կարևոր
940 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-07 22:53
Հասարակություն Քաղաքական

«Չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է». թուրք քաղաքագետի պատասխանը Հոխիկյանին

«Չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է». թուրք քաղաքագետի պատասխանը Հոխիկյանին

Հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը գրում է․

«Իրանի կառավարության հրավերի շրջանակում Թեհրանում քննարկումներ էին լինում տարբեր երկրներից ժամանած ներկայացուցիչների հետ։

Տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ քննարկման ժամանակ իրանական կողմն անդրադարձավ Հայաստանի կառավարության վարքագծին՝ նշելով, թե իրենց համար տարօրինակ է Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը՝ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ սիրախաղ, Թրիփ և այլն։

«Ի՞նչ վեկտորներ ունի ձեր Փաշինյանը»,- հարցը ինձ ուղղեց իրանցի փորձագետը։

«Մեր Փաշինյանը․․․»,- այսքանը հազիվ էի հասցրել արտասանել, երբ քննարկմանը մասնակից թուրք քաղաքագետներից մեկը տեղից արձագանքեց, թե․ «Yok, arkadas, o sizin Pasinyan degil, o bizim Pasinyan'dir!» (չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է)։

Եզակի դեպքերից էր, որ ստիպված էի համաձայնել թուրքերի հետ։ Ասացի, որ ես ընդհանրապես թուրքերին զիջելու հակում չունեմ, բայց սա այն դեպքերից է, որ մեծ ուրախությամբ կզիջեմ։ Դրան թուրք գործիչն արձագանքեց․

«11-րդ դարում այս տարածաշրջանում հայտնվելուց հետո թուրքերը արդեն 1000 տարի այստեղ են, բայց այդ 1000 տարվա մեջ կարող ենք 3 մեծ գործիչների անուն տալ, որոնք ճակատագրական փոփոխություն են բերել թուրքերի կյանքում։ Առաջինը Սելջուկն էր, որ Ալթայից թուրքերի նախնիներին բերեց այստեղ, երկրորդը Քեմալ Աթաթուրքն էր, որ ստեղծեց թուրքական հանրապետություն, ժողովրդին զարգացման ճանապարհի վրա դրեց, և երրորդը Նիկոլ Փաշինյանն է, որը գետնի վրա հիմք դրեց պանթուրքիզմի գաղափարախոսության իրագործմանը՝ հանձնելով Արցախը և փաստացի ցամաքային կապ ստեղծելով Թուրքիայի ու Ադրբեջանի միջև, շուտով միջանցքի կարգավիճակով կհանձնի նաև Սյունիքը, և մեծ Թուրքիայի համար կբացվեն դարպասները դեպի Ռուսաստանի հարավ, դեպի Չեչնիա, Դաղստան, դեպի Ղազախտան ու բնականաբար՝ Ալթայ։ Հայաստանն այդ ճանապարհին մեծ ոսկոր էր, և ավելի քան 100 տարի թուրքերը չէին կարողանում կուլ տալ այդ ոսկորը։ Փաշինյանը ջարդեց այդ ոսկորը։ Ահա թե ինչու է Նիկոլ Փաշինյանը թուրքերի՛ Փաշինյանը»։

Ծանր լռություն իջավ քննարկման մասնակիցների վրա, իսկ քիչ անց իրանցիներից մեկը բարձրաձայն ցավակցեց հայ ազգին»։