կարևոր
1621 դիտում, 8 ժամ առաջ - 2025-09-02 09:54
Քաղաքական

Սիմիդյանը մի դիմում էլ է գրել․ «Հրապարակ»

Սիմիդյանը մի դիմում էլ է գրել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Հուլիսին շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից ազատված Հակոբ Սիմիդյանը ՔՊ վարչության ընտրություններից հաշված օրեր առաջ ՔՊ վարչության անդամի թեկնածությունից ինքնաբացարկ է ներկայացրել։

Մեր տեղեկություններով՝ նա չի հաղթահարում Նիկոլ Փաշինյանից նեղվածությունը եւ որոշել է իր վերաբերմունքն այսպես արտահայտել։

Գրել էինք, որ Սիմիդյանի հրաժարականը թեպետ վաղուց հասունացած քայլ էր, քանի որ նրա աշխատանքից կառավարությունում բոլորն էին դժգոհ, սակայն վերջին կաթիլը դարձել է այն, որ Գորիսում իշխող ուժի քաղաքական ժողովին նա հանդգնել էր հակաճառել Փաշինյանին, դեմ խոսել վարչության ընտրությունների քարոզչական որոշ կարգերի մասին, ինչն էլ, ասում են, Փաշինյանը չի հանդուրժել եւ երկու օր անց ազատել է նրան։

Մեր աղբյուրներն ասում են, որ Սիմիդյանն իրականում, որպես այդպիսին, քարոզարշավ էլ չի արել ՔՊ պատվիրակների շրջանում՝ համարելով, որ իր կողմից քննադատված կարգերով քարոզչության մասնակցելը սխալ է։ Թե կոնկրետ ինչից է դժգոհ եղել, մեր աղբյուրը չհայտնեց։

Երեկ փորձեցինք անձամբ նրանից պարզել, սակայն նա չցանկացավ խոսել այդ մասին, միայն հաստատեց, որ վարչության անդամի թեկնածությունից ինքնաբացարկ է ներկայացրել։ Արդյոք հեռանո՞ւմ է կուսակցությունից, Սիմիդյանը վստահեցրեց, որ նման բան չի կարող լինել։

Հիշեցնենք, որ նա երկար տարիներ Փաշինյանի ամենավստահելի մարդկանցից էր՝ նրա օգնականը, վարորդը, 2009-ին էլ Փաշինյանը որոշ ժամանակ Սիմիդյանի տանն էր թաքնվել։