կարևոր
2164 դիտում, 7 ժամ առաջ - 2025-07-23 18:55
Քաղաքական

Սամվել Կարապետյանի հաղթանակը միջազգային դատարանում. միջանկյալ որոշում, որը կարող է փոխվել. CivilNetCheck

Սամվել Կարապետյանի հաղթանակը միջազգային դատարանում. միջանկյալ որոշում, որը կարող է փոխվել. CivilNetCheck

CivilNetCheck-ը գրում է․

«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ, ներկայում կալանավորված Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հուլիսի 23-ին հայտնեց, թե Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանում։

Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ 2025-ի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի (SCC Arbitration Institute) նշանակած հրատապ արբիտրաժը ՀՀ-ին պարտավորեցրել է ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման հետագա քայլերից։

Նշվում է նաև, որ արտակարգ արբիտրաժի որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ենթակա է պարտադիր կատարման։

Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը չի հրապարակել հրատապ որոշումը։ SCC-ի կայքում այն ևս հասանելի չէ, քանի որ ըստ SCC-ի կանոնակարգի՝ որոշումները հրապարակման ենթակա չեն, եթե չկա կողմերի համաձայնությունը։

#CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան՝ SCC-ում, հղում անելով իրենց կանոնակարգը, նշեցին, որ չեն կարող հաստատել կամ հերքել որևէ գործի գոյությունը։

Ստոկհոլմի արբիտրաժի կանոնակարգի մասին

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը ուսումնասիրեց SCC-ի կանոնակարգը և ներկայացնում է մանրամասներ հրատապ արբիտրաժի գործընթացի վերաբերյալ։

Ստոկհոլմի առևտրի պալատի (SCC) արտակարգ արբիտրաժը նախատեսված է այն դեպքերի համար, երբ կողմերից մեկը պահանջում է շտապ ժամանակավոր միջոցներ՝ մինչև վեճի բուն քննությունը։

SCC-ի կանոնակարգի 4-րդ և 8-րդ հոդվածների համաձայն՝ դիմումը ստանալուց հետո SCC-ն 24 ժամվա ընթացքում նշանակում է հրատապ արբիտր։ Վերջինս կողմերին լսում է արագացված ընթացակարգով (հեռակա կարգով, առանց լսումների, եթե անհրաժեշտ է) և մինչև հինգ օրվա ընթացքում կայացնում է որոշում միջանկյալ միջոցներ կիրառելու կամ չկիրառելու վերաբերյալ։

Հրատապ արբիտրաժի որոշումը չի համարվում վերջնական վճիռ, սակայն պարտադիր է կողմերի համար՝ ընդունման պահից սկսած։

SCC-ի կանոնակարգը սահմանում է, որ հրատապ որոշումը դադարում է պարտադիր լինել, եթե՝

  • հրատապ արբիտրը կամ Արբիտրաժային դատարանը նման որոշում կայացնեն,
  • Արբիտրաժային դատարանը կայացնի վերջնական վճիռ,
  • արբիտրաժի վարույթը չսկսվի հրատապ որոշման ընդունման պահից 30 օրվա ընթացքում, կամ
  • գործը չփոխանցվի Արբիտրաժային դատարանին հրատապ որոշման ընդունման պահից 90 օրվա ընթացքում։

Ստոկհոլմի պալատի հրատապ արբիտրի որոշումը չի նշանակում, որ ՀԷՑ-ը վերջնականապես հաղթել է ՀՀ կառավարությանը։ Սա միայն ժամանակավոր միջոց է, որը նպատակ ունի կանխել հնարավոր անդառնալի հետևանքները մինչև լիարժեք արբիտրաժային քննության մեկնարկը։

SCC-ի կանոնակարգի համաձայն՝ կողմերից որևէ մեկը (ՀԷՑ-ը կամ ՀՀ կառավարությունը) պետք է սկսի լիարժեք արբիտրաժային վարույթ։ Եթե այդ վարույթը չի սկսվում հրատապ որոշման ընդունումից 30 օրվա ընթացքում, ապա որոշումը դադարում է պարտադիր լինել։ Եթե գործը չի փոխանցվում հիմնական Արբիտրաժային դատարանին՝ 90 օրվա ընթացքում, ապա որոշումն ուժը կորցնում է։

SCC կանոնակարգը սահմանում է, որ լիարժեք արբիտրաժային դատարանը կազմավորվում է առանձին կարգով և քննում է վեճի էությունը՝ կողմերի ներկայացրած բոլոր փաստաթղթերի, վկայությունների և իրավական հիմնավորումների հիման վրա։ Դատարանը կարող է հաստատել, փոխել կամ չեղարկել հրատապ որոշումը՝ նոր, վերջնական վճռով։

Փաստացի, եթե Սամվել Կարապետյանը ցանկանում է, որ հրատապ արբիտրի որոշումը վերածվի իրական հաղթանակի, ապա կողմերից մեկը պետք է սկսի լիարժեք արբիտրաժային վարույթ, այդ թվում՝ ներկայացնի պահանջներ, վկայություններ և իրավական հիմնավորումներ։ Նման վարույթը կարող է տևել մի քանի ամիսից մինչև մեկ տարի։

Բացի այդ, ինչպես նշվում է SCC-ի կանոնակարգում, նույնիսկ եթե գործը շարունակվի, հիմնական Արբիտրաժային դատարանը պարտավորված չէ պահպանել հրատապ արբիտրի հիմնավորումները կամ որոշումը։ Սա նշանակում է, որ վերջնական վճիռը կարող է տարբերվել ներկայիս ժամանակավոր որոշումից։

Այսպիսով, Կարապետյանի պաշտպանների ներկայացրած հաղթանակը հրատապ փուլում իրականում դեռ չի լուծում վեճը։ Այն պարզապես ժամանակավոր միջոց է՝ կանխելու հնարավոր անդառնալի հետևանքները մինչև բուն քննության սկսվելը։

Կառավարության արձագանքն ու հնարավոր հետևանքները

Հայաստանի կառավարությունն այս որոշման վերաբերյալ միայն կարճ մեկնաբանություն է հրապարակել՝ նշելով, որ հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները «…»։

«Հարգանքով վերաբերվելով օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը»,- նշել են կառավարությունից։

Դեռևս հստակ չէ՝ արդյոք ՀՀ կառավարությունը լիովին կկատարի արտակարգ արբիտրաժի որոշումը, թե ոչ։

Միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանը CivilNetCheck-ի հետ զրույցում նշեց, որ SCC-ի որոշումը չկատարելը կարող է վնասել Հայաստանի ներդրումային միջավայրին։ Նրա խոսքով՝ ներդրողները չեն ցանկանա գալ մի երկիր, որտեղ իրենց իրավունքները պաշտպանված չեն։

«Ոչ միայն փաստացի գործողություններով ենք փչացնում (ՀՀ կառավարություն-խմբ.), այլ նաև հայտարարում ենք, որ Հայաստանում ներդրումները պաշտպանող դատական ակտ չի կատարվում։ […] բնականաբար սա նաև արձագանք է ստանալու միջազգային ֆինանսատնտնեսական կառույցներում՝ այդ թվում Համաշխարհային բանկում, որոնք վարկային միջոցներ չեն տրամադրի ՀՀ-ին»,- նշեց Սիմոնյանը։

Հայաստանը Նյու Յորքի կոնվենցիայի անդամ է, որի 3-րդ հոդվածով՝ կոնվենցիային միացած պետությունները պարտավոր են ճանաչել արբիտրաժային որոշումները և կիրառել դրանք։