կարևոր
394 դիտում, 2 ժամ առաջ - 2025-11-07 17:29
Իրավական

Սամվել Կարապետյանի գործով խախտվում են նաև Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները․ Արամ Վարդևանյան

Սամվել Կարապետյանի գործով խախտվում են նաև Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները․ Արամ Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանն Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է ազգային բարերար Սամվել Կարապետյանի՝ ապօրինի քաղաքական հետապնդման հետ կապված ՔԿ նախագահի հայտարարություններին։

«Զարմանք է առաջացնում, թե ինչպես էր Քննչական կոմիտեի նախագահը որոշակի զարմանքով դիրքորոշում ներկայացնում այն մասին, թե ինչպես է հնարավոր այս քրեական վարույթի շրջանակներում, օրինակ, կոչի դրվագը՝ «Մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը» նախադասությունը, ըստ քննչական մարմնի և դատախազության, հանդիսանում իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ։ Քննչական կոմիտեի նախագահը զարմանք էր արտահայտում, թե ինչպես է հնարավոր նշված դրվագն անջատել քրեական վարույթից և ուղարկել դատարան»,- ասել է Վարդևանյանը։

Նա հիշեցրել է, որ 130 օրից ավելի է՝ Սամվել Կարապետյանը կալանավորված է, և Քննչական կոմիտեի 53 քննիչներից բաղկացած խումբն այդպես էլ չի կարողանում այդ գործով որևէ վերջնական վարութային ակտ կայացնել։

Փաստաբանը զուգահեռներ է անցկացնում՝ մատնանշելով․ «Օրինակ, Միքայել Սրբազանի դեպքում ենթադրյալ կոչի դրվագով նախաքննությունը տևեց մոտ 20 օր։ Հանրային գործիչ, նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի վերաբերյալ ենթադրյալ կոչի դրվագը կրկին տևեց մոտ 20 օր։ Բայց Սամվել Կարապետյանի դեպքում այն տևում է 130 օրից ավելի, և որևէ վերջնական վարութային ակտ չկա»։

Վարդևանյանը նշել է, որ Քրեական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը ուղիղ մեխանիզմ է նախատեսում, թե ինչպես է հնարավոր նման վարույթից մասեր անջատել, քանի որ Կարապետյանի գործում առկա են նաև մի շարք անհասկանալի տնտեսական բնույթի մեղադրանքներ։

Ըստ նրա՝ օրենսգրքի վկայակոչված հոդվածը թույլ է տալիս անջատել նոր վարույթի շրջանակներում, կայացնել վարութային գործողություններ, այդ թվում՝ վերջնական գնահատական տալ և, օրինակ, ուղարկել դատարան։ Փաստաբանը նշում է, որ այլ սպասում չունի Քննչական կոմիտեից, թեև իրավունքի գերակայության պարագայում նրանք պետք է քրեական հետապնդումը դադարեցնեին ընդհանրապես։ 

«Ի վերջո, այս 5 ամսվա նախաքննությունը ցույց է տալիս, որ այստեղ նպատակը բնավ իրավական պրոցեսը չէ։ Այստեղ նպատակը հաշվեհարդարն է, քանի որ հունիսի 17-ին նման խոստում էր տրվել»,- հավելել է Վարդևանյանը։

Մանրամասները տեսանյութում։