|
Փոխարժեքներ
28 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.72 |
| EUR | ⚊ | € 417.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.7052 |
| GBP | ⚊ | £ 488.51 |
| GEL | ⚊ | ₾ 139.58 |
Երեկ առավոտից պայթած սկանդալը, երբ հրապարակվեց, որ Հայկ Կոնջորյանի եղբորը` Ավետ Կոնջորյանին իր տան շքամուտքի մոտ` տեսախցիկների առկայությամբ ծեծի են ենթարկել, իշխող թիմի համար տհաճ անակնկալ էր: Օգոստոսի 2-ի ԱԺ առաջին նիստից առաջ նման քրեական պատմությունը լուրջ հարված է ՔՊ վարկանիշին, ինչի մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դեռ ոչ պաշտոնապես ասացին ՔՊ վերնախավի` վարչության մի քանի անդամներ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անգամ ՔՊ-ում մտադիր են Ավետ Կոնջորյանի վարքը` իբրև ՔՊ-ական և ԱԺ փոխնախագահի թեկնածու Հայկ Կոնջորյանի եղբայր, քննարկել կուսակցությունում և որոշում կայացնել: Բանն այն է, որ թեեւ ծեծվողը Ավետ Կոնջորյանն է, բայց ամենևին նրան չեն համարում տուժող թիմում:
Իսկ մինչ այս, «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է փաստեր Կոնջորյանների ընտանիքի մասին, որոնք այս տարիներին չեն նկատվել իշխող ուժի, առավել ևս ՔՊ ղեկավար, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: Երբ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց Կոնջորյանների, նրանց շուկայականից էժան արժեքով գնած առանձնատների մասին, վարչապետը զայրացավ, թե մակուլատուրան տպել, բերել եք, ի՞նչ անեք, հանձնեք իրավապահներին: Հանձնվեցին, իհարկե, դրանք իրավապահներին, սակայն որևէ քայլ չարվեց, ավելին` կարճվեց գործը:
Այսպիսով, փաստեր.
«Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի իրավաբանը՝ Լավրենտ Հարությունյանը, պատմեց, որ «Միլոն Ռիելթի»-ի տնօրենի պաշտոնում նշանակվելուց մոտ երկու տարի անց, երբ եկել է բնակարանների վկայականները հանձնելու ժամանակը, պարզվել է, որ Կոնջորյանը գնորդների մի մասից ավել գումարներ է վերցրել, վաճառել է ավտոկայանատեղիներ, բայց այդ մասին տեղյակ չի պահել ընկերության սեփականատիրոջը։ Իրավաբանը դժվարացավ նշել, թե որքան վնաս է պատճառվել ընկերությանը, բայց ասաց, որ վստահաբար այդ գումարը գերազանցում է 100.000 ԱՄՆ դոլարը։
«Ավետ Կոնջորյանը զբաղվում էր բնակարանների վաճառքով։ Եղել են դեպքեր, որ եկել, խնդրել է զեղչեր անենք 1 քմ-ն 450.000 դրամի փոխարեն 430.000 դրամ հաշվենք, իսկ գնորդներից վերցրել է 440.000 դրամ։ Էդպես յուրաքանչյուր քմ-ի մեջ 10.000 դրամ է աշխատել։ Բացի դա, այն մարդկանցից, որոնք բնակարանները գնել էին տարաժամկետ վճարման պայմանով, վերցրել է կանխիկ գումարներ, որոնք մուտք չի արել ՍՊԸ-ի բանկային հաշվին»,- պատմում է Լավրենտ Հարությունյանը։
«Բայց հենց առաջին շենքի բնակարանների հանձնման ժամանակ բացահայտվեց։ Ու բացահայտողը Նաիրին էր։ Կարող եք ցանկացած աբովյանցու հարցնել, թե ինչպես էր ապրում Ավետը մինչև էստեղ աշխատելը ու էստեղ աշխատելուց հետո։ Իր համար ամեն ինչ արվել է»,- ասում է իրավաբանը։
Մեր տեղեկություններով՝ այս ամենը պարզելուց հետո Բաբկեն Հովակիմյանը հանդիպել է Հայկ Կոնջորյանի ու Ավետ Կոնջորյանի հետ։ Նա Հայկ Կոնջորյանին պատմել է եղբոր արարքների մասին, սակայն վերջինս չի ցանկացել լսել։ Նա Հովակիմյանին ասել է, որ որևէ կապ չի ցանկանում ունենալ այս պատմության հետ ու հեռացել է։
Աշխատանքից հեռացվելուց հետո լարվել են Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հարաբերությունները։ Նաիրիի հայրը՝ Սամվել Հակոբյանը, պատմում է, որ Ավետ Կոնջորյանը ամիսներ շարունակ գիշերվա ուշ ժամերին մեքենայով եկել է իրենց բակ, հայհոյել ու սադրել Նաիրիին։
«Մեր ու որդուս տները դեմ դիմաց են։ Ես լսում էի՝ ինչպես է Ավետը գալիս մեքենայով բակ, հայհոյում։ Մի քանի անգամ ես եմ դուրս եկել, որ որդուս թույլ չտամ կռիվ անի։ Էս վերջին անգամն էլ տղաս տանը չի եղել, չորս թոռներս են տանը եղել, եկել է էլի հայհոյել, սպառնացել»,- պատմում է Սամվել Հակոբյանը։ Հիմա Նաիրի Հակոբյանը ձերբակալված է, սակայն մեղադրանք առաջադրված չէ:
Ինչպես հայտնի է, «Միլոն մայնինգի» կառուցած շենքերից մեկում բնակարան են ձեռք բերել Հայկ Կոնջորյանի մայրը և քույրը։ «Դատալեքս» տեղեկատվական հարթակի տվյալների համաձայն, «Միլոն մայնինգը» պահանջում է լուծարել բնակարանի ձեռքբերման իրավունքի պայմանագիրը և վճարել տույժ՝ 926.000 դրամի չափով, քանի որ Արմինե և Օֆելյա Կոնջորյանները չեն կատարել պայմանգրով սահմանված վճարումները։ Այսինքն, բնակարան են գնել, բայց ամսեկան վճարումներ չեն արել:
Հունիսի 7-ի ընտրություններից առաջ ՔՊ-ի նախընտրական ամփոփիչ հավաքի օրը, Ժողովուրդ օրաթերթի լրագրողներին էր մոտեցել Ավետ Կոնջորյանը և խնդրել իր մասին հրապարակումներում չշեշտել եղբոր` Հայկ Կոնջորյանի անունը, քանի որ իրենք ունեն լարված հարաբերություններ ու կապ չունի, որ եղբայրներ են: Նա ամեն կերպ փորձում էր հրապարակային նյութերում տարանջատվել եղբորից` Հայկ Կոնջորյանից:
Այսպիսով, Հայկ Կոնջորյանի, նրա կնոջ, եղբոր` Ավետ Կոնջորյանի և նրանց մոր և քրոջն առնչվող սկանդալները հիշեցնում են մերժված հին ժամանակների բարքերը. Հովանավորչություն, խարդախություն` իշխանական բարձր հովանու ներքո: Ու այսքանից հետո Հայկ Կոնջորյանը պետք է օգոստոսի 2-ին ընտրվի ԱԺ փոխխոսնակ, քանի որ ՔՊ վարչությունը որոշում ունի: