կարևոր
619 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-01 15:29
Քաղաքական

Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը պետք է իրացվի. Արտակ Բեգլարյանը՝ ՄԱԿ-ի հարակից միջոցառմանը

Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը պետք է իրացվի. Արտակ Բեգլարյանը՝ ՄԱԿ-ի հարակից միջոցառմանը

Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 29-ին Ժնևում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 60-րդ նստաշրջանի շրջանակներում բանախոսել է Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հետ կապված հարակից միջոցառմանը, որը կազմակերպվել էր «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության կողմից և որին բանախոսել են նաև Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամներ Էրիխ Ֆոնտոբելն ու Նիկոլա Վալդերը և միջազգային ճանաչում ունեցող իրավաբան Փոլ Ուիլյամսը:

Հյուրընկալ կազմակերպության ներկայացուցիչ Աբի Մքդուգալի ծանոթագրությունից հետո՝ շվեյցարացի խորհրդարանականները ներկայացրել են Խաղաղության շվեյցարական նախաձեռնության էությունն ու նպատակները: Նրանք նշել են, որ չի կարող կայուն ու արդար խաղաղություն լինել տարածաշրջանում՝ առանց Արցախի ժողովրդի վերադարձի: Փոլ Վիլիամսը բարձր է գնահատել նախաձեռնության նշանակությունը՝ կարևորելով հետագա փուլերում վերադարձի հիմնական հարցերի ու պայմանների հստակեցման անհրաժեշտությունը:

Արտակ Բեգլարյանը շեշտադրել է տեղահանված արցախցիների ցանկությունը վերադառնալու Արցախ՝ կարևորելով միջազգային հանրության աջակցությունն այդ գործում: Նա նշել է, որ իրավական հիմքերն ամբողջապես առկա են, և պարզապես քաղաքական կամք է պետք վերադարձն ապահովելու համար:

Միջոցառման ամբողջական տեսագրությունը հասանելի է հետևյալ հղմամբ՝

Արտակ Բեգլարյանի ելույթի ամբողջական տեքստը ներկայացվում է ստորև.

«Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Նախևառաջ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպությանը՝ այս միջոցառումը կազմակերպելու համար, ինչպես նաև Շվեյցարիայի պատգամավորներին՝ հատկապես Էրիխ Ֆոնտոբելին և Նիկոլա Վալդերին, իմ ժողովրդի և մարդկության ձայնը բարձրացնելու համար։

Այսօր ելույթ եմ ունենում այն ժողովրդի անունից, որը մինչև վերջերս հազարամյակներ շարունակ ապրել է իր նախնիների հողի վրա՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայերի, և որն այժմ կանգնած է իր գոյության ամենածանր մարտահրավերի առջև։

Ի՞նչ տեղի ունեցավ

2020 թ․ Ադրբեջանի ագրեսիայից և մասնակի էթնիկ զտումներից հետո, 2023թ․-ին Արցախի ողջ բնակչությունը ենթարկվեց Ադրբեջանի կողմից գրեթե 10 ամիս տևած շրջափակման, որին հաջորդեց ռազմական հարձակում։ Այդ հարձակման հետևանքով շուրջ 120,000 մարդ ստիպված եղավ մեկ շաբաթից էլ քիչ ժամանակում լքել իր հայրենիքը։

Աշխարհի անկախ ձայները, ներառյալ՝ Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան, Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն և ՄԱԿ-ի ցեղասպանության կանխարգելման հարցերով առաջին հատուկ խորհրդական Խուան Մենդեզը, այս իրադարձությունները գնահատեցին որպես ցեղասպանություն։ Freedom House-ը, Եվրոպական խորհրդարանը և այլ կառույցներ դրանք որակեցին որպես էթնիկ զտում։

Մեր ժողովուրդը ցանկանում էր մնալ և խաղաղ ապրել իր հողում։ Սակայն ռուս խաղաղապահները չապահովեցին անվտանգության երաշխիքները, իսկ միջազգային հանրությունը՝ հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, արդյունավետ չգործեցին՝ կանխելու զանգվածային ոճրագործությունները։ Աշխարհաքաղաքական մրցակցությունը ստվեր գցեց խոցելի քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու հիմնարար պարտականության վրա։

Ինչ ենք մենք ուզում

Այսօր մեր պահանջը պարզ ու արդար է և համապատասխանում է միջազգային իրավունքին: Մենք ուզում ենք վերադառնալ մեր տները։ Վերադառնալ ոչ թե որպես սփռված ու սպառնալիքի ներքո գտնվող անհատներ, այլ որպես համայնք՝ ապրելու ապահով, արժանապատիվ, համախմբված, խաղաղ և կայուն կյանք։

Արցախցի փախստականների շրջանում Հայաստանում վերջերս անցկացված հարցման արդյունքներով՝ 87%-ը ցանկանում է վերադառնալ հայրենիք։ Սա քաղաքական հայտարարություն չէ․ սա ժողովրդի կամքի հստակ և չափելի դրսևորում է։

Որո՞նք են վերադարձի իրավունքի հիմքերը

Մեր վերադարձի իրավունքը ոչ թե քաղաքականության, այլ իրավունքի հարց է։

Միջազգային կարևոր կոնվենցիաները ճանաչում են բոլոր տեղահանված անձանց՝ իրենց տներ վերադարձի իրավունքը։ Իսկ կոնկրետ Արցախի պարագայում, 2023թ․ նոյեմբերի 17-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին ապահովել Արցախի հայերի անհապաղ, անվտանգ և անարգել վերադարձը։

Բացի այդ՝ 2023 թ․ հոկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 40 անդամ պետություններ, այդ թվում՝ Հայաստանը և Շվեյցարիան, ինչպես նաև ԱԽ երեք մշտական անդամներ՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը, համատեղ կոչ արեցին Ադրբեջանին ստեղծել պայմաններ այն անձանց կամավոր, անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի համար, ովքեր ցանկանում են վերադառնալ։
Մենք բարձր ենք գնահատում նաև Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության շվեյցարական նախաձեռնությունը՝ Շվեյցարիայի խորհրդարանում ընդունված 24.4259 համարի որոշման հիման վրա, որը կոչ է անում միջազգային խաղաղության ֆորում անցկացնել Արցախի հարցի շուրջ։ Սա այն ներառական և չեզոք երկխոսության մեխանիզմն է, որն անհրաժեշտ է իրավունքահեն և իրական կարգավորման նախապատրաստման համար։ Կարևոր է ընդգծել, որ այս որոշումը պարտադիր է Շվեյցարիայի կառավարության համար, և մեր ժողովուրդն ակնկալում է որոշակի առաջընթաց այս ուղղությամբ։

Ներկայիս իրավիճակը

Չնայած այս ուժեղ իրավական և քաղաքական հիմքերին, սակայն, ցավոք, մեր ժողովուրդը շարունակում է անտեսված մնալ։

Վերջերս ընդունված փաստաթղթերը, ներառյալ՝ Վաշինգտոնի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին ստորագրված հռչակագիրն ու համաձայնագիրը, խոսում են «խաղաղության» մասին, սակայն ոչինչ չեն ասում այս հակամարտության հիմնական տուժած կողմի և անմիջական մասնակցի՝ Արցախի ժողովրդի իրավունքների, անվտանգության և ապագայի մասին։

Իհարկե, լավ է, որ հակամարտության որոշ հարցեր լուծվում են այդ փաստաթղթերով։ Սակայն տուժած համայնքին չանդրադարձող խաղաղության գործընթացը չի կարող անվանվել համապարփակ կամ կայուն։ Իրական խաղաղությունը պետք է լինի ներառական և արդար, ինչը նշանակում է, որ մեր ժողովրդի ապահով, հավաքական, արժանապատիվ և կայուն վերադարձը պետք է դնել ցանկացած կարգավորման կենտրոնում։

Վերադարձի պայմանները

Վերադարձը իմաստալից և կայուն լինելու համար պետք է բավարարվեն հետևյալ պայմանները․Միջազգային անվտանգության կայուն ու ամուր երաշխիքներ, ներառյալ՝ տեղում մանդատակիր ներկայություն՝ քաղաքացիական բնակչության պաշտպանության համար։

Ադրբեջանի ցեղասպանական վերահսկողության բացառում՝ հնարավոր նոր հանցագործությունները կանխելու համար։

Համատեղ միջազգային և տեղական վարչակազմ՝ վստահություն ձևավորելու, վերականգնումն ապահովելու և մարդու իրավունքները երաշխավորելու համար։

Հայաստանի հետ ցամաքային և օդային ապահով և հուսալի կապ։

Ադրբեջանի հարակից տարածքների ապառազմականացում՝ իրական խաղաղության գոտի ստեղծելու համար։

Ադրբեջանի հայատյացության քաղաքականության վերացում, որը շարունակաբար խթանում է հայերի դեմ հանցագործությունները։

Արդարությանն և իրական հաշտեցմանն ուղղված միջազգային ջանքեր՝ կայուն խաղաղության հիմքեր կառուցելու համար։

Նախքան այս բոլոր պայմանների ապահովումը, անհրաժեշտ է նաև մի շարք հրատապ քայլեր ձեռնարկել, ներառյալ՝

Ա. Միջազգային մշտադիտարկում մշակութային ժառանգության և գույքային իրավունքների վերաբերյալ, ինչպես պարտավորեցրել է Արդարադատության միջազգային դատարանը՝ Ադրբեջանի կողմից շարունակվող ավերածությունները և անօրինական բնակեցումները կասեցնելու համար։
Բ. Մինչև վերադարձի կյանքի կոչումը միջազգային հանրությունը պետք է օգնի պահպանել Հայաստանում բնակվող մեր տեղահանված ժողովրդի ինքնությունը, մշակույթը և արժանապատվությունը, քանի որ այսօրվա համայնքի պահպանումն էական է վաղն այն վերակառուցելու համար։
Գ. Բոլոր հայ պատանդները պետք է ազատ արձակվեն Ադրբեջանի բանտերից։
Դ. Պետք է կիրառվեն որոշակի միջազգային պատժամիջոցներ Ադրբեջանի և ալիևյան ռեժիմի նկատմամբ՝ ցույց տալու, որ զանգվածային ոճրագործությունները չեն մնում անպատիժ։
Ե. Պետք է ստեղծվի միջազգային մեխանիզմ և հարթակ՝ մեր իրավունքների ապահովման և Արդարադատության միջազգային դատարանի որոշման իրագործման համար, ինչպես արվում է Խաղաղության շվեյցարական նախաձեռնության շրջանակում։
Զ. Արցախի ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչները պետք է ներգրավվեն իրական երկխոսության և քննարկումների մեջ նշված միջազգային մեխանիզմի շնորհիվ։ Այդպիսի ներկայացուցիչներ կարող են լինել թե՛ ժողովրդավարական կերպով ընտրված պատգամավորները, թե՛ նրանց կողմից լիազորված անձինք։

Հարգելի տիկնայք և պարոնայք,

Վերադարձի իրավունքը միայն տարածք վերադառնալու մասին չէ․ այն ժողովրդի հավաքական և անհատական իրավունքների, նրանց ապագայի, մշակույթի և գոյության վերականգնման մասին է։

Ես կորցրել եմ հորս և տեսողությունս՝ 1990-ականների պատերազմի հետևանքով։ Կորցրել եմ մորս՝ այդ ողբերգությունների պատճառով։ Իմ երկու երեխաների հետ միասին բռնի տեղահանվել եմ հայրենիքիցս և հազիվ խուսափել եմ ադրբեջանական առևանգումից։ Այնուամենայնիվ, ես չեմ ատում ադրբեջանցի ժողովրդին, բայց հանցագործներին ատում եմ։ Ես դեռ հավատում եմ, որ հնարավոր է իրական խաղաղություն և հաշտեցում կառուցել հայերի և ադրբեջանցիների միջև, եթե լսվեն բոլոր տուժած խմբերի ձայները և լիարժեք հարգվեն նրանց իրավունքները։

Հետևաբար, մենք կոչ ենք անում Շվեյցարիայի կառավարությանը և ամբողջ ՄԱԿ համակարգին ձեռնարկել հստակ քայլեր՝ իրագործելու Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր կատարման ենթակա որոշումը, աջակցելու Խաղաղության շվեյցարական նախաձեռնությանը և ապահովելու, որ այս հակամարտության ելքը որոշվի արդարությամբ, այլ ոչ թե աշխարհաքաղաքական շահերով:

Արցախի ժողովուրդը պատրաստ է վերադառնալ իր հայրենիք: Այժմ մեզ անհրաժեշտ է աշխարհի քաղաքական կամքը՝ այդ վերադարձը ապահով, արժանապատիվ, անխոչընդոտ և կայուն դարձնելու համար։

Շնորհակալություն»։