կարևոր
535 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-22 14:44
Հասարակություն

Մեկ շաբաթով երկարաձգվել է քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը

Մեկ շաբաթով երկարաձգվել է քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը

Ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների` մեկ շաբաթով երկարաձգվում է քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը։ Հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ–ից։

Ոլորտային մասնագիտություններով (մշակույթի/արվեստի, սպորտի, բժշկության ոլորտների որակավորումներով, որոնց համար սահմանված է քննություն) ընդունելության հայտերի ներկայացումը hayt-college.emis.am համակարգում կշարունակվի մինչև հուլիսի 31-ը, իսկ ոչ ոլորտային մասնագիտություններով՝ մինչև օգոստոսի 17-ը։

Ոլորտային մասնագիտությունների համար քննությունները կանցկացվեն օգոստոսի 1-15-ն ընկած ժամանակահատվածում։ Ոչ ոլորտային մասնագիտությունների մրցույթն անցկացվում է՝ ըստ ավարտական փաստաթղթի միավորների։

Առաջին փուլի մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո թափուր տեղերի առկայության դեպքում ոչ ուշ, քան օգոստոսի 21-24-ը` ժամը 18:00-ն ներառյալ, կկազմակերպվի ընդունելության երկրորդ փուլը:

Հիշեցնենք, որ մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելությունն այս ուսումնական տարում իրականացվում է ընդունելության նոր կարգով։

Հայտագրման ողջ գործընթացը թվայնացված է և հնարավոր է իրականացնել Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ ծնողի կողմից ստեղծված էջով՝ երկու քայլով․

Քայլ 1 – Մուտք գործեք my.emis.am հարթակ և բացեք օգտատիրոջ էջը: Էջը բացելու մանրամասն քայլերը ներկայացված են «Գրանցում my.emis.am» տեսաուղեցույցում։

Քայլ 2 – Եթե արդեն անցել եք նույնականացում և my.emis.am հարթակում ունեք ձեր էջը, ապա սպասեք հայտագրման մեկնարկին, որպեսզի ընտրեք քոլեջը և նախընտրելի մասնագիտությունը: Հայտերի ներկայացման հաջորդական քայլերը ներկայացված են քոլեջների հայտագրման ուղեցույցում։

Դիմորդը կարող է դիմել մեկ հաստատություն՝ մեկ մասնագիտության համար՝ անվճար և վճարովի ուսուցման հիմունքով: