|
Փոխարժեքներ
14 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 432.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.6847 |
| GBP | ⚊ | £ 500.62 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Արցախի մասին ամեն նախադասություն նշանակում է պատերազմի կոչ, ասում են՝ վերադարձ, ի՞նչ վերադարձ: Ղարաբաղցիները պետք է մեկընդմիշտ մոռանան Ղարաբաղ վերադարձի մասին եւ մշտական բնակվեն Հայաստանում»: Սրանք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի խոսքերն են` Արցախի մասին, բայց սա դեռ ամենը չէ: Փաշինյանը հայտարարել է, որ Ցեղասպանության թանգարանի տնօրենին անձամբ ինքն է առաջարկել աշխատանքից ազատվելու դիմում գրել, քանի որ վերջինս հանդգնել է Արցախի մասին պատմող գիրք նվիրել ԱՄՆ փոխնախագահ Վենսին: Իսկ դա Փաշինյանը գնահատում է այսպես. «Հայաստանում չի կարող երկու արտաքին քաղաքականություն վարվել», չնայած թանգարանի տնօրենն արտաքին քաղաքականություն չի վարում, այլ իր բուն գործն է անում: Ստացվում է` հայ պատմաբանները պետք է այրեն պատմության բոլոր գրքերը եւ առաջնորդվեն այն «Հայաստանի պատմությամբ», որտեղ էապես խմբագրված են Հայոց պատմության կարեւոր էջերը: Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանի հետ:
– Փաշինյանն արդեն արգելում է Արցախի մասին գրքերի շրջանառությունն ու ընթերցանությունը: Ի՞նչ նախադեպ է սա, ինչո՞ւ է Փաշինյանն այս քայլին դիմում:
– Արցախը ետ է վերադառնալու: Վարչապետները՝ բոլորը, քամիներ են, այսօր կան, վաղը չկան, նրանք կգան ու կգնան, բայց մեր հայրենիքը մնալու է: Նա աշխատանքից ազատում է այսօր մի կնոջ, որը համարձակվել է Արցախի մասին խոսել: Նա երբ աշխատելու եկավ` 2018 թվականին, ասաց, որ ինչ ուզի, անելու է: Հայաստանը դարձել է բռնատիրական երկիր: Մեր ժողովուրդը ոտքի է կանգնելու, իսկ այդ մարդը գիտի, որ այլեւս իրենից ոչ մի բան չի ներկայացնում:
– Գիտնականները, պատմաբանները այս իրավիճակում ի՞նչ պետք է անեն:
– Էլիտան պետք է ոտքի կանգնի եւ խոսի, զարմանալիորեն՝ երեմիական (դժգոհ հոռետեսությամբ` Հ. Գ.) ձեւով պապանձվել են: Ես՝ որպես հայ մարդ, շատ եմ ցավում այս ամենի համար, այս իրավիճակում չի կարելի լռել: Այս մարդը մեր հայրենիքի լինելիությունը ժխտում է:
– Սովետական Միության տարիներին ո՞ր գրականությունն էր արգելված, եթե համեմատական անցկացնենք այսօրվա հետ:
– Ես հիշում եմ, որ Րաֆֆու գրքերի հրատարակությունը անգամ մի շրջան կար, որ չարգելեցին, հիմա այս մարդիկ դպրոցական ծրագրերից Րաֆֆուն հանում են: Մեր ուսումնական ծրագրերից հանում են մեր մեծերին, բայց մատնաչափ մի կասկածեք, որ ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդն իր մեջ ուժ է գտնելու եւ ոտքի է կանգնելու:
– Իսկ ընտրությունների հետ կապված՝ ի՞նչ սպասելիքներ ունեք:
– Ես անգամ կարծում եմ, որ մինչեւ ընտրություններ այս պարոններն իրենց փասափուսան հավաքելու են ու հեռանան: Մեր ժողովուրդն արդեն այս կերպարին լավ է ճանաչում: Ամեն ինչ լավ է լինելու:
– Ի՞նչ եք կարծում՝ եթե Փաշինյանն արգելում է կարդալ Արցախի պատմությունը ներկայացնող գրականություն, եթե դա նրա համար պատերազմի սպառնալիք է ու արգելված գրականություն, այդ պարագայում ինչպե՞ս կարող ենք դիմադրել այդ ամենին:
– Մտավորականները, գիտնականները, պատմաբանները պետք է ոտքի կանգնեն: Սամվել Մուրադյանը, Դավիթ Գասպարյանն ու էլի շատ մտավորականներ խոսել են այդ մասին, պետք է մնացյալները եւս խոսեն, պետք է հարց ուղղեն սրանց` ինչպե՞ս եք համարձակվում: Գալու է այդ գեղեցիկ օրը, եւ մենք անպայման իրար շնորհավորելու ենք հայկականությունը վերականգնելու համար: Հայը հաղթելու է, մազաչափ կասկած չունենաք: Ամեն ինչ լավ է լինելու, հայը միշտ էլ հաղթել է թշնամուն: