Փոխարժեքներ
05 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.76 |
EUR | ⚊ | € 449.25 |
RUB | ⚊ | ₽ 4.6684 |
GBP | ⚊ | £ 514.85 |
GEL | ⚊ | ₾ 140.62 |
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ երկրի իշխանությունները պատասխանատվություն են կրում ընտրողների առաջ՝ «լիովին չեզոքացնելու» կոլեկտիվ «Ազգային շարժումը», հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։
«Մենք պատասխանատվություն ունենք ընտրողների առաջ՝ լիովին չեզոքացնելու կոլեկտիվ «Ազգային շարժումը», երկրի ներսում գործող օտարերկրյա գործակալական ցանցը, որպեսզի վերջնականապես ձևավորվի առողջ, ժողովրդավարական քաղաքական համակարգ», — հայտարարել է Կոբախիձեն «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակում կայացած ճեպազրույցի ժամանակ։
Ըստ Կոբախիձեի, վերջին չորս տարվա ընթացքում «Ազգային շարժման» անդամները հինգ անգամ փորձել են տապալել իշխանությունը, կազմակերպել մայդան, քաոս առաջացնել երկրում, և դրա համար երեկ պետության կողմից տրվել է համապատասխան պատասխան։
«Ինչպես ձեզ հայտնի է, իշխանության տապալման փորձը ևս ձախողվել է։ Վերջին չորս տարում մենք տեսել ենք «ազգային մայդան» կազմակերպելու արդեն հինգերորդ փորձը։ Այդ ընթացքում «նացի»-ները հինգ անգամ փորձել են տապալել իշխանությունը, մայդան կազմակերպել, անկարգություններ առաջացնել երկրում, և դրա համար երեկ պետության կողմից տրվել է համապատասխան պատասխանը։
Ցանկանում եմ ընդգծել, որ մենք պատասխանատվություն ենք կրում ավելի քան 1 100 000 ընտրողների առաջ՝ վերջնականապես ազատելու մեր երկիրը այս հիվանդությունից, որը կոչվում է կոլեկտիվ «Ազգային շարժում»։ Կոլեկտիվ «Ազգային շարժում» ասելով նկատի ունենք համապատասխան քաղաքական կուսակցությունները, բոլոր օտարերկրյա գործակալներին, որոնք հանգիստ չեն տալիս այս երկրին։ Նկատի ունենք այն ծայրահեղական կազմավորումները, որոնք գործում են օտարերկրյա հատուկ ծառայությունների հրահանգներով և ֆինանսավորմամբ։ Այդ նպատակով, օրինակ, օգտագործվում է Սահակաշվիլիի ընտանիքի կողմից վերահսկվող համալսարաններից մեկը։
Գոյություն ունեն կազմակերպություններ, օրինակ՝ «Պարի», «Միասնություն» և այլն։ Դրանք ծայրահեղական կազմավորումներ են, որոնց միջոցով, ինչպես նաև այլ խմբերի միջոցով, վերջին մեկ տարվա ընթացքում փողոցներ են փակվել՝ 100, 50, 150 մարդով և այլն։ Իհարկե, դա սխալ է։ 110 մարդ չի կարող փակել ճանապարհը 1 100 000 մարդու առաջ։ Ինչո՞վ էր պայմանավորված այս ամենը։ Նպատակը պետությանը և տնտեսությանը վնաս հասցնելն էր։ Նրանց չի հաջողվել զգալի վնաս հասցնել, բայց որոշակի վնաս, այնուամենայնիվ, հասցրել են այս երկրին և պետությանը», — հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։