կարևոր
1054 դիտում, 2 ժամ առաջ - 2025-12-19 10:09
Քաղաքական

Փաշինյանը չի մարսել սեփական ուսապարկերի պահվածքը․ «Հրապարակ»

Փաշինյանը չի մարսել սեփական ուսապարկերի պահվածքը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը, պարզվում է, ոչ մի կերպ չի մարսում նոյեմբերի սկզբներին խորհրդարանում սեփական ուսապարկերի ուշանալը նիստից, երբ ինքը նստած՝ նրանց էր սպասում 26-ի բյուջեի քննարկմանը, եւ այդ հարցը ՔՊ քասթինգի առանցքային հարցերից մեկն է դարձրել։ Հիշենք, որ այդ օրերին ՔՊ-ական պատգամավորները 2 անգամ տհաճ անակնկալ մատուցեցին շեֆին` ուշացան նիստից, որի հետեւանքով քվորում չեղավ, նիստերը 20 րոպե ուշ սկսվեցին։ Նա դա որպես իր անձի հանդեպ անհարգալից վերաբերմունք է գնահատել եւ նախատում էր Ալեն Սիմոնյանին ու Հայկ Կոնջորյանին․ լրագրողական օթյակում անգամ լսվում էին նրա հանդիմանությունները։ Թվում էր, թե ոչ մի արտառոց բան չկար` ՔՊ-ական երեսփոխանները միշտ են անպարտաճանաչ եղել, բայց այս անգամ նյարդային լարված վիճակում գտնվող Փաշինյանը չի մարսել այդ պահվածքը եւ դրանում իր դեմ ուղղված դավադրություն է տեսել` ենթադրելով, որ դա արել են՝ ցույց տալու, թե ինքը չի տիրապետում իրավիճակին։ Մեզ պատմեցին, որ նա վերցրել է այդ օրերի բացակաների ցանկը եւ հիմա՝ նախընտրական ցուցակում թեկնածուների գրանցման գործընթացի` հարցաքննության ժամանակ նախ թեկնածուից ճշտում է, թե ինչու էր այդ օրը ԱԺ նիստից ուշացել, փորձում է հասկանալ, թե որքանով է հիմնավոր կամ անհիմն նրա պատասխանը: Ուզում է համոզվել, որ դա եղել է ոչ թե իր դեմ արված հատուկ քայլ, այլ իսկապես անպարտաճանաչության դրսեւորում։