կարևոր
598 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-04 10:02
Իրավական

Ազատամարտիկին դատում են իր ասած մեկ նախադասության համար. «Հրապարակ»

Ազատամարտիկին դատում են իր ասած մեկ նախադասության համար. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրանցում ծնված, Իջևան համայնքի Ազատամուտ գյուղում բնակվող Արայիկ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2026 թ. հունիսի 7-ին կայանալիք Ազգային Ժողովի հերթական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ 2026 թ. մայիսի 11-ին Տավուշի մարզի Դիլիջան բնակավայրի կենտրոնական հատվածում կազմակերպված հավաքին մասնակցելով՝ «քաղաքական կամ այլ հայացքներից ելնելով, հաստատապես տեղյակ լինելով իր խոսքերի հրապարակայնորեն ցուցադրվելու հանգամանքի մասին», Ռ.Քոչարյանի՝ «Պատը լա՞վ եք պահում» հարցին ի պատասխան, ինչ որ անձանց նկատմամբ «բռնություն գործադրելու հրապարակային կոչ է հնչեցրել», որը, ըստ մեղադրանքի, դրսևորվել է «Ես էդ պատի տակին մարդկանց գնդակահարելու եմ, ես ասել եմ, ասելու եմ, ոչ էլ վախենում եմ» արտահայտությամբ, որը տարածվել է զանգվածային լրատվության միջոց հանդիսացող համացանցում՝ «Ազատություն» լրատվական կայքում:

Արայիկ Ղազարյան ազատամարտիկ է, հրետանու սպա է եղել, նրա եղբայրը 1992թ․ զոհվել է Ոսկեպարում։ Ղազարյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով («Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ»)։

Նրա շահերը պաշտպանում է փաստաբան Ռաֆիկ Մելքոնյանը։ 2026 թ․ մայիսի 26-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ Ա.Ղազարյանի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոցների համակցություն՝ տնային կալանք՝ 1 ամիս ժամկետով և բացակայելու արգելք։ 2026թ․ հունիսի 23-ին Իջևան քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Վազգեն Սմբատյանը որոշել է Ա․ Ղազարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին հանրային մեղադրող Վահե Գրիգորյանի միջնորդությունը մերժել, կիրառված խափանման միջոց տնային կալանքը փոխել և նրան ազատ արձակել դատական նիստերի դահլիճում, պահպանելով բացակայելու արգելքը:

Այս քրեական գործով դատավարությունը գտնվում է հիմնական դատալսումների փուլում։ Դատական վերջին նիստը կայացել է հուլիսի 9-ին, հաջորդը նշանակված է սեպտեմբերի 17-ին։ Քրեական գործով մեղադրող Վ․ Գրիգորյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել, դատարանին խնդրելով ամբողջությամբ բեկանել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 23.06.2026թ. որոշումը, մեղադրյալ Ա․ Ղազարյանի նկատմամբ բացակայելու արգելքի կիրառումը ճանաչելով անթույլատրելի եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանք՝ 3 ամիս ժամկետով: Օգոստոսի 6-ին վերաքննիչ քրեական դատարանը Նարինե Հովակիմյանի նախագահությամբ որոշել է Տավուշի մարզի դատախազի տեղակալ Վ․ Գրիգորյանի բողոքը մերժել, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2026թ․ հունիսի 23-ի որոշումը թողնել անփոփոխ։

Մարդուն մի նախադասության համար դատում են եւ դատելով էլ չեն սահմանափակվում, ուզում են բանտային կալանքի մեջ պահել: Երեւի մեր վրիժառու ժամանակների ոգով են առաջնորդվում մեղադրողները: Մանավանդ մեղադրյալը Քոչարյանի համակիր է»: