կարևոր
2068 դիտում, 4 ժամ առաջ - 2025-11-01 18:01
Աշխարհ

Իրանը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ գործարքի հասնելը․ Աբբաս Արաղչի

Իրանը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ գործարքի հասնելը․ Աբբաս Արաղչի

Իրանը չի ցանկանում ուղիղ բանակցել ԱՄՆ-ի հետ, սակայն հնարավոր է համարում միջնորդավորված երկխոսության միջոցով Վաշինգտոնի հետ միջուկային համաձայնագրի հասնելը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Մենք Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցելու ցանկություն չունենք, բայց կարող ենք համաձայնության հասնել անուղղակի երկխոսության միջոցով․․․ Մենք պատրաստ ենք բանակցությունների՝ մեր խաղաղ բնույթի միջուկային ծրագրի վերաբերյալ մտահոգությունները վերացնելու համար»,-ասել է նախարարը «Al Jazeera» հեռուստաալիքին։

Իրանի արտգործնախարարը կարծում է, որ «արդար համաձայնության» հասնելու հնարավորություն կա, սակայն Վաշինգտոնն անընդունելի պայմաններ է առաջադրել: Նա կրկին հայտարարել է, որ Իրանի միջուկային նյութերը մինչ օրս փլատակներում են երկրի միջուկային օբյեկտներին հասցված ամերիկյան և իսրայելական հարվածներից հետո և այլ վայր չեն տեղափոխվել:

Արաղչին նաև ընդգծել է, որ Իրանը մտադիր չէ դադարեցնել ուրանի հարստացումը և չի պատրաստվում բանակցել երկրի հրթիռային ծրագրի շուրջ:

«Որևէ ողջամիտ մարդ զինաթափման չի գնա»,-ասել է նախարարը Իրանի հրթիռային ծրագրի քննարկման հնարավորության մասին:

Նա նաև հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ցանկացած հնարավոր իրավիճակի և Իսրայելի կողմից ցանկացած թշնամական գործողությունների, թեև Մոսկվան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի` հոկտեմբերի 6-ին կայացած հեռախոսազրույցից հետո Թեհրանին տեղեկացրել է, որ Իսրայելը Իրանի հետ հակամարտության մեջ մտնելու շահագրգռվածություն չունի։