|
Փոխարժեքներ
12 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ ԱՄՆ-ն «աշխարհում ահաբեկչության գլխավոր հովանավորն է» և «բարոյական իրավունք չունի ինքնուրույն որոշելու, թե որ գործողությունները պետք է համարվեն ահաբեկչություն»։ Այսպես նա արձագանքել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների տարելիցի օրը Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի արած հայտարարությանը։
X սոցիալական ցանցում արված հրապարակման մեջ Բաղային ԱՄՆ-ի դիրքորոշումն անվանել է հակասական։ Նրա խոսքով՝ երկիրը չի կարող միաժամանակ վարել ագրեսիվ պատերազմներ, իրականացնել սպանություններ ու հարվածներ հասցնել խաղաղ բնակչությանը, իսկ հետո հավակնել բացառիկ իրավունքի՝ որոշելու, թե ինչն է ահաբեկչություն և ում բռնությունը կարող է արդարացված համարվել։
Նա նաև հայտարարել է, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների անմիջական կատարողների թվում իրանցիներ չեն եղել։ Միևնույն ժամանակ նա ԱՄՆ-ին մեղադրել է նրանում, որ նախորդ տասնամյակներին Վաշինգտոնը «զինել, կազմակերպել կամ այլ կերպ աջակցել է ծայրահեղական խմբավորումների հետ կապված ուժերին»։
Իրանի արտգործնախարարության ներկայացուցչի խոսքով՝ ահաբեկչություններին հաջորդած «ահաբեկչության դեմ ամերիկյան պայքարը» հանգեցրել է Աֆղանստանի ու Իրաքի բազմամյա պատերազմներին և օկուպացիային, խաղաղ բնակիչների զոհվելուն ու մասշտաբային ավերածությունների։
Բաղային քննադատել է սեպտեմբերի 11-ի տարելիցը Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողություններն արդարացնելու նպատակով օգտագործելու փորձերը։ Նա անհեթեթ է անվանել նման փաստարկումը և հայտարարել, որ ինքնիշխան պետության ներկայացուցիչների սպանությունն ու քաղաքացիական բնակչությանը, այդ թվում՝ կանանց և երեխաներին հարվածելը չեն կարող արդարացվել ահաբեկչության դեմ պայքարի հռետորաբանությամբ։