները։ Այն կարող է զարգանալ ցանկացած մարդու մոտ, սակայն առավել խոցելի են նորածիններն ու փոքր երեխաները, հղիները, տարեցները, քրոնիկ հիվանդություններ կամ իմունային համակարգի թուլացում ունեցող անձինք։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 2017 թվականի համաշխարհային գնահատականները վկայում են սեպսիսի շուրջ 48.9 միլիոն դեպքի և դրա հետ կապված 11 միլիոն մահվան մասին։ Սա կազմում է աշխարհում բոլոր մահերի գրեթե 20%-ը։ Դեպքերի մոտ կեսը՝ շուրջ 20 միլիոնը, արձանագրվել է մինչև 5 տարեկան երեխաների շրջանում։

Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո։ Այն վերապրած մարդիկ հաճախ բախվում են երկարատև ֆիզիկական, հոգեբանական և ճանաչողական խնդիրների ու վերականգնողական խնամքի անհրաժեշտության։

Սեպսիսի համաշխարհային օրը Սեպսիսի համաշխարհային դաշինքի նախաձեռնությամբ առաջին անգամ նշվել է 2012 թվականին։ Իսկ 2017 թվականին Առողջապահության համաշխարհային վեհաժողովն ընդունել է սեպսիսի կանխարգելման, ախտորոշման և կլինիկական վարման բարելավման վերաբերյալ WHA70.7 բանաձևը՝ սեպսիսը ճանաչելով որպես համաշխարհային առողջապահական առաջնահերթություն։

2024 թվականին մեկնարկել է «Սեպսիսի դեմ պայքարի համաշխարհային օրակարգ 2030»-ը, որի նպատակն է կանխարգելման, վաղ հայտնաբերման, որակյալ բուժօգնության և առողջապահական համակարգերի ամրապնդման միջոցով նվազեցնել սեպսիսի համաշխարհային բեռը։
2026 թվականի կարգախոսն է՝․ «Ներդրո՛ւմ կատարեք սեպսիսի դեմ պայքարում՝ փրկե՛ք կյանքեր»։

Այս ուղերձը հիշեցնում է, որ իրազեկվածությունն ինքնին բավարար չէ։ Անհրաժեշտ են շարունակական ներդրումներ վարակների կանխարգելման, պատվաստումների, վաղ ախտորոշման, բուժաշխատողների վերապատրաստման, ժամանակին ու որակյալ բուժօգնության, հետազոտությունների և վերականգնողական ծառայությունների զարգացման ուղղությամբ։
Վարակի ֆոնին վիճակի կտրուկ վատացումը, շնչառության արագացումը կամ դժվարացումը, գիտակցության շփոթվածությունը, արտահայտված թուլությունը, ուժեղ ցավը կամ մեզի քանակի նվազումը կարող են լինել սեպսիսի նախազգուշացնող նշաններ։ Նման դեպքերում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկական օգնության։

Սեպսիսը չի սպասում։ Դրա կանխարգելման, վաղ ճանաչման և ժամանակին բուժման համար կատարված յուրաքանչյուր ներդրում կարող է վերածվել փրկված կյանքի։