կարևոր
856 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-14 18:09
Հասարակություն Քաղաքական

Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Բաբայան

Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրել է.

«Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է նաև այն պատճառով, քանի որ շրջանցվել է Սահմանադրությամբ և քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պատգամավորական անձեռնմխելիությունը հաղթահարելու պարտադիր պայմանը:

Այսպես, ինչպես հաստատել է ՄԻԵԴ-ը Էկլեի գործով, քրեական մեղադրանքը (հետապնդումը) ինքնավար հասկացություն է և չի պահանջում պաշտոնական թղթային որոշում։ Այն սկսվում է, երբ անձի դրությունն «էապես վատթարացվում է» իրավապահ մարմինների գործողությունների արդյունքում:

- Մայիսի 11-ի գաղտնալսումները և ներքին դիտումները.

Թեև այս գործողությունները գաղտնի են և անձը կարող էր դրանց մասին չիմանալ, դրանք ակնհայտորեն վկայում են, որ պետությունը նրան թիրախավորել էր որպես ենթադրյալ հանցագործություն կատարած անձի։

Մայիսի 24-ին քննչական մարմինն այդ գաղտնալսումը հրապարակել է, այդպիսով հայտնի դարձնելով նաեւ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին:

- Մայիսի 22-ի խուզարկությունները.

Սա բեկումնային պահն է: Երբ մայիսի 22-ին պատգամավորի բնակարանում, աշխատասենյակում և մեքենայում իրականացվել են խուզարկություններ, նրա վիճակը ակնհայտորեն և էապես վատթարացել է: Նա փաստացի ձեռք է բերել կասկածյալի կարգավիճակ, քանի որ այդ կասկածը նկարագրգած է եղել հենց խուզարկության թույլտվության որոշման մեջ: Ըստ ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի՝ խուզարկությունը հանդիսանում է դրության էական շոշափման դասական օրինակ: Հետևաբար, ըստ Կոնվենցիայի իմաստի, մայիսի 22-ից պատգամավորի նկատմամբ սկսվել է փաստացի քրեական հետապնդում:

ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածը երաշխավորում է, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ (բացառությամբ հանցանք կատարելու պահին կամ անմիջապես հետո բռնվելու դեպքերի):

- Այն փաստը, որ վարույթն իրականացնող մարմինը մինչև օգոստոսի 2-ը (երբ դադարեցին ԱԺ 8-րդ գումարման լիազորությունները) ձևականորեն չի կայացրել «հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում», իրավական խաբկանք է:

- Պետությունը, քաջ գիտակցելով անձի՝ պատգամավորի կարգավիճակը և անձեռնմխելիությունը հաղթահարելու համար ԱԺ համաձայնություն ստանալու սահմանադրական պահանջը, կիրառել է դատավարական հնարք. անձի նկատմամբ փաստացի իրականացրել է քրեական հետապնդմանն ուղղված բոլոր ինտենսիվ գործողությունները (գաղտնալսում, խուզարկություն), սակայն արհեստականորեն հապաղել է պաշտոնական կարգավիճակ տալ՝ սպասելով անձեռնմխելիության ժամկետի ավարտին (օգոստոսի 2):

- Սահմանադրությամբ նախատեսված պատգամավորի անձեռնմխելիությունը կոչված է պաշտպանելու պատգամավորին ոչ միայն թղթի վրա գրված «մեղադրյալ» բառից, այլ պետական հարկադրանքի փաստացի մեքենայից: Քանի որ փաստացի հետապնդումը սկսվել է մայիսի 22-ին, գլխավոր դատախազը պարտավոր էր դիմել Ազգային ժողով՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու համար: Դա չանելը ողջ պրոցեսը դարձրել է ապօրինի»:

Հիշեցնենք՝ ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը 2 ամսով կալանավորվել է։