կարևոր
1225 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-22 19:06
Քաղաքական

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի կալանավորման պահանջը հետ ուղարկեց, որովհետև դա անգամ իրենց սահմանած ապօրինության մեջ չէր տեղավորվում․ Ռոբերտ Ամստերդամ

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի կալանավորման պահանջը հետ ուղարկեց, որովհետև դա անգամ իրենց սահմանած ապօրինության մեջ չէր տեղավորվում․ Ռոբերտ Ամստերդամ

Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը գրել է․

«Նարեկ Կարապետյանի շուրջ կատարվողի մասին կարդալիս ակամա Կաֆկային ես հիշում․ նրա վեպերում էլ էր ամենասարսափելին այն, թե ինչպես էր բացահայտ աբսուրդը մատուցվում իբրև սովորական, բնականոն ընթացակարգ։ Ճիշտ նույն վարքագիծն այսօր դրսևորում են Նիկոլ Փաշինյանի ԿԸՀ-ն ու Դատախազությունը։

Ինձ համար ակնհայտ է՝ ԿԸՀ-ի կողմից Նարեկ Կարապետյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելուն համաձայնություն տալը ինքնին իրավունքի տարրական նորմերի ու Սահմանադրության կոպտագույն խախտում է։

ԿԸՀ-ն կալանավորման պահանջը հետ ուղարկեց ոչ թե օրենքը հարգելու պատճառով, այլ որովհետև դա անգամ իրենց սահմանած ապօրինության չափերի մեջ չէր տեղավորվում։ Բայց հենց միայն մեղադրանք առաջադրելուն կանաչ լույս վառելով՝ ԿԸՀ-ն ոտնահարեց պատգամավորական անձեռնմխելիության երաշխիքները՝ իրավական ընթացակարգը վերածելով քաղաքական պատվեր կատարելու գործիքի։

Սա իրավաբանություն չէ, սա սովորական քաղաքական վախ է։

Փաշինյանը տեսնում է, որ Նարեկ Կարապետյանն իր ակտիվությամբ դառնում է խորհրդարանի ամենաառանցքային ընդդիմադիր առաջնորդը, ու այդ պատճառով կորցնում է ինքնատիրապետումը։

Ակնհայտ է նաև, որ Փաշինյանը կանգ չի առնելու․ վախեցած իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած ապօրինության։ Բայց պատմությունը ցույց է տալիս, որ սեփական ժողովրդի վրա աբսուրդ փաթաթող և օրենքը խաղալիք դարձնող ոչ մի իշխանություն երկար կյանք չի ունենում․ ի վերջո, ինքն էլ խորտակվելու է հենց իր ստեղծած անօրինության ճահճում»։

Հիշեցնենք՝ ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից։

Այնուհետև հայտնի դարձավ, որ ԿԸՀ-ն մերժել է Նարեկ Կարապետյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։