|
Փոխարժեքներ
21 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.21 |
| EUR | ⚊ | € 444.85 |
| RUB | ⚊ | ₽ 4.8685 |
| GBP | ⚊ | £ 511.21 |
| GEL | ⚊ | ₾ 140.89 |
Դանիայի կազմի մեջ մտնող Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը հայտարարել է, որ հրահանգել է կղզու իշխանություններին և բնակիչներին սկսել պատրաստվել ԱՄՆ-ի հնարավոր ռազմական ներխուժմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Bloomberg-ը։
Հնարավոր ցնցումներին պատրաստվելուն մարդկանց օգնելու համար կղզու կառավարությունը ստեղծում է աշխատանքային խումբ՝ բաղկացած բոլոր տեղական իշխանությունների ներկայացուցիչներից, ասել է Նիլսենը Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկում կայացած մամուլի ասուլիսում։
Գրենլանդիայի կառավարությունը պատրաստվում է բնակչության շրջանում տարածել անհրաժեշտ գործողությունների հանձնարարականներ, այդ թվում՝ առաջարկելով, որ նրանք տանն ունենան հինգ օրվա պարենամթերք։
Հունվարի 20-ին Դանիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի անդամ Ռասմուս Յարլովը հայտարարել է, որ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներխուժի Գրենլանդիա, «դա պատերազմ կլինի, և մենք կկռվենք միմյանց դեմ»։
«Մենք գիտենք, որ ամերիկացիները մեզնից ուժեղ են, բայց մեր պարտքն է պաշտպանել մեր հողը և մեր ժողովրդին», - CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Յարլովը։
Ավելի վաղ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը հայտարարել էր, որ թագավորությունը չի հրաժարվի Գրենլանդիայից, չնայած Թրամփի՝ դանիական տարածքն իր վերահսկողության տակ վերցնելու մտադրության մասին բազմիցս արած հայտարարություններին։