Փոխարժեքներ
09 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
ԼՅՈՒՍԻԵՆ ՔՈՓԱՐ
Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ երիտասարդ Լետիսյա Նասը մտավ Մարդինի ոսկերչական խանութ և հանդիպեց Մեթին Էզիլմեզին։ Երբ Լետիսյան կապվեց ինձ հետ և ասաց՝ «Կարո՞ղ եք, խնդրեմ, հարցազրույց վարել նրա հետ», ես պատկերացում անգամ չունեի, թե ինչ կստացվի, կամ ուր կհասցնի մեզ այդ զրույցը։ Արդյունքում հասկացա՝ արժե գնալ Մարդին՝ պարզապես Մեթին բեյին ճանաչելու, նրա հավաքածուները տեսնելու և նրա պատմությունները լսելու համար։
Մարդինի ո՞ր թաղամասում եք ծնվել։
Մեծացել եմ քաղաքի մուտքի մոտ գտնվող քրդական թաղամասում, որը կոչվում է Դիարբեքիրքափը թաղամաս։ Իմ հորեղբայրները, տատիկները և մորաքույրերը նույն թաղամասում էին։ Մենք մեծ ընտանիք էինք՝ 11 երեխայով։ Մանկությունս անցկացրել եմ այստեղ։ Երբեմն հանդիպում են մարդիկ, որ ասում են՝ «Թողե՛ք ձեր նախնիների հողերը և մեզ մոտ եկե՛ք »։ Նրանց պատասխանում եմ․ «Այլևս մի՛ ասեք նման բաներ, բավական է, չեմ ուզում»։
Ինչպե՞ս եք անցկացրել ձեր մանկությունը։
Որոշ առումով գեղեցիկ մանկություն եմ ունեցել։ Այս քաղաքում ապրելու համար պետք է գին վճարեք։ Եթե ունեք մարտնչող մտածելակերպ, ունեք ձեր հավատքը՝ կապրեք, հակառակ դեպքում կջախջախվեք։ Մենք մեծացել ենք փողոցներում, ինչպես բոլորը։ Աղքատ էինք, ինչպես և մեր հարևանները։ Մեծացել ենք փողոցներում կռվելով։ Այդպես եմ մեծացրել և իմ երեխաներին։ Ավագի անունը Գեորգե է, մյուսինը՝ Աբդուլմեսիհ։ Նրանց անուններից ակնհայտ է, որ նրանք և՛ քրիստոնյա են, և՛ ասորի։ Ասում եմ «Երբեք տուն մի՛ վերադարձեք լաց լինելով ձեր հավատքի և անվան համար»։ Պիտի պայքարեք։ Մենք երբեք չենք կարող դիմանալ առանց դրա։
Եկեք մի փոքր խոսենք Մարդինի եկեղեցիների և հավաքատեղիների մասին, քանի՞ եկեղեցի կա կանգուն։
Մարդինի կենտրոնում կա մոտ 100 քրիստոնյա ընտանիք։ Ներկայում ունենք 12 գործող եկեղեցի։ Մարդինի մոտ գտնվող մեր գյուղերում էլ ունենք եկեղեցիներ, ուր գնում և պատարագներ ենք մատուցում երբեմն։ Չենք կարող յուրաքանչյուր եկեղեցում ամեն կիրակի պատարագներ մատուցել, որովհետև չունենք հոգևորական, ով կարողանա միաժամանակ պատարագ մատուցել յուրաքանչյուր եկեղեցում։ Մարդինի կենտրոնին մոտ կան նաև տարբեր եկեղեցիներ, որոնք պատկանում են հայերին և ասորիների ուղղափառ, կաթոլիկ և բողոքական դավանանքներին։ Տարիներ շարունակ միասին պատարագ ենք մատուցել յուրաքանչյուրիս եկեղեցում՝ հոգևորականի ուղեկցությամբ։ Ունենք համայնք՝ միայն մեկ եկեղեցի լցնելու համար։ Տարբերություն չենք դնում, միասին ենք կատարում մեր արարողությունները։ Այսպիսով, բոլորս հնարավորություն ունենք ավելի լավ ինտեգրվելու միմյանց հետ։ Այլ կերպ ասած, մենք գնում ենք եկեղեցիներ և հերթով պաշտամունքի արարողություն իրականացնում։ Մեր հայ ուղղափառ համայնքի հատուկ օրերին մենք բոլորս լցնում ենք այդ եկեղեցին։ Եթե դա կաթոլիկ համայնքի հատուկ օր է, օրինակ՝ Աստվածածնի օրը, այդ եկեղեցում ենք գտնվում մեր բոլոր կանանց և երեխաների հետ։ Բայց սովորական կիրակի օրը ասորիները սովորաբար գնում են կենտրոնում գտնվող Քառասնից եկեղեցի։
Կարո՞ղ եք մեզ պատմել Մարդինի հին սովորույթների մասին։ Օրինակ՝ ի՞նչ զարդեր էին կրում աղջիկ տալիս, առնելիս։ Ի՞նչ էին կրում նշանադրության ժամանակ։ Ի՞նչ էին կրում հարսանիքի ժամանակ։
Մարդինում հարսանիքները սովորաբար տևում են երեք օր։ Մեր ավանդույթում աղջիկ ուզում են հոգևորականի ուղեկցությամբ։ Քանի որ մարգարիտները խորհրդանշում են ազնվություն, նրբագեղություն և մաքրություն, մեր ժողովուրդը սովորաբար կենտրոնանում է ոսկու և մարգարիտների վրա՝ որպես հարսանեկան զարդեր։ Այլ կերպ ասած, հին ասորական սովորույթներում չափազանց ճոխ ոսկե գոտիներ չկային։ Մեր հարսանեկան զարդերը շատ համեստ էին։ Մարգարտյա ականջօղերի զույգը և խաչաձև վզնոցը անպայման պետք է լինեին։ Նշանադրության ժամանակ կրում էին ամուսնական մատանի, իսկ երբեմն՝ ապարանջան կամ վզնոց։ Անցյալում նշանադրությունները կատարվում էին տանը։ Ընտանեկան միջավայրում ներկա էին լինում տղամարդու և կնոջ առաջին աստիճանի ազգականները և նորապսակները։ Մեր երկրում մեր կրոնական առաջնորդը օրհնում է նշանադրության մատանին։ Եվ կատարում է նկանակի բացման ավանդույթը։
Ի՞նչ է դա։
Կլոր, մեծ, կարագով նկանակ պատրաստում են հացաբուլկեղենի խանութներում կամ տանը։ Այն զարդարված է խաչաձև նախշերով և նուշով։ Հոգևորականը կարդում է նկանի ընթերցանությունը՝ նշանված զույգի անվամբ։ Նշանվածները և հոգևորականը մեկ ձեռքը դնում են նկանի տակ։ Այս երեքը միասին կտրում են մեծ նկանը։ Նկան կտրելու ավանդույթի իմաստն այն է, որ այս երկու մարդկանց նշանադրությունը կատարվել է հոգևորականի կողմից կարդացված աղոթքներով։ Քահանան ընթերցում է սա՝ Տեր Հիսուսն ասում է. «Ամուսնալուծություն չկա։ Դուք այլևս չեք կարող հետ քաշվել։ Շատ դժվար է այս կտրված նկանը հետ ժողովել։ Ինչպես այս նկանը չի կարող նորից հետ հավաքվել, այնպես էլ ամուսնալուծվելն է նույնքան դժվար”։ Ապա ասում է․ «Այն կտրել ենք արդեն, Աստծո ներկայությամբ խոստում ենք արել, ամենը կատարվեց»։ Ինչպես տղայի կողմը գնահատում է կնոջը զարդերով, այնպես էլ աղջկա կողմը հարսանիքից առաջ մատանի է պատրաստում փեսայի համար։ Սա շարունակական ավանդույթ է՝ փեսային պատվելու համար։ Փեսայի մատանին նշանակում է. «Ես քեզ տվեցի իմ դստերը, ով իր քաշով ոսկի արժե, բայց իմ ձեռքերը, աչքերը և ականջները միշտ քեզ վրա կլինեն։ Ես քեզ գնահատում եմ այնքան, որքան դու գնահատում ես իմ դստերը»։
Ինչքան գիտեմ, դուք սկսել եք ձեր արհեստը փոքր տարիքում։ Քանի՞ տարեկան էիք, երբ սկսեցիք ձեր մասնագիտությունը։ Ո՞վ էր ձեր առաջին վարպետը։ Ի՞նչ ուղի եք ընտրել։
Աշխատում եմ յոթ տարեկանից։ Սկսել եմ աշխատել Սամի Բալաջիի հետ տարրական դպրոցի երկրորդ դասարանից։ Մենք գտնվում էինք Մարդինի ոսկերչական շուկայում գտնվող այն խանութի դիմաց, որտեղ ես այժմ աշխատում և ղեկավարում եմ այն։ Այնտեղ որոշ ժամանակ աշխատելուց հետո տեղափոխվեցի հորեղբորս՝ Սուփի Չիլլիի մոտ։ Բանակ գնալուց առաջ սկսեցի հավաքել ոսկերչական իրերի հետ կապված ձեռքի գործիքները, որոնք մեր հին ոսկերիչներն ու վարպետները թողել էին Մարդինը լքելիս։ Ես շատ հետաքրքրված էի այդ հին երկաթե իրերով և հարցրեցի ու իմացա, թե ինչպես են դրանք օգտագործվում։ Հավաքեցի խանութների անկյունները նետված բոլոր հին ոսկերիչների կաղապարները, մոդելներն ու ձևանմուշները։ Բանակից վերադառնալուց հետո լուրջ կապիտալ չունեի։ Ես և եղբայրներս նստեցինք ու ասացինք. «Շատ մեծ կապիտալ չունենք, թող մեր արվեստը լինի մեր լավագույն կապիտալը», և մեր ունեցած 22 կարատանոց ոսկին վերածեցինք 14 կարատանոցի։ Լցրեցինք այն տարիներ առաջ հավաքածս մեր հին հայ, ասորի և քաղդեացի վարպետների թողած կաղապարների մեջ։ Յուրաքանչյուր կաղապարից դուրս էին գալիս շատ տարբեր մոդելներ։ Հանկարծ տեսա, որ լուրջ հավաքածու ունենք։ Նստեցի ու սկսեցի գրառումներ անել։ Նկարեցի յուրաքանչյուր մոդելի կառուցվածքը։ Ունեմ մի գիրք, որտեղ գրառումներ եմ արել և նկարել եմ այն մոդելների ձևերը, որոնց վրա աշխատել եմ 90-ականներից մինչև հիմա։ Իմ գիրքը դեռ չի ավարտվել, քանի որ աշխատելիս և ստեղծագործելիս ավելացնում եմ նոր էջեր և նոր տեղեկություններ։ Բայց երբեմն ես ներառվում եմ Թուրքիայի արվեստի վերաբերյալ առաջատար գրքերում։
Մոտավորապես քանի՞ ասորի կամ հայ ոսկերիչ կա Մարդինի շուկայում հենց հիմա։
Մարդինի հին շուկայում ոսկերիչների 95 տոկոսը ասորիներ կամ հայեր էին։ Հիմա մենք ունենք մոտ 20 խանութ։ Միշտ ասում եմ, որ մեր երեխաները չեն դիմել արհեստագործության, մենք այս քաղաքի վերջին մոհիկաններն ենք։ Ամեն ինչ ավարտվեց։ Այս արհեստը մեզնով կավարտվի, որովհետև Անատոլիայում շատ դժվար է արհեստավոր կամ նկարիչ լինել։ Մենք գերազանցել ենք մեր սահմանները արվեստի ոլորտում, բայց այն, ինչ ժամանակակից հասարակությունը պահանջում է մեզանից, իրականում արվեստ չէ։ Նրանք ակնկալում են ոսկի որպես ներդրում, մինչդեռ մենք արվեստ ենք ստեղծում։
Կարծում եմ՝ դուք նաև հետաքրքրված եք արմատային ներկերով և գործվածքներով։
Այո, 2017 թ․, տատիկիս մահվան առաջին տարելիցին, ինձ հրավիրեցին Չանքայա ժամանակակից արվեստի պատկերասրահի ցուցահանդեսին։ Ես պատկերասրահը զարդարեցի մեծ եկեղեցական վարագույրներով։ Ես գործնականում ցուցադրեցի բասմայի և արմատային ներկման արվեստը։ Այսպիսով, մենք երկու հոգով՝ ես և հորեղբորս որդին, Անկարայում ներկայացրեցինք Մարդինի ասորիներին։
Կարո՞ղ ենք մի փոքր խոսել ձեր ընտանիքի համար պատրաստած հուշարձանային գերեզմանների մասին։
Առաջինը ես պատրաստել եմ մորս համար։ Մայրս դերձակուհի էր։ Նա մի կին էր, որը մեծ պատասխանատվություն էր կրում իր ընտանիքի նկատմամբ։ Նկարեցի մի կնոջ դիմանկար, որը կարում էր՝ նստած նրա գերեզմանի մոտ։ Նկարեցի յուղի լամպը, արևը, լուսինը և աստղերը։ Փորձեցի նկարագրել մի աշխատասեր կնոջ, որը գիշեր-ցերեկ աշխատում էր։ Տատիկս կենդանի էր, երբ մայրս մահացավ։ Երբ մենք գնում էինք նրա գերեզմանի մոտ, նա կանչում էր. «Աղջիկս, մի՞թե հերիք չէ, որ աշխատում ես այս աշխարհում։ Դեռ աշխատում ես»։ Մի օր նա դիմեց ինձ և կտակեց. «Ինչ որ արել ես իմ դստերը, դա կանես նաև ինձ»։ Երբ Նասրա տատս մահացավ, նրան թաղեցինք հոր գերեզմանում՝ ըստ նրա կտակի։ Նրա հայրը Իսհակ Շեմմասինդի Աքչամն էր՝ իր ժամանակի հայտնի նկարիչներից և քանդակագործներից մեկը։ Նա 1935 թ․ Իզմիրի տոնավաճառում մեդալ է ստացել։ Նա և իր եղբայրը երկուսն էլ կալիկո նկարիչներ էին և հետաքրքրված էին արմատային ներկման արվեստով։ Մի օր նա կտակ է կազմել իր երեխաների համար՝ ասելով. «Եթե մահանամ, ձեռքերս թողեք գետնին»։ Երբ տատիկս թաղվեց հոր գերեզմանում, ես ձեռքերի զույգ պատրաստեցի և դրեցի գերեզմանի վրա՝ ըստ նրա կտակի։ Հուշարձանը նման է մոմակալի, ուր մոմը կարելի է դնել ձեռքերի մեջտեղում։ Սա խորհրդանշում է, որ գիշերվա խավարի լույսը կլուսավորվի նկարչի ձեռքերում։ Ապագան նկարչի ձեռքերի լույսն է։ Ես նաև գերեզման եմ պատրաստել իմ հորեղբոր՝ Գաննա Չիլլիի հիշատակին։ Նա երկար տարիներ ֆուտբոլ է խաղացել Մարդինսպորում։ Նա Մարդին թիմի առաջին ավագն էր։
Մարդիկ, ովքեր խաչակնքվել և փակել են իրենց դռները, գնացել-մնացել են և չեն վերադարձել։ Դուք նաև հայտնի եք որպես դռների հավաքորդ Մարդինում։ Ի՞նչ հետաքրքրություն ունեք դռների նկատմամբ։
Ունենք մի ժողովուրդ, որը շարժվում է դեպի ձուլում։ Կարծում եմ, որ բոլորը պետք է սեփական տան սեփականատերը լինեն՝ մեր ավանդույթները Հին Մարդինում շարունակելու համար։ Պետք է միասին պահպանենք մեր ավանդույթները մեր սեփական տներում՝ Մարդինում։ Ունենք պատմական տուն Հին Մարդինում՝ Դիարբեքիրի դարպասների մոտ, որը ժառանգել ենք իմ հորեղբայրներից որպես ընտանեկան ժառանգություն։ Ես այդ տանը հավաքում եմ Հին Մարդինի ազգագրական առարկաներ։ Հավաքում եմ հին դռներ, փայտե իրեր և բազմոցներ, որոնք մարդիկ դադարել են օգտագործել։ Որևէ առարկա հասկանալու համար ես պետք է հասկանամ այդ առարկայի դիցաբանական պատմությունը։ Երբ Քադիր Ինանիրի մասնակցությամբ «Դուռ» ֆիլմը վերջին անգամ նկարահանվեց Մարդինում, ես ռեժիսորներին պատմեցի դռան դիցաբանության մասին։ Ես ասացի. «Մեր ժողովուրդը լքեց իր տները 1915 թ․, քանի որ գնում էր դատաստանի։ Նրանք իրենց հետ երեք բան վերցրին, նախքան ճանապարհ ընկնելը։ Մի գդալ, որ ճանապարհին ուտեին, մի աման, եթե ծարավ լինեին, և այն դռան բանալիները, որը փակում էին, եթե վերադառնային։ Ոչ ոք չվերադարձավ»։ Այսօր Մարդինում և հարակից շրջաններում կատարված որոշ պեղումներում բանալիներ են հայտնաբերվում։ Օրինակ, երկու-երեք տարի առաջ Զերզավան ամրոցում հայտնաբերված բանալիները կապեցին Միթրայի հետ։ Զանգահարեցի հնագետ ընկերոջս և ասացի. «Դուք երբևէ չե՞ք լսել Զերզավան ամրոցով անցնող քարավանների ճակատագրի մասին։ Այդ բանալիների տեղը Մարդինում է»։ Իմ մարդիկ չվերադարձան, և նրանց բանալիները մնացին այնտեղ։ Ո՞վ գիտի, մի օր մի քանի երիտասարդներ կգան իրենց բանալիներով և կփնտրեն իրենց դռները… Ես հասկանում եմ դռներին և դռան թակիչներին։ Ես խոսում եմ նրանց հետ և ասում. «Պատմեք մեզ, թե ինչ է պատահել ձեզ հետ, ինչի ականատեսն եք դարձել»։ Ես կցանկանայի, որ նրանք լեզու ունենային և կարողանային խոսել։ Ես Մարդինի ամենամեծ դռների հավաքորդն եմ։ Անցյալի հետքերով գնալիս երբեմն անտեսում էի ընտանիքս։ Նայում էի դռներին և փորձում հասկանալ այն, ինչը նրանց տերերը չէին կարող նկատել, որովհետև խաչակնքող և դռները փակող մարդիկ հեռանում էին և այլևս չէին վերադառնում․․․
https://www.agos.com.tr/tr/yazi/33769/mardin-kapilari-sahiplerinin-soyleyemediklerini-anlatiyor
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը