Փոխարժեքներ
16 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.12 |
EUR | ⚊ | € 450.36 |
RUB | ⚊ | ₽ 4.6192 |
GBP | ⚊ | £ 521.31 |
GEL | ⚊ | ₾ 141.63 |
Հիշողության խոսք ՆԳՆ վետերան Ասքանազ Վարդապետյանի մասին
Մորս եմ հիշում հաց թխելիս՝
Մեր հին թոնրի կողքին նստած,
Լուռ ու մունջիկ արտասվելիս՝
Արցունքները հացին խառնած…
Այս տողերը Ներքին գործերի նախարարության վետերան, պահեստի գնդապետ, «Ջավախք» հայրենակցական բարեգործական միության նախկին երկարամյա փոխնախագահ երջանկահիշատակ Ասքանազ Տաճատի Վարդապետյանինն են, ում 100-ամյակը լրացավ օրերս: Նրա անցած կյանքի ուղին, հիրավի, վառ օրինակ կարող է ծառայել իր գործին և հայրենիքի նվիրյալների համար:
Ասքանազ Վարդապետյանը ծնվել է 1925 թ. սեպտեմբերի 15-ին Վրացական ԽՍՀ Բոգդանովկայի շրջանի (ներկայումս Վրաստանի Հանրապետության Սամցխե-Ջավախքի մարզի Նինոծմինդայի մունիցիպալիտետ) Փոքր Գոնդուրա գյուղում:
1942 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը և մեկնել Հայրենական Մեծ պատերազմի ռազմաճակատ: Բերված բնաբանն էլ ներկայացնում է հիշողություններում մոր պատկերը՝ որդուն ռազմաճակատ ճանապարհելիս: Նա մասնակցել է Հյուսիսային Կովկասի, Ուկրաինայի, Հունգարիայի համար մղվող մարտերին, հասնելով մինչև Բեռլին: Պատերազմից հետո ընդունվել է Լենինգրադի ռազմական ակադեմիան և ծառայությունը շարունակել բանակում մինչև 1955 թվականը: 1955 թվականից աշխատանքի է անցել ՀԽՍՀ ՆԳՆ համակարգում:
Աշխատանքին զուգահեռ սովորել և 1961 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Մինչև 1966 թվականը աշխատել է Լենինական (այժմ Գյումրի) քաղաքի ՆԳՆ բաժնում նախ տեսուչ, այնուհետև՝ օպերլիազոր, քրեական հետախուզության բաժանմունքի պետ և քաղաքային միլիցիայի բաժնի պետ:
1966-1970 թվականներին աշխատել է Երևանի միլիցիայի դպրոցում որպես կուրսերի պետ, իսկ 1970-1972 թվականներին՝ Ներքին գործերի նախարարության մոբիլիզացիոն աշխատանքների և քաղաքացիական պաշտպանության բաժնի պետ:
ՆԳՆ համակարգից կենսաթոշակի անցնելուց հետո 15 տարի աշխատել է Արդարադատության նախարարությունում:
Ազգային զարթոնքի տարիներին Ջավախք աշխարհին և իր հայրենակիցներին օգտակար լինելու բարձր գիտակցումով ընդգրկվել է «Ջավախք» հայրենակցական բարեգործական միության ղեկավար կազմի մեջ որպես փոխնախագահ և ակտիվորեն աշխատել մինչև կյանքի վերջ:
Ասքանազ Վարդապետյանը նաև բանաստեղծական խառնվածքի տեր անձնավորություն էր և հմուտ մանկավարժ: Նա դասավանդել է Արդարադատության նախարարության համակարգի վերապատրաստման դասընթացներում և Երևանի տարբեր բուհերում՝ մասնակցելով հանրապետության իրավաբան մասնագետների ուսուցման գործին և փոխանցելով իր գիտելիքներն ու փորձը երիտասարդներին:
Նա մարդամոտ, սրտակից, կատակասեր և արդարամիտ անձնավորություն էր, իր ներկայությամբ առանձնահատուկ շուք և հեղինակություն էր հաղորդում շրջապատին: Լենինականում աշխատած տարիներին լուրջ աշխատանքներ է տարել անչափահասներին թաղային «հեղինակությունների» որոգայթներից հանելու ուղղությամբ: Զրուցում էր ուսուցիչների, ծնողների հետ, հետևում փողոցներում թափառող անչափահասների վարքին: Անչափահասների հետ նրա հոգեբանական զրույցները մեծ ազդեցություն էին թողնում, նրա խոսքն ավելի զորեղ և ազդու էր քան մյուսներինը: Նա իր պատկառազդու արտաքինով, հատու և հստակ խոսքով կարողանում էր «հիպնոսացնել» դիմացինին՝ դառնալով իրադրության տերը:
...Գուցե այս պահին տմարդի ու նենգ
Չարագործն իր սև դավերն է նյութում
Բայց դու արթուն ես ժամապահի պես
Քո ծառայության մարտական պոստում...
Սա էլ որպես վերջաբան, որ տասնյակ տարիներ առաջ ՆԳՆ սպա Ասքանազ Վարդապետյանը նվիրել էր գործընկերներին, մարդկանց, որոնք լարված օրերի մեջ մեկի կյանքն են փրկել, մյուսի գույքը, երրորդի խեղված ճակատագիրն ու արժանապատվությունը: Նրանց կյանքն ու գործն արդար է և պայքար է եղել չարի դեմ՝ հանուն բարու, ինչն արդիական է մեր օրերում ևս: