կարևոր
928 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-22 10:27
Հասարակություն

Ինչպե՞ս կարող է նման հանցավոր պահվածքի տեր անձը ղեկավարել ազգային ակադեմիական թատրոնը

Ինչպե՞ս կարող է նման հանցավոր պահվածքի տեր անձը ղեկավարել ազգային ակադեմիական թատրոնը

Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր ազգային գոյության հենասյուները։ Հայ ժողովրդի համար այդպիսի արժեքներ են, օրինակ, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ մեր ստեղծագործական դիմադրողականության խորհրդանիշը, որը ձևավորել է Երևանի մշակութային սիրտը՝ միավորելով համաշխարհային դասականը և հայկական երաժշտական ավանդույթը, Մատենադարանը՝ մեր հնագույն ձեռագրերի պահոցը, մեր մտքի, լեզվի և ինքնության ամրոցը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը՝ մեր հավաքական հիշողության կենդանի խիղճը, մեր արդարության պահանջի գիտական օջախը, ցեղասպանության ժխտողականության և մոռացության հակակշիռը, Եռաբլուրը՝ մեր Հայրենիքի անկախության համար զոհաբերության սրբավայրը, մեր ժողովրդի ոգու և անկոտրում կամքի վկայությունը։

Եւ այս բոլորի առանցքային օղակ մեր Եկեղեցին, որը դարեր շարունակ, հատկապես պետականության բացակայության ծանրագույն ժամանակաշրջաններում, եղել եւ մնացել է մեր հավատքի, մշակույթի և ազգային ինքնության ամուր հենասյունը։

Մեր բոլոր ազգային հաստատությունները միաբանվում են մեկ բանով՝ նրանք պահում և փոխանցում են մեր պատմական հիշողությունը, ազգային ինքնությունն ու արժանապատվությունը։

Վերջին շրջանում Հայաստանի իշխանությունների կողմից ծավալվող հակաեկեղեցական արշավը վտանգավոր է ոչ միայն իր ուղղակի թիրախի՝ Եկեղեցու համար, այլ մեր ամբողջ ազգային համակարգի։ Երբ արժեզրկվում է Եկեղեցին, փաստացի հարվածի տակ է դրվում այն նույն տրամաբանությամբ ստեղծված մշակութային և պատմական ամբողջ շերտը, որի վրա կանգնած է հայկական ինքնությունը։

Այսինքն, Հայաստանի իշխանությունը Եկեղեցու թիրախավորումը օգտագործելով սպառնում է մեր ազգային արժեքների ամբողջ համակարգին՝ վտանգելով միաժամանակ ժողովրդի միասնականությունը, պատմական ինքնությունը և ազգային արժանապատվությունը։ 

Ինչու՞ է գնում նման քայլերի, որը ըստ էության, նման է թշնամական գործողության, թողնում եմ յուրաքանչյուրի սեփական գնահատականին…

Հակաեկեղեցական արշավի շրջանակում իրականացված բազմաթիվ սրբապղծությունների շարքում հատկապես զազրելի էր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրենի լպիրշ պահվածքը, որի զսպման հորդորի ժամանակ կաթվածահար եղավ Տեր Վրթանես Բաղալյանը։

Ինչպե՞ս կարող է նման հանցավոր պահվածքի տեր անձը ղեկավարել ազգային ակադեմիական թատրոնը՝ այն հաստատությունը, որը համաշխարհային քաղաքակրթության մեջ մեր մշակույթի դեմքն է։ Մի՞թե սա է այն մարդը, ում մենք պետք է դիտարկենք որպես մեր մշակույթի ղեկավար-ներկայացուցիչ, այն էլ համաշխարհային քաղաքակրթության մեջ։ Իհարկե ոչ, իսկ թե ինչու՞ է նա այդ պաշտոնում՝ կրկին թողում եմ յուրաքանչյուրի սեփական գնահատականին…

Եթե այսօր երկրի իշխանությունների հովանավորությամբ նման թշնամական վարքագիծը կարող է կատարվել եկեղեցում, ո՞վ է խանգարելու, որ այն չկրկնվի վաղը Մատենադարանում՝ օրինակ Մշո ճառընտիրը խարույկին տալուն, Հայոց ցեղասպանության թանգարանում՝ ցուցանմուշների կամ փաստաթղթերի պատռելուն, կամ Եռաբլուրում՝ նահատակաց գերեզմանները ջարդելուն, իսկ մինչ այդ Եռաբլուրում արդեն ոտնակոխ արել էին զոհված հերոսի ծնողին, իսկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը նորոգման անվան տակ վանդալիզմի ենթարկել։

Երեկ Եռաբլուրը, այսօր Եկեղեցին, վաղը Մատենադարանն ու Հայոց ցեղասպանության թանգարանը կամ ազգային այլ հաստատություններ…

Երբ Հայաստանի իշխանությունը, որի գլխավոր պարտքն է պաշտպանել Հանրապետության մշակութային ու պատմական ժառանգությունը, ինքն է դարձնում  նույն այդ ժառանգությունը թիրախ, դա բացահայտ ցույց է տալիս՝ նրանց նպատակը ոչ այլ ինչ է, քան ազգային ինքնության և արժանապատվության հիմքերի համակարգային խարխլումը։ Իսկ այդ դեպքում բոլոր իրավունքներով ժողովրդին է մնում իր պետության ու արժեքները պաշտպանության պարտավորությունը։

 

Արմինե Մուքոյան