Միասին կարող ենք
կարևոր
622 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-03 14:49
Հասարակություն

«Կրթությունը որպես արժեքային համակարգ»․ Խաչատուր Ստեփանյանի նոր հոդվածաշարը

«Կրթությունը որպես արժեքային համակարգ»․ Խաչատուր Ստեփանյանի նոր հոդվածաշարը

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Կրթությունը որպես արժեքային համակարգ

Ժամանակակից աշխարհում կրթության ընկալումը ռիսկային տրանսֆորմացիայի է ենթարկվում։ Այն աստիճանաբար սեղմվում է՝ դառնալով լոկ «գործնական հմտությունների» և «շուկայական պահանջների» սպասարկու։ Այս վազքի մեջ մենք կորցնում ենք կրթության ամենախորքային առաքելությունը՝ Մարդու ձևավորումը։

Կրթությունը պետք է դադարի դիտարկվել որպես լոկ գործիքային մեխանիզմ կամ ծառայություն։ Այն արժեքային և էթիկական մի համակարգ է, որի նպատակը ոչ թե հարմարվող «աշխատուժ», այլ մտածող և պատասխանատու էակ կերտելն է։ Այսօր տեխնոլոգիական առաջընթացը, փոխանակ լայնացնելու մեր հորիզոնները, մեզ հաճախ փակում է սեփական «փոքր աշխարհներում»՝ անհատին մղելով մեկուսացման։ Սա համակարգի ամենամեծ մարտահրավերն է. երբ դպրոցն ու բուհը սկսում են ապահովել մասնագիտական հաջողություն՝ զոհաբերելով քաղաքացիական և բարոյական դիրքորոշումը, տեղի է ունենում հասարակության արժեքային ապամոնտաժում։ Հայաստանում մենք հայտնվել ենք մի տարօրինակ իրավիճակում. կրթական հաստատությունները գերազանցապես «արտադրում են» վտանգավոր հիբրիդ՝ կլանային մտածողությամբ անհատ, որը չունի ո՛չ անձնական պատասխանատվություն, ո՛չ կոլեկտիվ գիտակցություն։

Ուսուցիչը՝ թիրախավորված և անպաշտպան

Հայաստանում կրթության ճգնաժամի ամենացայտուն ցուցիչը մանկավարժի խնդիրն է, որը վաղուց դուրս է եկել զուտ ցածր աշխատավարձի տիրույթից։ Այսօր ուսուցիչը դարձել է հարմար թիրախ բոլորի համար՝ ծնողների, տնօրինության, մեդիայի և նույնիսկ սեփական աշակերտների։ Նրանից պահանջում են դաստիարակել ու կրթել, բայց խլել են այն լեգիտիմ գործիքները, որոնցով նա պետք է կարգ ու կանոն հաստատի դասարանում։ Մանկավարժը կանգնած է բարոյահոգեբանական երկընտրանքի առաջ. կա՛մ լինել անտարբեր «ծառայություն մատուցող», կա՛մ ռիսկի դիմել ու ենթարկվել սոցիալական, երբեմն նույնիսկ իրավական հետապնդման՝ փորձելով կիրառել իր մասնագիտական կամքը։

Պետական քաղաքականությունն ուսուցչի հանդեպ հաճախ հիշեցնում է միակողմանի պարտադրանք։ Նրանից ակնկալում են անցնել կամավոր ատեստացիաներ, տիրապետել բարդ տեխնոլոգիաների և կիրառել նորագույն մեթոդներ, սակայն այդ ամենը մնում է «օդում»՝ առանց իրական մեթոդական օժանդակության և պաշտպանվածության մեխանիզմների։ Ստացվում է մի պատկեր, որտեղ պետությունը ստեղծում է արհեստական սպասումներ, որոնք չիրականանալու դեպքում ոչ թե լուծումներ են առաջարկվում, այլ խորանում է համակարգային հիասթափությունը։

Ուտոպիաներ՝ իրականության փոխարեն

Հայաստանյան կրթական դաշտը վերածվել է մի փորձադաշտի, որտեղ ներմուծվում են դրսից բերված, տեղային առանձնահատկություններից կտրված և հաճախ նույնիսկ միջազգային մակարդակով վիճարկվող մոդելներ։ Այս բարեփոխումները չեն անցնում հանրային ռեֆլեքսիայի փուլը, դրանք չեն քննարկվում հենց ուսուցիչների հետ։ Արդյունքում մենք ունենք մի համակարգ, որը զարգանում է ոչ թե իրականությանը համընթաց, այլ ուտոպիստական պատկերացումների հիման վրա։

Ուտոպիան վտանգավոր է նրանով, որ այն ստեղծում է զարգացման պատրանք։ Պետք չէ փոխել ձևը՝ չունենալով բովանդակային հստակ ռազմավարություն։ Իրական բարեփոխումը ոչ թե հարյուրավոր միլիոնների հասնող շինարարական նախագծերն են, այլ մանկավարժի պաշտպանվածությունը՝ իրական մեխանիզմներով։ Կարևոր է տեղայնացված կրթական մոդելի ստեղծումը, որը հաշվի կառնի մեր հասարակության սոցիալ-մշակութային առանձնահատկությունները, այլ ոչ թե կլինի Արևմուտքի «սխալ թարգմանությունը»։

Վերջին պատնեշը

Կրթությունը «վերջին պատնեշն» է, որից այն կողմ հասարակության վերջնական կազմալուծումն է։ Մենք պետք է դադարենք կրթությունը դիտարկել որպես փորձադաշտ կամ բիզնես-մոդել։ Միայն իրականության հետ առերեսվելով և ուսուցչին իր արժանապատիվ տեղը վերադարձնելով է հնարավոր կասեցնել այս անկումը։

 

Խաչատուր Ստեփանյան

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ Խաչատուր Ստեփանյանը հայտարարել է, որ Yerkir.am լրատվական հարթակում հեռարձակվող «Մտազրույց» հաղորդաշարի ընթացքում կարճ պոդքաստի ֆորմատով կրթության հիմնախնդիրների մասին զրուցել է հանրապետությունում հայտնի փորձագետների, մասնագետների, շահառուների հետ (թվով 24 զրույց)։