Փոխարժեքներ
21 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Ադրբեջանն էլ տարածքներ ունի Հայաստանի վերահսկողության ներքո։ «Ասելիս, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ կան, որ գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, պետք է ասենք նաև, որ Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ կան, որ գտնվում են մեր վերահսկողության ներքո, և փոխադարձ այս հարցը պետք է լուծում ստանա սահմանազատման գործընթացում»,-նշել է նա:
Այս թեմային անդրադառնալով՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը գրում է, որ Փաշինյանը ՀՀ կյանքի ճանապարհները տրամադրելու է Ադրբեջանին. «Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ-ն պատրաստվում է ադրբեջանական անկլավները՝ Տավուշում և Արարատի մարզում (Քյարքի) տրամադրել Բաքվին, այսինքն՝ հայվրացական և հայ-իրանական ճանապարհների նկատմամբ հսկողությունը, այդ թվում՝ կրակային, անցնելու է Բաքվին, և ադրբեջանական կողմը ցանկացած պահի կարող է սադրանքներ հրահրել և փակել հայ-վրացական և հայ-իրանական՝ Երևանի համար կարևորագույն ճանապարհները»։ Ըստ հեղինակների, Փաշինյանն ու ՔՊ-ն «Թրամփի ուղիով», որը դե-ֆակտո «Զանգեզուրի միջանցք» է, Սյունիքի բանալիները տրամադրում է ԱՄՆ-ին և թուրք-ադրբեջանական տանդեմին։ «Սյունիքը հայտնվելու է շրջապատված ամրոցի կարգավիճակում, երկու կողմերից՝ Նախիջևան և օկուպացված Արցախ, Սյունիքը շրջապատված է լինելու ադրբեջանական դիրքերով և խրամատներով, դրան զուգահեռ՝ փաշինյանական դիլետանտ քաղաքականության արդյունքում Սյունիքը նաև կտրվում է Իրանից՝ «Թրամփի ուղի» կոչվող պանթուրքական լոգիստիկայով», - նշում են հեղինակները։
Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ նշում է, որ Ղարաբաղից տեղահանվածների վերադարձի հարցը իրատեսական չէ: Եվ, առհասարակ, նրա կարծիքով, փախստականների վերադարձի օրակարգից խոսելը վտանգավոր է, որը կվնասի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը։
«Փաշինյանն ընդմիշտ փակեց արցախյան հարցը՝ արցախցիներին դարձնելով անտուն և փախստական։ Փաշինյանը հստակ մեսիջ է հղում թուրք-ադրբեջանական տանդեմին և Արևմուտքին. քանի դեռ նա է Երևանում իշխանության, Արցախյան հարցը մնալու է փակ, իսկ արցախցիներն աստիճանաբար արտագաղթելու են ՀՀ-ից՝ չունենալով աշխատանք և սոցիալական նորմալ պայմաններ։ Փաշինյանն ու ՔՊ-ն 2018 թվականին հատուկ օպերացիայի միջոցով, որն անվանվեց «թավշյա հեղափոխություն», բերվեցին իշխանության Արցախը հանձնելու, հայ-ռուսական կապերը խզելու և ՀՀ-ն դեպի Արևմուտք և ՆԱՏՕ տանելու համար, ինչն էլ նա և նրա հարստացող խմբակն ամեն օր կյանքի են կոչում՝ ՀՀ քաղաքացիների անտարբերության, պասիվության և ընդդիմության թուլության արդյունքում»,- գրում է ալիքն ու հավելում, որ եթե ընդդիմությունն ու հայ ազգի առողջ հատվածը չկարողանան հեռացնել Փաշինյանին և թիմին, ապա ՀՀ-ն դե-ֆակտո վերածվելու է «Արևմտյան Ադրբեջանի», իսկ Փաշինյանը վերարտադրվելու է նաև 2026 թ. ընտրություններով։