կարևոր
667 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-10 19:00
Քաղաքական

Ասում են՝ ինչ ունես ապօրինի է... ապօրինին դուք եք. Իշխան Սաղաթելյան

Ասում են՝ ինչ ունես ապօրինի է... ապօրինին դուք եք. Իշխան Սաղաթելյան

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

-5 անշարժ գույք.

-5 տրանսպորտային միջոց.

-3 իրավաբանական անձանցում մասնակցություն.

-264 միլիոն 516 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.

-2 միլիոն 914 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։

Հարուցված դատական գործի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու Նպատակով Panorama.am-ը դիմեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին։

Ի. Սաղաթելյան-Դատարանի վերջնական պահանջի մասով փաստաթղթերը դեռ չենք ստացել։ Վստահեցնում եմ, որ իշխանությունները հայտնվելու են անհարմար դրության մեջ, ես ապօրինի ծագում ունեցող գույք չունեմ։ Էն, որ դատախազությունն անընդհատ փորձում է ներկայացնել, թե բարձր պաշտոններ եմ զբաղեցրել, ես նույնիսկ հայտարարագրման ենթակա պաշտոն չեմ զբաղեցրել մեր երկրում։ Ինձ չեն մեղադրում կաշառք վերցնելու, պաշտոնական դիրք չարաշահելու, հարկ թաքցնելու մեջ, այլ ասում են՝ իրավասու մարմնին հայտնի չեն համապատասխան տեղեկությունները, թե ինչ միջոցներով եմ գույք ձեռք բերել։ Է, որ հայտնի չէ, գուցե մի քիչ լավ ուսումնասիրեիք, հայտնի կդառնար։ Սա քաղաքական հետապնդման փորձ է, նաև՝ սպասելի փորձ, որովհետև էն գործիքը, որ իրենք կիրառում են, անում են քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց նկատմամբ և՝ այդ նպատակով։ Վստահեցնում եմ, որ այն իրենց մոտ չի ստացվելու։ Այս ամեն ինչն արել են, որ այս ամբիոններից(ցույց է տալիս ԱԺ դահլիճի դուռը) մարդկանց նման կեղծ թեզերով կերակրեն։

Ընդհանրապես, եթե պարզվում է, որ էս երկրում ես էի կոռուպցիոները, պաշտոն ունեցողը, դիրք չարաշահողը, ուրեմը խղճում եմ իրենց, ուղղակի մեղք վիճակում են հայտնվելու։ Եթե էս էր այդքան տարիների թալանը և այլն, ու Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ որոշեցին որ ես եմ էս երկրում կոռուպցիոները, ապա ինչ ասեմ։ Միայն հիշեցնեմ, որ մինչև 2018 թվականը ես բարձր պաշտոն չեմ ունեցել։ Կարամ ավելին ասել՝ 2018 թվականից հետո էլ ինչ ձեռք եմ բերել, նվիրում եմ իրենց։ Ծիծաղելի է ուղղակի, վերցնեն ամբողջ գերդաստանիդ ունեցվածքն ասեն քոնն է, ինչ-որ թվեր հրապարակեն։

 Պարզ է, թե ինչ են անում, ինչ նպատակով, ժողովրդին կերակրել թալանը վերադարձնելու թեզերով։ Ես առաջիկա օրերին, նաև փաստաբանները կանդրադառնան դրան։ Իրենք նույնիսկ իրավունք չունեին իմ նկատմամբ այս վարույթը սկսելու, որովհետև վարույթը վերաբերում է հայտարարագիր լրացնող պաշտոնյային, իսկ ես հայտարարագրման ենթակա պաշտոն չեմ ունեցել այս երկրում, հետևաբար՝ մնացածը թողնում եմ մարդկանց հասկացողությանը և տրամաբանությանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: