կարևոր
607 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-14 09:56
Քաղաքական

Արմեն Ղուլարյանի հույսը չի «մեռնում». «Հրապարակ»

Արմեն Ղուլարյանի հույսը չի «մեռնում». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք տեղեկացանք, որ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ, Տավուշի նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանը չնայած այն բանին, որ 2024 թվականի հունվարին է վերջին պաշտոնը լքել, հույսը չի կորցնում, որ վերադառնալու է պետական համակարգ եւ նոր պաշտոն է ստանալու: Մեկ անգամ պաշտոն զբաղեցրած եւ պետբյուջեից հեշտ փողեր վաստակած մարդիկ այլեւս երբեք չեն մոռանում այդ «հաճույքը» եւ միշտ ձգտում են վերադառնալ այդ կարգավիճակին:

Ղուլարյանին մոտ կանգնած աղբյուրը մեզ պատմեց, որ վերջինս, առանց որեւէ պատճառի ու բացատրության, պաշտոնը կորցնելուց հետո էլ շարունակում է աջակցել Նիկոլ Փաշինյանին, անգամ շատ հաճախ վիճաբանության մեջ է մտնում շրջապատում, երբ որեւէ մեկը քննադատական խոսք է ասում Նիկոլ Փաշինյանի մասին, այն հույսով, որ դա կհասցնեն Փաշինյանին: Մենք նկատեցինք, որ Ղուլարյանը բավականին ակտիվ է ֆեյսբուքյան հարթակում: Նա պարբերաբար Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ականների ելույթներով է իր էջում կիսվում, երբեմն իշխանավորներին ուղղված մեկնաբանություններ է գրում, նրանց գործերին հաջողություն մաղթում: