|
Փոխարժեքներ
19 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
ՀՀ-ում ակնհայտորեն նկատվում է «ամերիկանացման» քաղաքականությունը։ Եթե գնում ենք «ամերիկանացման» ճանապարհով, ապա վատ չէր լինի, եթե քաղաքական իշխանությունները Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դեմ վարած իրենց քաղաքականության ընթացքում՝ կարգալույծ հոգևորականներին և նրանց դատական հայցերը վարույթ ընդունած դատավորներին «օգտագործելու» մասին որոշում կայացնելիս, նկատի ունենային նաև ԱՄՆ սահմանադրական իրավունքը և Գերագույն դատարանի Milivojevich և Hosanna-Tabor գործերով դիրքորոշումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը։
«Serbian Eastern Orthodox Diocese for United States and Canada v. Milivojevich (1976) գործով Գերագույն դատարանը նշել է, որ պետական (քաղաքացիական) դատարանները չեն կարող միջամտել կրոնական կազմակերպությունների ներքին, կանոնադրական կառավարմանը, վարդապետական վեճերին կամ հոգևորականության նշանակման/հեռացման հարցերին, նույնիսկ եթե այդ որոշումները կարող են թվալ կամայական կամ ընթացակարգային սխալներ պարունակել։ Նման վեճերի լուծումը վերապահված է բացառապես այդ կազմակերպությունների սեփական տրիբունալներին։
Hosanna-Tabor Evangelical Lutheran Church and School v. Equal Employment Opportunity Commission (2012) գործով Գերագույն դատարանը պաշտոնապես ճանաչել և կիրառել է «հոգևորականի բացառության» (ministerial exception) դոկտրինը, որն արգելում է աշխատանքային խտրականության մասին օրենքների կիրառումը կրոնական կազմակերպությունների նկատմամբ, երբ խոսքը վերաբերում է իրենց «հոգևորականների» (լայն իմաստով՝ կրոնական գործառույթներ կատարող անձանց) աշխատանքի ընդունման, պահպանման կամ ազատման հարցերին։ Եկեղեցիներն ունեն սահմանադրական իրավունք՝ առանց պետական միջամտության ինքնուրույն ընտրելու իրենց հոգևոր ղեկավարներին։
Այսպես՝ Hosanna-Tabor գործով ԱՄՆ Գերագույն դատարանը նշել է.
«Հասարակության շահը՝ աշխատանքի ոլորտում խտրականության դեմ օրենքների կիրառման հարցում, անկասկած, կարևոր է։ Սակայն ոչ պակաս կարևոր է նաև կրոնական խմբերի շահը՝ ինքնուրույն ընտրելու, թե ով պետք է քարոզի իրենց հավատը, ուսուցանի իրենց դավանանքը և իրականացնի իրենց առաքելությունը։ Երբ աշխատանքից ազատված հոգևորականը դատական հայց է ներկայացնում իր եկեղեցու դեմ՝ պնդելով, որ իր ազատումը եղել է խտրական, ԱՄՆ Սահմանադրության Առաջին փոփոխությունն արդեն իսկ կատարել է անհրաժեշտ հավասարակշռումը։ Եկեղեցին պետք է ազատ լինի ընտրելու նրանց, ովքեր կուղղորդեն իրեն իր ճանապարհին»:
Ի դեպ, իմ ուսանողների էմպիրիկ հետազոտությունները վկայում են այն մասին, որ Եկեղեցու և հոգևորականների միջև աշխատանքային իրավահարաբերություններ չեն ծագում, աշխատանքային պայմանագիր չի կնքվում, հոգևորականները ՀՀ աշխատանքային օրենսգրքի իմաստով աշխատավարձ չեն ստանում և այլն։ Թեև պետությունը, ըստ ուսանողների հետազոտության, ճանաչում է հոգևորականների ծառայությունը որպես թոշակի իմաստով ստաժ, սակայն դա դուրս է աշխատանքային իրավունքի տիրույթից։
Այսպիսով՝ ոչ միայն ՀՀ սահմանադրական իրավունքի և ՄԻԵԴ-ի իրավունքի, այլ նաև ճյուղային օրենսդրության տեսանկյունից «Եկեղեցի – հոգևորական» բնույթի նման հարցերը դուրս են պետական վերահսկողությունից և քաղաքացիական (պետական) դատարանի ենթակայությունից»,- գրել է Ղամբարյանը։