կարևոր
931 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-26 21:20
Քաղաքական

Վիգեն Էուլջեքյանի ազատ արձակման համար նամակներ են ուղարկվել Թրամփին, նրա տիկնոջը, Իսրայելի և Արգենտինայի նախագահներին

Վիգեն Էուլջեքյանի ազատ արձակման համար նամակներ են ուղարկվել Թրամփին, նրա տիկնոջը, Իսրայելի և Արգենտինայի նախագահներին

Բաքվում բանտարկված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի մասին ընտանիքը որևէ նոր հաստատված տեղեկություն չունի՝ բացառությամբ այն հեռախոսազանգի, որը նրան թույլատրվել էր կատարել անցյալ շաբաթ։ Ինչպես հայտնի է, Ադրբեջանում կալանավորվածների հետ շփումը խիստ սահմանափակված է, և ընտանիքը շարունակում է տառապել թարմացումների լուրջ պակասից։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց միջազգային իրավապաշտպան, Վիգենի փաստաբան Լուչիանա Մինասյանը։

«Մենք անում ենք ամեն ինչ մեր կարողությունների սահմաններում՝ նրա վիճակը վերահսկելու և միջազգային ուշադրությունը նրա գործի հրատապության վրա հրավիրելու համար»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ 45-օրյա լռությունից հետո Բաքվում բանտարկված Վիգեն Էուլջեքյանը վերջապես զանգահարել էր կնոջն ու տեղեկացրել, որ առողջական վիճակը կտրուկ վատացել է, չի կարողանում քայլել, իսկ բանտապահները հրաժարվում են տրամադրել բժշկի նշանակած դեղերը։

Լուչիանա Մինասյանը նաև հայտնեց, որ Վիգենի վիճակը մեղմելու համար ձեռնարկվում են մի շարք քայլեր, այդ թվում՝ միջազգային կառույցներին դիմելը։

«Վերջին զարգացումների՝ նրա քայլելու անկարողության, դեղորայքի մերժման, սննդից զրկվելու և անվասայլակի բացակայության մասին հաղորդելու իրավական և ընթացակարգային ճիշտ եղանակը այս նոր փաստերը ներկայացնելն է որպես լրացում ՄԱԿ-ի կամայական կալանքի հարցերով աշխատանքային խմբի (WGAD) առջև ընթացող գործին։ Մենք արդեն սկսել ենք այս գործընթացը։ Քանի որ WGAD-ում կա ակտիվ գործ, ճիշտ մեթոդը թարմացված տեղեկատվություն տրամադրելն է որպես նոր ապացույց, այլ ոչ թե առանձին ընթացակարգ սկսել, ինչը կարող է դանդաղեցնել կամ բարդացնել վերանայումը։

Ինչ վերաբերում է միջազգային կազմակերպություններին՝ ցավոք նրանք այլևս թույլտվություն չունեն մուտք գործելու Ադրբեջան՝ հայ ռազմագերիներին այցելելու կամ դատավարություններին մասնակցելու նպատակով։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Ադրբեջանից վտարումը ստեղծել է անկախ վերահսկողության լիակատար վակուում։ Սա անհնար է դարձնում ՄԱԿ-ի դիտորդների, մարդու իրավունքներով զբաղվող ՀԿ-ների կամ բժշկական դիտորդների մուտքը կալանավայրեր։ Չնայած դրան՝ մենք ակտիվ կապի մեջ ենք Ադրբեջանից դուրս գործող այլ ՀԿ-ների հետ։ Օրինակ՝ «Քրիստոնեական համերաշխության միջազգային» կազմակերպությունը տեղեկացվել է իրավիճակի մասին և արդեն հրապարակային հայտարարություններ է արել՝ լիովին տեղյակ լինելով Վիգենի գործի լրջությանը։ Մենք շարունակում ենք համագործակցել բոլոր այն կազմակերպությունների հետ, որոնք պատրաստակամ են աջակցել միջազգային մակարդակով»,– ասաց նա։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: