կարևոր
1024 դիտում, 54 րոպե առաջ - 2026-07-22 23:59
Հասարակություն

Արցախի թեմի առաջնորդը մեկուսացել է. 168.am

Արցախի թեմի առաջնորդը մեկուսացել է. 168.am

168.am-ը գրում է.

«Նախորդ տարի Նիկոլ Փաշինյանը «եկեղեցին բարեկարգելու» անվան տակ եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների հետ փորձում էր գահից հեռացնել Ամենայն Հայոց կաթողիկոսին։

Ամիսներ շարունակ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իշխանության տարբեր ներկայացուցիչներ Կաթողիկոսի հասցեին հնչեցնում էին վիրավորական խոսքեր, ասում էին, թե կաթողիկոսը «զավակ ունի» և պետք է հեռանա։

2025 թվականի նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում ընդունեց իրեն միացած եպիսկոպոսներին, որոնք հանրության մեջ ստացան «տիրադավներ» անունը։ Այդ եպիսկոպոսների թվում էին Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Գևորգ եպիսկոպոս Սարոյանը և, որքան էլ զարմանալի էր, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Եպիսկոպոսների այդ քայլը մեծ զայրույթ էր առաջացրել հանրության շրջանում, իսկ արցախահայերը մտահոգություններ էին հայտնել Վրթանես սրբազանի կատարած քայլի համար, ասելով՝ իրենց համար անընդունելի է, որ Արցախի թեմը ներկայացնող անձը հանդիպում ու սեղմում է Արցախը հանձնած Նիկոլ Փաշինյանի ձեռքը։

Ավելին՝ մեկ օր անց արցախահայերը հավաքվել էին թեմի առաջնորդի կեցավայրի մոտ, փորձելով հասկանալ՝ ինչո՞ւ է Վրթանես սրբազանը գնացել այդ քայլին, սակայն առաջնորդը հավաքվածներից ոչ մեկին չընդունեց։ Արցախահայերը նույնիսկ դիմել էին Վեհափառին՝ խնդրելով քննարկել թեմի առաջնորդին փոխելու հարցը։

Արդեն տևական ժամանակ է՝ Վրթանես սրբազանը հանրային վայրերում չի հայտնվում, չի մասնակցում նաև պատարագների, արցախահայերի խնդիրների մասին որևէ կերպ չի բարձրաձայնում։

168.am-ն Արցախի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանից հետաքրքրվել է՝ որևէ հանդիպում ունեցե՞լ են Վրթանես սրբազանի հետ, նա որևէ ձևով մասնակցո՞ւմ է արցախահայերի կյանքում տեղի ունեցող բարդ իրադարձություններին։

«Ես նրա հետ որևէ կապ չունեմ, դեկտեմբերի 8-ից հետո ես իրեն չեմ տեսել, կապ ունեմ միայն թեմական խորհրդի անդամների հետ, և վերջ։ Կրկնում եմ՝ նրա հետ որևէ կապ չունեմ, այս ընթացքում նույնիսկ պատահական չենք հանդիպել։

Իմ տեղեկություններով, նա այս ամբողջ ժամանակահատվածում չի հանդիպել նաև թեմական խորհրդի անդամների հետ, ամեն դեպքում, Երևանում գտնվողներից որևէ մեկին չի տեսել»,- ասել է Լեռնիկ Հովհաննիսյանը։

Հարցին՝ թեմական խորհրդի անդամները ցանկություն չունե՞ն հանդիպելու թեմի առաջնորդի հետ, նա պատասխանել է՝ դիմել են Մայր Աթոռ, տնօրինումները Մայր Աթոռն է կատարում։

«Կապը Մայր Աթոռի հետ ենք պահում, համապատասխան նամակով դիմել ենք և սպասում ենք Մայր Աթոռի տնօրինմանը»,- ընդգծել է Լեռնիկ Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ նախորդ տարի՝ մայիսի 26-ին, Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը մեկնեց Բեռն՝ Շվեյցարիա, մասնակցեց Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) և Շվեյցարիայի Բողոքական Եկեղեցու կողմից կազմակերպված «Կրոնական Ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողովին։ Համաժողովի ժամանակ Վեհափառն անդրադարձել էր Արցախում հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման, Բաքվում ապօրինի պահվող գերիների ու արցախահայերի վերադարձի հարցերին։

Դրանից հետո Վեհափառի ու եկեղեցու նկատմամբ սկսվեցին հարձակումները, նախ՝ Ադրբեջանի հոգևոր առաջնորդն Առաքելական եկեղեցուն մեղադրեց «պատերազմ հրահրելու» մեջ, այնուհետև արդեն ՀՀ իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սկսեց հարձակումները՝ պահանջելով Կաթողիկոսի հեռացումը։