կարևոր
475 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-26 14:21
Հասարակություն

Միջոցառում՝ նվիրված պոլսահայ գրող, «Մարմարա» թերթի երկարամյա խմբագրապետ Ռոպէր Հատտէրճեանի ծննդյան 100-ամյակին

Միջոցառում՝ նվիրված պոլսահայ գրող, «Մարմարա» թերթի երկարամյա խմբագրապետ Ռոպէր Հատտէրճեանի ծննդյան 100-ամյակին

Փետրվարի 25-ին Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնում կայացավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրված պոլսահայ գրող, «Մարմարա» թերթի երկարամյա խմբագրապետ Ռոպէր Հատտէրճեանի ծննդյան 100-ամյակին։

Միջոցառումն իրականացավ Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի և «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ։

Գրական ցերեկույթը համախմբել էր ականավոր գրականագետների և արվեստի գործիչների՝ խոսելու Ռոպէր Հատտէրճեան գրողի, հասարակական գործչի, հայ մարդու անցած մեծ ճանապարհի և նրա թողած գրական ժառանգության մասին։

Միջոցառումը վարում էր բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Սփյուռք» կենտրոնի ղեկավար Քնարիկ Աբրահամյանը։

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը, շնորհակալություն հայտնելով մանկավարժական համալսարանի հետ մշտական համագործակցության համար, շեշտեց․ « Մեզ համար խորհրդանշական էր նշել պոլսահայ մեծ մտավորականի հարյուր ամյակը․ մարդ, ով իր ամբողջ կյանքի ընթացքում նվիրվել է ոչ միայն հայ գրականությանը, այլև՝ իր ժողովրդին։ Նա միշտ կարևորել է այն միտքը, որ պոլսհայ գրականությունը սփյուռքահայ գրականություն չէ՝ հիմնավորելով, որ հայերը շատ ավելի հին ժամանակներից են ապրում Պոլսում, քան թուրքերը։ Այո, հիրավի, պոլսահայ գրականությունը սերվում է հայրենիքից և այդ պատճառով իր տարբերվող դերն ու տեղն ունի մեր գրական անդաստանում։ Այդ է պատճառը, որ Համազգայինի Երևանի գրասենյակը թե՛ գիտաժողովների և թե՛ առանձին ժողովածուների հրատարակման տեսքով պարբերաբար անդրադառնում է պոլսահայ գրողներին ու այնտեղի գրական-մշակութային կյանքին»։

Բանասիրական գիտությունների դոկտոր Սուրեն Դանիելյանն էլ, կարևորելով արևտմտահայ գրականության շարունակականության հարցը, նշեց․ «Եթե մենք խոսում ենք արևմտահայ գրականության շարունակականության մասին, ապա չենք կարող չշեշտել Հատտէրճեանին՝ իր «Առաստաղ» վեպով։ Առաստաղը խորհրդանշում է ոչ միայն սահման, ոչ միայն բարձրություն, այլև՝ մեր գրականության մեծությունը, կարևորում՝ նրա շարունակական լինելը»։

Համազգային հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչության ողջույնի խոսքը փոխանցեց ԿՎ անդամ Արտաշես Շահբազյանը։ Կարևորելով մանկավարժական համալսարանի հետ Համազգային հայ կրթական և մշակութային միության համագործակցությունը, Արտաշես Շահբազյանը նշեց, որ այդ կայացած համագործակցության վառ օրինակներից մեկն էլ սույն միջոցառումն է՝ ի շահ մեր գրականության և մշակույթի։

«Հատտէրճեանն իր մնայուն տեղն ու դերն ունեցավ Պոլսո հայկական կյանքի վերարթնացման գործում։ Նա իր հարյուրամյա կյանքով, իր ազգային-մշակութային գործունեությամբ, իր խմբագրած «Մարմարա»-ով դարձավ այդ կյանքը ապրեցնողներից մեկը»,- շեշետեց Շահբազյանը։

Պրոֆեսոր Վազգեն Գաբրիելյանն էլ, անդրադառնալով գրողի անցած բազմավաստակ ուղուն, նշեց, որ չնայած Հատտէրճեանը չհասցրեց ապրել իր երկրային կյանքի մեկ դարը, բայց նրա թողած ժառանգությունն ապրելու է դարերով՝ ամրագրելով նրա դերը հայ գրականության մեջ որպես գրողի, խմբագրի և իր ժողովրդի ճակատագրով ապրող հայ մարդու։

Ելույթներով հանդես եկան նաև բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը, պրոֆեսոր Արծրուն Ավագյանը, ՀՊՄՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը, բ․գ․թ․ դոկտոր Պետրոս Դեմիրճյանը, բ․գ․թ, դոցենտ Վալերի Փիլոյանը, դերասան, ռեժիսոր Արամ Կոստանյանը, բ․գ․թ Մանուշ Բալայանը, ՀՊՄՀ շրջանավարտ, պոլսահայ Պետրոս Չաւիքեան։