|
Փոխարժեքներ
12 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.42 |
| EUR | ⚊ | € 424.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.0964 |
| GBP | ⚊ | £ 492.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.76 |
Ընդդիմության՝ խորհրդարանի աշխատանքը բոյկոտելը կամ մանդատներից զանգվածային հրաժարումը չի հանգեցնում իշխանության թուլացման, հակառակը՝ ամրապնդում է իշխող ուժի ինստիտուցիոնալ դիրքերը։ Ընդդիմությունը սովորաբար դիմում է այդ քայլին, երբ համոզված է, որ ընտրական գործընթացը չի արտահայտել հանրային կամքը կամ երբ ցանկանում է ստեղծել լեգիտիմության ճգնաժամ։ Սակայն գործնականում նման մարտավարությունը հազվադեպ է հանգեցրել իշխանության հրաժարականին կամ նոր ընտրության նշանակմանը։ Մեկ բացառությամբ՝ տոտալ, համակարգված, կարգապահ, բազմաշերտ, թիրախային, շահերի ու ճնշման խմբերի, պետական բյուրոկրատիայի ու ժողովրդական լայն զանգվածների մասնակցությամբ իրականացվող բլից ապստամբության։
ԱԺ մանդատներից հրաժարված ուժերի տեղերը ինքնըստինքյան կամ օրենքի ուժով չեն փոխանցվում ընտրական շեմը չհաղթահարած մյուս կուսակցություններին։ Խորհրդարանում «3 քաղաքական ուժի ներկայացվածության» անհրաժեշտ և պարտադիր կանոնը կիրառվում է մանդատների նախնական բաշխման փուլում, ոչ թե ընտրություններից հետո առաջացած հրաժարումների դեպքում։ Քննարկենք երկու սցենար․
«Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» դաշինքն ու ԲՀԿ-ն, պայնմանականորեն անվանենք հավաքական ընդդիմությունը, ամբողջական ցուցակով հրաժարվում են պատգամավորական մանդատներից (խրթին հարց է, անհրաժեշտ է ներկուսակցական, ներդաշինքային երկաթե կարգապահություն և ուղղահայաց որոշումների ընդունման մեխանիզմ), և ԱԺ-ում մնում է միայն ՔՊ-ն իր ստացած 61 մանդատով։
Եթե «հավաքական ընդդիմությունը» վերցնում է մանդատները, ԱԺ սկսում է աշխատանքը, առաջին իսկ նիստից ընդդիմությունը հրաժարվում է բոլոր մանդատներից և խորհրդարանը մնում է առանց ընդդիմության։
Եթե ընդդիմադիր երեք ուժերը ոչ միայն ընտրված պատգամավորներով, այլև ամբողջ ցուցակներով հրաժարվում են մանդատներից, ապա առաջանում է լուրջ սահմանադրաիրավական խնդիր։ Ինչո՞ւ։ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովում պետք է ապահովվի ոչ միայն մեծամասնության, այլև ընդդիմության ինստիտուցիոնալ գոյությունը։ ՀՀ օրենսդրությունը սահմանում է, որ ԱԺ-ի ձևավորումը կապ չունի ընդդիմության պարտադիր և փաստացի ներկայության հետ․ Սահմանադրությունը չի նախատեսել նման հավաքական բոյկոտի վիճակ և դրանից դուրս գալու կոնկրետ լուծում։
Վատագույն տարբերակն այն է, երբ ընդդիմությունը վերցնում է մանդատները, ԱԺ-ն սկսում է աշխատանքը, հետո հրաժարվում է մանդատներից։ Ստացվում է, որ ԱԺ-ն արդեն ձևավորված է, առաջին նիստը գումարված է, պատգամավորները ստացել են մանդատներ, խորհրդարանը սկսել է իր լիազորությունների իրականացումը։ Հետո, եթե հրաժարվում են մանդատներից, ապա նախ նրանց փոխարինում են նույն ցուցակների հաջորդ թեկնածուները։ Եթե հրաժարվում են նաև բոլոր հաջորդ թեկնածուները, և ամբողջ ցուցակները սպառվում են, ապա մանդատները թափուր են մնում։ Արդյունքը փաստացի մնում է՝ ՔՊ-61 պատգամավոր, 44 թափուր մանդատ, ինչը նշանակում է, որ ԱԺ-ն ձևավորված է և իշխանությունը որևէ խնդիր չունի։
Ո՞րն է այս ամենի քաղաքական հետևանքը․
Եթե ՔՊ-ն ունենա 61 պատգամավոր և մնացած 44 մանդատները թափուր լինեն, ապա.
Միջազգային փորձն ու ընդդիմության հնարավոր քայլերը
Եթե նորընտիր խորհրդարանում ՔՊ-ն ունենա 61 պատգամավոր, իսկ ընդդիմադիր ուժերի բոլոր մանդատները փաստացի մնան թափուր, ապա իրավական առումով խորհրդարանը կարող է շարունակել գործել, սակայն քաղաքական առումով կձևավորվի ներկայացուցչականության և լեգիտիմության լուրջ ճգնաժամ։ Նման իրավիճակները տարբեր երկրներում հազվադեպ են, սակայն միջազգային փորձը ցույց է տալիս, որ ընդդիմության զանգվածային բոյկոտները սովորաբար ավելի շատ քաղաքական ճնշման գործիք են եղել, քան իշխանափոխության կամ համակարգային փոփոխության արդյունավետ մեխանիզմ։
Օրինակ՝ Բանգլադեշի գլխավոր ընդդիմադիր ուժը՝ Bangladesh Nationalist Party (BNP), և մի շարք այլ ընդդիմադիր կուսակցություններ բոյկոտեցին 2024 թ․ խորհրդարանի ընտրությունը՝ պնդելով, որ գործող իշխանության պայմաններում հնարավոր չէ անցկացնել ազատ, արդար և թափանցիկ քվեարկություն։ Ընդդիմության հաշվարկը հետևյալն էր․ ընտրություններին չմասնակցելով՝ ցույց տալ, որ ապագա խորհրդարանը չունի իրական քաղաքական ներկայացուցչություն և կասկածի տակ դնել դրա լեգիտիմությունը։ Արդյունքը, սակայն, հակառակն էր։ Իշխող Awami League-ը պահպանեց իշխանությունը և շարունակեց վերահսկել խորհրդարանը։ Պետական կառավարման համակարգը չդադարեց գործել, օրենքների ընդունման գործընթացը չխաթարվեց, իսկ ընդդիմությունը կորցրեց խորհրդարանական ամբիոնը, հանձնաժողովներում ներկայացվածությունը և իշխանության նկատմամբ ամենօրյա վերահսկողության հնարավորությունը։ Քաղաքական ճգնաժամի մասին խոսակցությունները շարունակվեցին, բայց ինստիտուցիոնալ առումով իշխանությունը նույնիսկ ավելի կենտրոնացված դարձավ։
2005 թ․ Վենեսուելայի հիմնական ընդդիմադիր ուժերը որոշեցին բոյկոտել խորհրդարանի ընտրությունը՝ հայտարարելով, որ ընտրական գործընթացը չի երաշխավորում հավասար մրցակցային պայմաններ։ Նրանց նպատակն էր միջազգային հանրության համար վիճարկել ընտրության արդյունքները և ցույց տալ, որ խորհրդարանը չի արտացոլում քաղաքական բազմակարծությունը։ Սակայն հետևանքները բավական ծանր եղան հենց ընդդիմության համար։ Իշխանամետ ուժերը ստացան խորհրդարանի գրեթե ամբողջական վերահսկողությունը և կարողացան առանց լուրջ քաղաքական հակակշռի իրականացնել օրենսդրական ու սահմանադրական փոփոխություններ։ Հետագայում հենց վենեսուելական ընդդիմության բազմաթիվ առաջնորդներ ընդունեցին, որ բոյկոտը ռազմավարական սխալ էր, քանի որ իշխանությանը փաստացի հանձնեց միակ ինստիտուցիոնալ հարթակը, որտեղ հնարավոր էր պայքարել նրա դեմ։ Այդ փորձից հետո ընդդիմությունը հիմնականում վերադարձավ ընտրական և խորհրդարանական պայքարի դաշտ։
2020 թ․ խորհրդարանի ընտրությունից առաջ սերբական ընդդիմության զգալի հատվածը հայտարարեց բոյկոտի մասին՝ պնդելով, որ քաղաքական մրցակցությունը խիստ անհավասար է, իսկ լրատվական դաշտը՝ անհամաչափ վերահսկվող իշխանության կողմից։ Ընդդիմության տրամաբանությունն այն էր, որ ընտրություններին չմասնակցելը կստեղծի լեգիտիմության խնդիր և կբարձրացնի միջազգային ճնշումը իշխանությունների նկատմամբ։ Ընտրությունից հետո, սակայն, խորհրդարանը ձևավորվեց և սկսեց գործել առանց ազդեցիկ ընդդիմության ներկայության։ Իշխող ճամբարը ստացավ գրեթե անսահմանափակ վերահսկողություն օրենսդիր մարմնի նկատմամբ։ Թեև միջազգային կազմակերպությունները արձանագրեցին քաղաքական մրցակցության խնդիրներ, իշխանության գործունակությունը դրանից չտուժեց։ Ընդդիմության ներսում հետագայում լայն տարածում գտավ այն տեսակետը, որ խորհրդարանից դուրս մնալը նվազեցրել է իրենց քաղաքական ազդեցությունը և թույլ տվել իշխանությանը ավելի հանգիստ վերահսկել պետական համակարգը։
Հետխորհրդային տարածքում առավել ուսանելի է Վրաստանի փորձը։ Այստեղ ընդդիմությունը ոչ թե չմասնակցեց ընտրությանը, այլ մասնակցելուց հետո հրաժարվեց մանդատները լիարժեք իրացնել։ 2020 թ․ խորհրդարանական ընտրությունից հետո հիմնական ընդդիմադիր ուժերը հայտարարեցին, որ արդյունքները կեղծված են, և հրաժարվեցին մասնակցել խորհրդարանի բնականոն աշխատանքին։ Սակայն նույնիսկ այդ պայմաններում խորհրդարանը ձևավորվեց և սկսեց գործել իշխող «Վրացական երազանք» կուսակցության մեծամասնությամբ։ Մի քանի ամիս անց ընդդիմադիր ուժերը բախվեցին մի կարևոր խնդրի․ փողոցային պայքարը չէր վերածվում իշխանափոխության, մինչդեռ նրանք կորցնում էին քաղաքական օրակարգի վրա ազդելու լծակները։ Եվրոպական միջնորդության և ներքաղաքական բանակցությունների հետևանքով ընդդիմության զգալի մասը վերադարձավ խորհրդարան։ Փաստացի ընդունվեց, որ նույնիսկ վիճարկվող ընտրությունների պայմաններում խորհրդարանական հարթակից ամբողջությամբ հրաժարվելը ավելի շատ դիվիդենտներ է տալիս իշխանությանը, քան ընդդիմությանը։
2019 թ․ Ալբանիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունները՝ «Democratic Party of Albania»-ն և նրա դաշնակիցները, ոչ միայն բոյկոտեցին խորհրդարանը, այլև մոտ 60 պատգամավոր կոլեկտիվ վայր դրեց մանդատները՝ պահանջելով վարչապետ Էդի Ռամայի հրաժարականն ու արտահերթ ընտրություն։ Ընդդիմության հաշվարկը հետևյալն էր․ ստեղծել սահմանադրական և քաղաքական ճգնաժամ, որի պայմաններում իշխանությունը ստիպված կլինի բանակցել նոր ընտրությունների շուրջ։ Բայց խորհրդարանը չլուծարվեց։ Ընտրական ցուցակների հաջորդ թեկնածուները ստացան մանդատները, ձևավորվեց նոր խորհրդարանական կազմ, և իշխանությունը շարունակեց իր գործունեությունը։ Արդյունքը եղավ այն, որ ընդդիմությունը մի քանի տարի մնաց առանց խորհրդարանական ազդեցության լծակների և հետագայում վերադարձավ ընտրական պայքարի դաշտ։ Սա կարևոր օրինակ է, քանի որ խոսքը ոչ թե պարզապես բոյկոտի, այլ հենց մանդատների զանգվածային հանձման մասին էր։
Կոսովոյում 2014-2016 թթ․ ընդդիմադիր ուժերը մի քանի անգամ դիմեցին խորհրդարանի երկարատև բոյկոտի, իսկ առանձին առաջնորդներ նույնիսկ հրաժարվեցին պատգամավորական մանդատներից՝ հայտարարելով, որ խորհրդարանը վերածվել է իշխանության որոշումները լեգիտիմացնող մարմնի։ Սակայն անգամ այդ պայմաններում պետական համակարգը շարունակեց գործել։ Ընդդիմությունը կարողացավ ստեղծել քաղաքական ճնշում, բայց ոչ այնպիսի մակարդակի, որը կհանգեցներ իշխանության հեռացման կամ խորհրդարանի ավտոմատ լուծարման։ Փոխարենը, քաղաքական ճգնաժամը հանգուցալուծվում էր բանակցությունների, կոալիցիոն վերադասավորումների կամ հերթական ընտրությունների միջոցով։
Փաստորեն՝ միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ ընդդիմության զանգվածային հրաժարումը մանդատներից սովորաբար առաջացնում է երեք հիմնական հետևանք.
Հետևաբար, եթե նկարագրված սցենարում ՔՊ-ն մնա 61 պատգամավորով, իսկ մյուս 44 մանդատները թափուր լինեն, իրավական տեսանկյունից կառավարման ճգնաժամ պարտադիր չի առաջանա, սակայն քաղաքական համակարգը կհայտնվի այնպիսի վիճակում, որը միջազգային պրակտիկայում սովորաբար գնահատվում է որպես մրցակցային ժողովրդավարության թուլացում և ընդդիմության ինստիտուցիոնալ ներկայացվածության ճգնաժամ։ Այդ պատճառով տարբեր երկրներում ընդդիմադիր ուժերը, նույնիսկ ընտրության արդյունքները վիճարկելու պարագայում, հաճախ որոշ ժամանակ անց վերադառնում են խորհրդարան՝ համարելով, որ ներսից պայքարելու հնարավորությունները հաճախ ավելի արդյունավետ են, քան ամբողջական բոյկոտը։
Հ.Գ. Հոդվածը չի քննարկում ընտրության վիճարկելի լեգիտիմությունը, ապօրինի ընթացակարգերը, ԿԸՀ հանցակցությունը, զանգվածային ընտրախախտումների, իշխանության հակասահմանադրական միջամտությունների, ռեպրեսիաների, ձերբակալությունների, ընդհանուր առմամբ՝ ընտրության հակաժողովրդավարական բնույթը։
Աբրահամ Գասպարյան