կարևոր
691 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-22 12:33
Քաղաքական

ՀՅԴ անդամները, համակիրներն ու աջակիցները չեն ընկրկելու, վճռականորեն շարունակելու են պայքարը գործող վարչախմբի դեմ․ ՀՅԴ ՀԳՄ հայտարարությունը

ՀՅԴ անդամները, համակիրներն ու աջակիցները չեն ընկրկելու, վճռականորեն շարունակելու են պայքարը գործող վարչախմբի դեմ․ ՀՅԴ ՀԳՄ հայտարարությունը

Լեգիտիմության ճգնաժամի մեջ հայտնված ՀՀ գործող իշխանությունը նոր մակարդակի է հասցրել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ իրավական ամենաթողությունը՝ իրավապահ համակարգն անխնա օգտագործելով իր նպատակադրումներում: Չբավարարվելով ոչ օրինական գաղտնալսումներով, ձերբակալություններով, կալանավորումներով և ապօրինի բազմաթիվ քրեական հետապնդումներով, կամակատար քննչական մարմիններն անցել են ընդդիմադիր կուսակցություններին նվիրատվություն կատարած անձանց հետապնդումների:

Մասնավորապես, արդեն տևական ժամանակ է, որ քննչական մարմինը ըստ էության ապօրինաբար բերման և անօրեն «հարցաքննության» է ենթարկում ՀՅԴ անդամների և համակիրների, պարզապես քաղաքացիների, ովքեր օրենքով սահմանված պահանջներին համապատասխան նվիրատվություն են կատարել կուսակցությանը: Սա այն դեպքում, երբ մամուլում տարածված բազմաթիվ անհերքելի փաստերը վկայում են հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ապօրինի եկամուտներ ստանալու, վարչական ռեսուրսը ընտրություններում ամբողջական և անթույլատրելի կերպով սեփական կուսակցական շահերին ծառայեցնելու իրողությունները: Ինչպես կանխատեսելի էր, այս պարագայում իրավապահ և այլ իրավասու մարմինները լռում են: 

Այս ամենը գնահատելով որպես ՀՀ Սահմանադրության 8-րդ և 46-րդ հոդվածների խախտման, ինչպես նաև ժողովրդավարության հիմքերի տապալման ակնհայտ փորձ

Միջազգային կազմակերպություններից և դիտորդական առաքելություններից պահանջում ենք տալ համարժեք, անաչառ գնահատական իշխող վարչախմբի նման գործելաոճին:

Իրավապահ մարմիններից պահանջում ենք անհապաղ վերադառնալ օրինականության դաշտ՝ պահպանելով Սահմանադրության ու «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի պահանջները։

Հանրության ուշադրությունն ենք հրավիրում քաղաքական իշխանությունների՝ միահեծան նեոբոլշևիզմի և պետական մակարդակով իրականացվող ընտրակոռուպցիայի վրա:

Հայտարարում ենք, որ ՀՅԴ բազմահազար անդամները, համակիրներն ու աջակիցները չեն ընկրկելու պատժիչ մեքենայի ապօրինությունների առջև, չեն վախենալու շինծու հարցաքննություններից և վճռականորեն շարունակելու են պայքարը գործող վարչախմբի դեմ՝ հանուն իրավական, ժողովրդավարական և անվտանգ Հայաստանի:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
22.07.2026թ.