կարևոր
670 դիտում, 57 րոպե առաջ - 2026-08-14 18:20
Հասարակություն

96 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ

96 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2026թ ստուգումների ծրագրի համաձայն՝ ստուգում է իրականացվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղում, որը ներառել է 2022թ նոյեմբերից 2026թ հունիսն ընկած ժամանակահատվածը:

Ստուգումների արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են անտառօգտագործման ոլորտում բազմաթիվ խախտումներ, այդ թվում՝ տարբեր տեսակի ու տրամագծերի ապօրինի հատված 496 ծառ,

Բուսական աշխարհին պատճառված վնասի չափը կազմել է 114,686,928 ՀՀ դրամ,

անտառահատումներն իրականացվել են առանց լիազորված մարմնի տված համաձայնության և առանց բնապահպանական փորձաքննության դրական եզրակացության,

կառուցվել են ընդհանուր 8320քմ մակերեսով ճանապարհներ՝ առանց սահմանված կարգով նախագծերի համաձայնեցման, առանց շրջակա միջավայրի ազդեցության գնահատման փորձաքննական դրական եզրակացության, առանց լիազոր մարմնի կողմից համաձայնություն ստանալու, ինչպես նաև անտառաշինական նախագծերի բացակայությամբ,

անտառօգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթերում հատատեղերի շահագործման արդյունքում անտառահատման տոմսերի ծավալներին լրացուցիչ ավելացվել են կոտրված, տապալված ծառերի հատումից գոյացած փայտանյութի ծավալները և մուտքագրվել հաշվապահական փաստաթղթերում,

անտառահատման տոմսերում առկա տվյալները չեն համապատասխանել  անտառշինական նախագծերով սահմանված տվյալներին,

անտառօգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթերն արձակվել են անտառշինական նախագծերի հաստատումից հետո և չեն համապատասխանել կառավարման պլանին,

համատարած անտառհատման ենթարկված անտառային հողերում չեն իրականացվել անտառվերականգնման միջոցառումներ, հատատեղից փայտանյութի մնացորդները չեն հեռացվել։

Ստուգման արդյունքներով՝ առերևույթ հանցանքի հատկանիշներ պարունակող դեպքերի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։

Արձանագրված մյուս խախտումների մասով կկիրառվեն օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ։