|
Փոխարժեքներ
14 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.86 |
| EUR | ⚊ | € 422.06 |
| RUB | ⚊ | ₽ 4.3638 |
| GBP | ⚊ | £ 493.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.8 |
«Հրապարակը» գրում է. Ջրային կոմիտեն մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել ֆիզիկական անձի` Նազիկ Սահակյանի հետ` խորհրդատվական ծառայություն ստանալու նպատակով։ Այս պայմանագիրը կնքվել էր ապրիլի 6-ին, իսկ պայմանագրով պետբյուջեից Սահակյանին հատկացվելու էր 6 մլն 869 հազար 750 դրամ, որը վճարվելու էր փուլային եղանակով։
Պարզվում է՝ հուլիսի 31-ին Ջրային կոմիտեն նոր համաձայնագիր է կնքել Նազիկ Սահակյանի հետ, որով նշված ծառայությունը մատուցելու համար գումարի չափը 4 մլն 579 հազար 832 դրամով ավելացվել է, իսկ ծառայությունների մատուցման վերջնաժամկետ է սահմանվել 2026-ի հոկտեմբերի 31-ը։
Այսինքն՝ նշված խորհրդատվությունը պետբյուջեի վրա 11 մլն 449 հազար 580 դրամ է արժեցել։ Ընդ որում, պայմանագրում հստակեցված չէ, թե ինչու է նման անհրաժեշտություն առաջացել՝ գումարի չափն ավելացնելու։
Պարզաբանում ստանալու համար փորձեցինք կապ հաստատել Նազիկ Սահակյանի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ Նշենք, որ նախկինում մենք զրուցել էինք նրա հետ, նա հայտնել էր․ «Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ կա ծրագիր, որի շրջանակներում ֆինանսական մասնագետի գծով խորհրդատվությունների ծառայություն եմ մատուցում։ Ես ֆինանսական կառավարման մասնագետ եմ»։ Ուրիշ ո՞ր պետական կառույցներին է նման խորհրդատվական ծառայություններ մատուցում, Սահակյանը նշել էր․ «Սա առաջին պայմանագիրն է»։
Մենք հետաքրքրվել էինք նաեւ, թե ինչ ծրագրի շրջանակներում է Համաշխարհային բանկը ֆինանսավորել Ջրային կոմիտեին, սակայն Սահակյանը նշել էր, որ առավել մանրամասն ինֆորմացիա չի կարող տրամադրել։