կարևոր
1843 դիտում, 1 օր առաջ - 2026-01-07 14:56
Աշխարհ

Դանիայի և Գրենլանդիայի կառավարությունները հանդիպում են խնդրել ԱՄՆ պետքարտուղարի հետ

Դանիայի և Գրենլանդիայի կառավարությունները հանդիպում են խնդրել ԱՄՆ պետքարտուղարի հետ

Դանիայի և Գրենլանդիայի կառավարությունները դիմել են ԱՄՆ պետքարտուղարություն՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ «անմիջապես» հանդիպում կազմակերպելու խնդրանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Գրենլանդիայի արտաքին գործերի նախարար Վիվիան Մոցֆելդտը։

Ինչպես նշել է նախարարը Facebook-ում, հանդիպմանը կողմերը «կքննարկեն ԱՄՆ-ի կարևոր հայտարարությունները Գրենլանդիայի վերաբերյալ»։ Նա նաև հայտարարել է, որ Ռուբիոյին «չի հաջողվել հանդիպել Գրենլանդիայի կառավարության հետ», չնայած այն բանին, որ ավելի վաղ Դանիան և Գրենլանդիան «2025 թվականին բազմիցս խնդրել են հանդիպում արտգործնախարարների մակարդակով»։

Ավելի վաղ Սպիտակ տնից BBC-ին հայտնել էին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Գրենլանդիային տիրանալու «մի շարք տարբերակներ», այդ թվում՝ ռազմական ուժի կիրառումը։

Թրամփն օրերս կրկին հայտարարել էր, որ Գրենլանդիան ԱՄՆ-ին անհրաժեշտ է՝ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, ինչից հետո Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը զգուշացրել էր, որ ԱՄՆ-ի կողմից ցանկացած հարձակում կնշանակի ՆԱՏՕ-ի վերջ։

Գրենլանդիան Դանիայի կազմում է ինքնավար տարածքի իրավունքներով։ 1951 թվականին Վաշինգտոնը և Կոպենհագենն ի լրումն ՆԱՏՕ-ի գծով դաշնակցային պարտավորությունների, ստորագրել են Գրենլանդիայի պաշտպանության պայմանագիր։ Դրա համաձայն՝ Միացյալ Նահանգները պարտավորություն է ստանձնել պաշտպանել կղզին հնարավոր ագրեսիայից: