կարևոր
1852 դիտում, 19 ժամ առաջ - 2025-06-06 23:58
Արցախ Աշխարհ

Առաջարկվել է միջազգային մոնիտորինգային առաքելությունների իրականացում Արցախում՝ առանց Ադրբեջանի ուղեկցության

Առաջարկվել է միջազգային մոնիտորինգային առաքելությունների իրականացում Արցախում՝ առանց Ադրբեջանի ուղեկցության

Հունիսի 5-ին ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF) կազմակերպել էր լսումներ՝ «Կրոնական ազատության պայմաններն Ադրբեջանում» թեմայով։ Այս նախաձեռնությանը նախորդել էր հանձնաժողովի՝ նույն տարվա տարեկան զեկույցը, որտեղ արձանագրվել էր, որ Ադրբեջանում կրոնական ազատության իրավիճակը գտնվում է վատթար վիճակում։ ԼՂ փախստականների իրավապաշտպան միության՝ լսումների մասին հաղորդագրության համաձայն, զեկույցում մասնավորապես ընդգծվել էին Լեռնային Ղարաբաղում հայկական եկեղեցիների, հուշարձանների և պատմական գերեզմանոցների ոչնչացման դեպքերը։

Լսումների մեկնարկին Վիքի Հարթզերը ընդգծել է, որ լսումների կազմակերպման հիմնական շարժառիթը միջազգային համայնքի դիրքորոշումն է՝ Ադրբեջանում կրոնական իրավունքների խախտումների, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության կանխամտածված ոչնչացման վերաբերյալ։

Հանձնաժողովի ղեկավար Սթիվեն Շնեքը նշել է, որ USCIRF-ը կոչ է անում ԱՄՆ Կոնգրեսին առաջնահերթություն տալ կրոնական ազատությունների պաշտպանությանը՝ փոփոխություններ կատարելով օրենսդրությունում, և Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը պայմանավորել միայն կրոնական ազատության պայմանների բարելավմամբ։ Նրա խոսքով՝ Ադրբեջանում կրոնական ազատությունների վիճակը ինքնաբուխ չի բարելավվելու, և անհրաժեշտ են ԱՄՆ կառավարության համակարգված և նպատակային ջանքեր։

Լսումների ընթացքում Մասաչուսեթսի համալսարանի պրոֆեսոր Օդրի Ալտշտադտը (Audrey Altstadt) ներկայացրել է իրավիճակի խորքային վերլուծություն՝ նշելով, որ Ադրբեջանում ռեժիմը կոռուպցիայի մեջ է, ավտորիտար, որն ուղղակիորեն ազդում է մարդու իրավունքների և կրոնական քաղաքականության վրա։

Լսումների ընթացքում «Ֆորմ 18» լրատվական ծառայության խմբագիր Ֆելիքս Քորլեյը ընդգծել է, որ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում բազմաթիվ անձինք ենթարկվել են խոշտանգումների և նվաստացումների՝ իրենց քրիստոնեական պատկանելության պատճառով։ Ըստ ներկայացված վկայությունների՝ որոշ գերիների մերժվել է կարդալ քրիստոնեական գրականության, իսկ խաչերը, որոնք եղել են նրանց ձեռքերին, այրվել են։ Ազատ արձակված անձինք պատմել են ծեծի ենթարկվելու և կրոնական ու էթնիկ բնույթի վիրավորանքների մասին։ Նրանց պարանոցից կախված խաչերը խլվել են հսկողների կողմից, կոտրվել և նետվել հատակին։ Քորլեյն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել այն փաստին, որ ձերբակալվածները հաճախ ենթարկվում են խիստ խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի։

Անկախ լրագրող և «Free Voices Collective»-ի համահիմնադիր Արզու Գեյբուլան նշել է, որ ԱՄՆ քաղաքականությունը պետք է որդեգրի համապարփակ և վճռական մոտեցում և Ադրբեջանին Կրոնական ազատության մասին օրենքի (RFA) համաձայն հատուկ մտահոգություն ներկայացնող երկիր ճանաչի։

Հուսիկ Ղուլյանը իր ելույթում ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հարյուրավոր պատմական հուշարձաններ գտնվում են ծայրահեղ վտանգի տակ։ Նա նշեց, որ այս ժառանգության պահպանումը կարևոր է ոչ միայն հուշարձանների, այլև Արցախի հայերի մշակութային և կրոնական ինքնության ու նախնիների հետ կապի տեսանկյունից։

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի կողմից մշակութային ժառանգության ոչնչացման նախադեպ արդեն կա՝ Նախիջևանում տեղի ունեցած հայկական հուշարձանների համակարգված ոչնչացումը (1998–2005 թթ.), որի արդյունքում 108 պատմական հուշարձաններ ամբողջությամբ ոչնչացվել են։ Բայց, Ադրբեջանը ոչ միայն մերժում է այդ փաստը, այլև ժխտում է այդ տարածքում հայերի երբևէ ապրելը։

2023 թ. աշնանը Արցախի ավելի քան 100,000 հայերի բռնի տեղահանումը հանգեցրեց նաև հնագույն մշակութային ժառանգության՝ եկեղեցիների, վանքերի և գերեզմանատների անպաշտպան մնալուն։ 2021-ից սկսած՝ իրականացվել է 12 արբանյակային դիտարկում, որի շրջանակում մշտադիտարկվել է 300-ից 600 մշակութային հուշարձան։ Այդ ընթացքում փաստագրվել է 14 մշակութային ժառանգության լիակատար ոչնչացում և ևս 14-ի վնասում։ Այս պահին 30 մշակութային օբյեկտ համարվում է անմիջական սպառնալիքի տակ։

Ղուլյանը իր խոսքում անդրադարձել է մի շարք կարևոր դիտարկումների՝ նշելով, որ 2024 թվականին մշակութային ժառանգության ոչնչացման տեմպն աճել է՝ հատկապես շինարարական ակտիվության ֆոնին։ Նա ընդգծել է, որ ամենաշատ վնասները հասցվել են հայկական գերեզմանատներին, սակայն փաստագրվել են նաև եկեղեցիների քանդման դեպքեր։ Միևնույն ժամանակ, հայկական եկեղեցիները դարձել են մշակութային յուրացման թիրախ՝ Կովկասյան աղվանական հռչակելով։ Չնայած այս մտահոգիչ զարգացումներին, միջազգային արձագանքը շարունակում է մնալ անբավարար, իսկ Ադրբեջանը դեռևս չի ենթարկվել որևէ պատասխանատվության կամ պատժամիջոցի իր գործողությունների համար։ Նա կոչ է արելց ԱՄՆ կառույցներին՝ այդ թվում կրոանական ազատության հանձնաժողովի խորհրդին, Կոնգրեսի հանձնաժողովներին և Heritage at State-ին, աջակցել մոնիթորինգային ծրագրերին՝ (CHW), վերածելով դրանք կանխարգելման գործիքների։

Հուսիկ Ղուլյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ժառանգության իբրև թե «վերականգնումները» իրականում չեն հանդիսանում իրական վերականգնումներ, դրանք ուղեկցվում են տարածքների վերահսկմամբ, արժեքների խեղաթյուրմամբ և մուտքի սահմանափակումներով։ Եկեղեցիների արձանագրությունները ոչնչացվում կամ խեղաթյուրվում են։ Նման գործողություններ արդարացվում են նույնիսկ բարձր մակարդակով՝ նախագահի մակարդակով։ Որպես արդյունավետ զսպող մեխանիզմ՝ Ղուլյանը առաջարկում է միջազգային մոնիտորինգային առաքելությունների իրականացում՝ առանց Ադրբեջանի ուղեկցության, ինչը թույլ կտա անկախ փորձագետներին տեղում արձանագրել ժառանգության վիճակը։

Հանձնաժողովի ղեկավար Սթիվեն Շնեքը նշել է, որ հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման պատկերը խիստ մտահոգիչ է։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն փորձել է իրականացվել գնահատման առաքելություն տարածաշրջանում, սակայն Ադրբեջանը մինչ այժմ չի տվել դրա թույլտվությունը։ Նա առաջարկել է ԱՄՆ կրոնական հանձնաժողովի օգնությունն այդ հարցում։

Բացի այդ, կարևոր է նաև ուխտագնացության խնդիրը։ Սթիվեն Շնեքի խոսքով, շատ հայեր ցանկանում են այցելել իրենց սրբավայրերը Ղարաբաղում, սակայն մուտքն արգելված է։ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը ցանկացել է աջակցել նման ուխտագնացություններին, սակայն դրանք ևս չեն իրականացվում։ Խոսքը միայն ժառանգության պահպանման մասին չէ, այլև մոտ 100,000 տեղահանված արցախահայերի կրոնական իրավունքների՝ այցելել իրենց եկեղեցիներ ու գերեզմաններ։

««Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը» բարձր է գնահատում ԱՄՆ Կրոնական ազատության հանձնաժողովի գործունեությունը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կրոնական իրավունքների պաշտպանությանը, պատմական ժառանգության պահպանությանը և ուխտագնացությունների կազմակերպման հարցում աջակցության պատրաստակամությանը։

Միաժամանակ ընդգծում ենք, որ Ադրբեջանի կողմից հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող գործողությունների հրապարակային դատապարտումը կարևոր քայլ է՝ պատմական արդարության վերականգնման և մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքի հաստատման ճանապարհին»,- նշված է հաղորդագրության մեջ։