կարևոր
694 դիտում, 5 ժամ առաջ - 2025-10-09 10:35
Իրավական

Բագրատ Սրբազանի դեմ գործով ոչ մի քննիչ ու դատախազ պատասխանատվության չի ենթարկվել

Բագրատ Սրբազանի դեմ գործով ոչ մի քննիչ ու դատախազ պատասխանատվության չի ենթարկվել

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների դեմ «ռեպրեսիաների» գործով որևէ դատախազի նկատմամբ ծառայողական քննություն չի իրականացվել հանրությանը խիստ աղավաղված տեղեկություններով, այդ թվում՝ ձայնագրություններով մոլորեցնելու համար։ Այս մասին գրում է «Փաստինֆոն»։

Լրատվամիջոցը հարցումով դիմել է գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե արդյոք Բագրատ սրբազանի և մյուսների վերաբերյալ քրեական վարույթի նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնող դատախազի կամ դատախազների նկատմամբ ծառայողական քննություն նշանակվել է հանրությանն աղավաղված տեղեկատվություն, այդ թվում՝ խիստ մոնտաժված ձայնագրություններ փոխանցելու, հանրությանը մոլորեցնելու համար, արդյոք վերադաս դատախազը համապատասխան գրությամբ դիմել է ՔԿ-ին՝ գործը քննող քննիչի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար։

Դատախազությունից պատասխանել են, որ կարգապահական վարույթ առկա չէ։

«Փաստինֆոն» հիշեցնում է, որ Բագրատ սրբազանի և մյուսների դեմ հարուցված ռեպրեսիաների գործով ՔԿ-ն ձայնագրություններ էր հրապարակել՝ հանրությանը հրամցնելով տեղեկություններ՝ բողոքի ակցիաների մասին գնահատականները կամ թմրավաճառներին իբրև մահապատժի ենթարկելու մասին քննարկումները ներկայացնելով իբրև ահաբեկչության նախապատրաստման և իշխանության յուրացում, մինչդեռ ձայնագրությունների խիստ մոնտաժված լինելը փաստվել է անգամ քրեական գործի նյութերով, որոնք մաս-մաս հրապարակել են պաշտպանները՝ հայտնելով, որ, օրինակ, «գյուլլելու» դրվագը վերաբերել է թմրավաճառների նկատմամբ մահապատիժ սահմանելուն։

Ավելին` կեղծ տվյալներ հրապարակելու հիմքով դատարանում քննվող գործի շրջանակում պաշտպանները բարձրաձայնել էին նաև դատախազների բացարկման ենթակա լինելու հանգամանքը։ Բացարկի միջնորդությունները, իհարկե, մերժվել են, հանրային մեղադրողներն էլ դիրքորոշում են հայտնել, թե պաշտպանները կարող էին հաղորդում ներկայացնել, եթե գտնում են, թե կեղծված տեղեկություններ են տարածվել։