Միասին կարող ենք
կարևոր
964 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-02 18:51
Հասարակություն

Փոփոխություններ՝ սովորողների փոխադրման և ավարտման կարգում. ԿԳՄՍ

Փոփոխություններ՝ սովորողների փոխադրման և ավարտման կարգում. ԿԳՄՍ

ԿԳՄՍ նախարարի հրամանով փոփոխություններ են կատարվել հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման, սովորողների փոխադրման, ավարտման և բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան փոխադրման կարգում:

Ըստ այդմ՝ 2025–2026 ուսումնական տարվանից սկսած՝ սովորողի հաջորդ դասարան փոխադրման, հիմնական և միջնակարգ դպրոցի ավարտման, ինչպես նաև գնահատման համար սահմանված են հետևյալ կարգավորումները։

Փոխադրում

  • 5–8-րդ և 10–11-րդ դասարաններ – բոլոր առարկաներից տարեկան 4–10 միավոր ստացած սովորողները փոխադրվում են հաջորդ դասարան։
     
  • 9-րդ դասարան – տարեկան 4–10 և ավարտական քննություններից 8–20 միավոր ստացած սովորողները փոխադրվում են հաջորդ դասարան։
     
  • Ինտելեկտի (մտավոր) խնդիրներով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների փոխադրումը կատարվում է անհատական ուսուցման պլանի հիման վրա՝ անկախ տարեկան գնահատականներից։

Ավարտում

  • 12-րդ դասարան— ուսումնական բոլոր առարկաներից տարեկան 4-10 և պետական ավարտական բոլոր քննություններից 8-20 միավոր գնահատված շրջանավարտը ստանում է միջնակարգ կրթության ատեստատ և համարվում է հաստատությունն ավարտած:

Գնահատում

  • 2025–2026 ուստարում 1–4-րդ դասարաններում (Տավուշի մարզում՝ նաև 5-րդ դասարանի I կիսամյակ) սովորողի կիսամյակային և տարեկան ամփոփիչ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ մյուս դասարաններում ուսումնական առարկաներից կիսամյակային և տարեկան գնահատականները ձևավորվում են սովորողի կիսամյակային գնահատականների հիման վրա էլեկտրոնային մատյանում՝ ինքնաշխատ եղանակով։
     
  • 2026–2027 ուսումնական տարվանից ՀՀ բոլոր հաստատությունների 1–4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի I կիսամյակում գնահատումն իրականացվում է բնութագրման միջոցով:
     
  • Մյուս դասարաններում տարեկան գնահատականները ձևավորվում են էլեկտրոնային մատյանում՝ կիսամյակային գնահատականների հիման վրա։

Վերաքննություն

  • 5–12-րդ դասարաններում տարեկան 1–3 միավոր ստացած սովորողը հանձնում է վերաքննություն՝ հուլիսի 2–8-ը կամ օգոստոսի 20–25-ը։
     
  • Վերաքննություններին չմասնակցելու կամ առնվազն երկու առարկայից կրկին 1–3 միավոր ստանալու դեպքում սովորողը կրկնում է տվյալ տարվա դասընթացը (12-րդ դասարանում՝ չի ավարտում)։

Պետական ամփոփիչ ատեստավորում

4-րդ դասարան․ ատեստավորումն իրականացվում է տարեկան բնութագրերի հիման վրա՝ ինքնաշխատ եղանակով։ Ցածր արդյունք ունեցող սովորողը փոխադրվում է 5-րդ դասարան և ընդգրկվում է երկարօրյա խմբում։

9-րդ դասարան՝ ավարտական քննություններ՝

  • Հայոց լեզու (գրավոր թեստ)
     
  • Գրականություն և Հայաստանի պատմություն (էսսե)
     
  • Մաթեմատիկա (գրավոր թեստ)
     
  • Օտար լեզու (բանավոր)
     
  • Բնագիտություն (ընտրությամբ՝ թեստ կամ նախագծային աշխատանք)
     
  • Ֆիզկուլտուրա (ստուգարք)
     
  • Ռուսերենով ուսուցմամբ դասարաններում՝ Ռուս գրականություն
     
  • Ազգային փոքրամասնությունների դասարաններում՝ մայրենի լեզու և գրականություն։

Թեստերը կազմում է ԳԹԿ-ն։ Քննություններից 1–7 միավոր ստանալու դեպքում սահմանվում է վերաքննություն (հուլիս/օգոստոս)։ Երկու առարկայից կրկնակի անբավարարի դեպքում սովորողը կրկնում է դասընթացը։

12-րդ դասարան՝ պետական ավարտական քննություններ (հունվար/հունիս)՝

  • Հայոց լեզու և Հայ գրականություն (թեստ)
     
  • Մաթեմատիկա (թեստ)
     
  • Հայաստանի պատմություն (թեստ)
     
  • Ռուս գրականություն (ռուսերենով ուսուցմամբ դասարաններում)
     
  • Մայրենի լեզու և գրականություն (ազգային փոքրամասնությունների դասարաններում)։

Հունվարին կազմակերպվող պետական ավարտական քննություններին որևէ պատճառով չմասնակցելու կամ մասնակցելու և գնահատման 20 միավորային սանդղակով 20 միավորից պակաս գնահատված լինելու դեպքում 12-րդ դասարանի սովորողին հնարավորություն է տրվում տվյալ առարկայից ավարտական քննություն հանձնել նաև հունիսին: 12-րդ դասարանի սովորողն առնվազն մեկ առարկայից տարեկան 1-3 (այդ թվում` քննական առարկաներից) կամ հունիսին անցկացված պետական ավարտական քննություններից 1-7 միավոր գնահատված լինելու կամ քննության օրը չներկայանալու դեպքում վերաքննություն է հանձնում իր հաստատությունում` տվյալ ուսումնական տարվա հուլիսի 2-8-ը, իսկ մասնակցության անհնարինության կամ մասնակցելու և 1-7 (գնահատման 20-միավորային սանդղակից) միավոր գնահատված լինելու դեպքում՝ օգոստոսի 20-25-ն ընկած ժամանակահատվածում:

Էքստեռն կարգ

19 տարին լրացած և հաստատությունից դուրս մնացած անձինք կարող են քննություններ հանձնել նույն կամ այլ հաստատությունում կամ էքստեռն կարգով։ Զորակոչվածները կարող են քննություններ հանձնել սահմանված հատուկ ժամկետներում։

Բացակայած սովորողի փոխադրում

  • 1–8 և 10–11-րդ դասարաններում տարեկան 200 ժամից ավելի բացակայության դեպքում սովորողը լրացուցիչ քննություններ է հանձնում բոլոր առարկաներից։
     
  • 9-րդ և 12-րդ դասարաններում 200 ժամից ավելի բացակայության դեպքում սովորողը լրացուցիչ քննություններ է հանձնում բոլոր առարկաներից։
     
  • Վերաքննություններին կամ լրացուցիչ քննություններին չմասնակցելու կամ առնվազն երկու առարկայից կրկին անբավարար ստանալու դեպքում սովորողը կրկնում է դասընթացը։
     
  • Լրացուցիչ քննական առաջադրանքները մշակում են հաստատության մեթոդմիավորումները (առնվազն 3 տարբերակ), հաստատում՝ տնօրենը։