կարևոր
619 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-05 11:17
Հասարակություն

Ինչու՞ Եվրոպան և Աֆրիկան մինչ այժմ միացված չեն կամուրջով

Ինչու՞ Եվրոպան և Աֆրիկան մինչ այժմ միացված չեն կամուրջով

Եվրոպան և Աֆրիկան իրարից բաժանված են ընդամենը 14 կիլոմետրով։ Նման երկարության կամուրջ կառուցելը, ներկայիս տեխնոլոգիական հնարավորությունների պայմաններում, թվում է՝ մեծ խնդիր չէ։ Այո, դրա համար հարկավոր են հսկայական ֆինանսական միջոցներ, սակայն եթե նույնիսկ Իսպանիան ու Մարոկկոն նման ռեսուրսներ չունեն, ապա ինչո՞ւ հարուստ եվրոպական երկրները չեն կարող համատեղ ուժերով ֆինանսավորել կամուրջի կառուցումը։ Այդպիսի կամուրջը կկրճատեր ծախսերն ու ժամանակը բեռնափոխադրումների համար, կպարզեցներ լոգիստիկան և կբացեր հսկայական հնարավորություններ առևտրի ու տուրիզմի զարգացման համար։ Վերջապես, Լա Մանշի տակով թունել են կառուցել՝ երկարությամբ 34 կմ, իսկ Պանամայի ջրանցքը՝ 82 կմ։ Չինաստանում էլ կառուցվում են շատ ավելի երկար կամուրջներ։ Նույնիսկ Ղրիմի կամուրջը՝ 19 կմ երկարությամբ, ունի 7.5 կմ ծովային հատված։

Թվում է՝ տեխնիկապես հնարավոր է։ Ուրեմն ինչո՞ւ չեն կառուցում կամուրջ Ջիբրալթարի նեղուցի վրայով։ Շատերը կարծում են, թե պատճառը Եվրոպայի վախն է՝ կապված աֆրիկացի միգրանտների հնարավոր հոսքի հետ։ Սակայն իրականում խնդիրն այլ է։

Գլխավոր պատճառն այն է, որ Ջիբրալթարի նեղուցը չափազանց խորն է։

Միջին խորությունը՝ մոտ 340 մետր,

սովորական հատվածներում՝ 800 մետր,

իսկ առավելագույնը՝ 1180 մետր։

Համեմատության համար՝ Ղրիմի նեղուցի խորությունը՝ ընդամենը 18 մետր, Լա Մանշի՝ 174 մետր։

Նույնիսկ Լա Մանշի դեպքում կամուրջ չկառուցվեց, այլ կառուցվեց թունել, որը տնտեսագետների հաշվարկով կծախսափակվի միայն մոտ 1000 տարի հետո։

Ջիբրալթարի դեպքում ամենախորը հատվածում մեկ հենասյունը պետք է լիներ ավելի բարձր, քան Բուրջ-Խալիֆա աշտարակը (աշխարհի ամենաբարձր շենքը)՝ մոտ 1.5 անգամ ավելի բարձր։ Իսկ այդպիսի հենասյուներ պետք է լինեին հարյուրավոր, եթե ոչ՝ հազարավոր։

Այլ խոչընդոտներ

Բացի խորությունից, կան նաև մի շարք այլ լուրջ խնդիրներ․

Ուժեղ հոսանքներ։

Ջիբրալթարի նեղուցով տարեկան անցնում է մոտ 110 տրիլիոն խորանարդ մետր ջուր՝ ավելի շատ, քան Երկրի բոլոր գետերի հզորությունը և 4 անգամ ավելի, քան Բայկալ լճի ամբողջ ծավալը։

Հակառակ ուղղությամբ հոսքեր։

Վերին շերտերում ջուրը հոսում է Ատլանտիկայից դեպի Միջերկրական ծով (արևմուտքից արևելք), իսկ ստորին շերտերում՝ հակառակ ուղղությամբ՝ արևելքից արևմուտք։ Այսպիսով Միջերկրական ծովը կարծես «շնչում է»՝ Ատլանտյան օվկիանոսի հետ ջրերի մշտական փոխանակմամբ։ Սա ոչ միայն բարդացնում է շինարարությունը, այլ նաև առաջացնում է մեծ ճնշումներ՝ տարբեր ուղղություններից միաժամանակ։

Սեյսմիկ և եղանակային վտանգներ։ Ջիբրալթարի տարածաշրջանը ենթակա է երկրաշարժերի, ջրհեղեղների, ուժեղ փոթորիկների, ինչը կպահանջեր աննախադեպ ինժեներական պաշտպանություն։

Եզրակացություն

Այս ամենը միասին նշանակում է, որ նման կամուրջ տեխնիկապես կառուցել հնարավոր է միայն տեսականորեն, բայց գործնականում՝ չափազանց թանկ և ռիսկային է։ Նույնիսկ եթե այն կառուցվեր, տնտեսական տեսանկյունից այն երբեք չէր արդարացվի։

Այդ պատճառով Եվրոպան և Աֆրիկան շարունակում են բաժանված մնալ՝ ինչպես Հերակլի և Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակներում․ նեղուցը դեռևս անանցանելի սահման է մարդկության համար։

Լևոն Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն