կարևոր
6190 դիտում, 10 ամիս առաջ - 2023-05-16 20:53
Հասարակություն

Կոռնիձորից հետո նախատեսվում է ակցիաներ կազմակերպել Սոթքի և Տավուշի ուղղություններով. Արտաշես Մխիթարյան

Կոռնիձորից հետո նախատեսվում է ակցիաներ կազմակերպել Սոթքի և Տավուշի ուղղություններով. Արտաշես Մխիթարյան

Կոռնիձորում նախատեսված բողոքի ակցիայի հիմնական նպատակն է ցույց տալ, որ Հայաստանն ու Արցախը միասնական են, պայքարը շարունակվում է, միջոցառումներն էլ՝ հանուն Արցախի, ընդդեմ Ադրբեջանի, շարունակական են լինելու»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է «Կամավորական շարժում» ՀԿ-ի գումարտակի շտաբի պետ, պահեստազորի գնդապետ Արտաշես Մխիթարյանը։

Արտաշես Մխիթարյանն ասում է՝ ակցիայի անցկացման տեղի ընտրությունը՝ Կոռնիձորը, պայմանավորված է ադրբեջանական կողմի վերջին գործողություններով. «Քանի որ Ադրբեջանը անցակետ տեղադրեց Հակարիի կամրջի հարևանությամբ, այսինքն՝ Կոռնիձորին մոտ՝ կրկնակի շրջափակման մեջ գցելով Արցախի ազգաբնակչությանը, որոշեցինք, որ առաջին ակցիան տեղի է ունենալու հենց այնտեղ։ Քանի որ ստեղծված իրավիճակում Արցախի բնակչությանը մնում է բռնի տեղահանում կամ էթնիկ զտման վտանգի տակ հայտնվել, որոշեցինք, որ առաջիկա կարևոր ակցիան կիրականացնենք հենց շրջափակված Արցախի դարպասների մոտ»։

Արտաշես Մխիթարյանը վստահ է՝ արցախահայությանն, այնուամենայնիվ, հնարավոր չէ ընկճել, նրանք պայքարելու են մինչև վերջ՝ մինչև վերջնական ազատագրում և ինքնորոշում։

Որպես ակցիայի ակտիվ կազմակերպչակական գործողութուններով զբաղված մասնակից, Արտաշես Մխիթարյանն ասում է՝ Կոռնիձորում անցկացվելիք ակցիային մասնակցելու ցանկություն հայտնող բազմաթիվ զանգեր է ստացել։ «Օրական 15-20 զանգ եմ ստանում, մարդիկ հետաքրքված են, ուզում եմ մասնակցել՝ ընկերներով, ընտանիքի անդամներով, կազմակերպություններով։ Իհարկե, այս ակտիվությունն ուրախացնում և հույս է ներշնչում մեզ, որ այս պայքարն անպտուղ չի լինի, որ մենք կհասնենք մեր առջև դրված խնդիրներին։ Ակցիան, բացարձակապես, ապաքաղաքական բնույթ է կրում, սակայն, մասնակցության ցանկություն են հայտնում ինչպես անհատներ, այնպես նաև տարբեր քաղաքական գործիչներ, կուսակցություններ ու նրանց ղեկավարներ։ Մեզ՝ կազմակերպիչներիս համար, բոլորովին միևնույն է, թե ովքեր են ցանկություն հայտնում մասնակցել՝ քաղաքական գործիչներ կլինեն նրանք, անհատ քաղաքացիներ, թե կազմակերպություններ։ Կարևորը, որ նրանց բոլորին միավորում է մեկ գաղափար՝ օգնել Արցախին դուրս գալու այս օրհասկան վիճակից, հավաքվել միևնույն նպատակի շուրջ, այն է՝ «Արցախը մերն է, Արցախը Հայաստան է, Հայաստանն Արցախ է»։ Ակցիան էլ որևէ քաղաքական ուղղվածություն չի ունենալու, հնչելու են միայն «Կամավորական շարժում» ՀԿ-ի լոզունգները»։

Արտաշես Մխիթարյանը հավելում է՝ Կոռնիձորում իրականացվելիք ակցիան միակը չի լինելու, այն կունենա շարունակություն։ Հաջորդ ակցիաներն անցկացվելու են, այս պահի դրությամբ, Հայաստանի առավել վտանգված հատվածներում։ Նախատեսվում է հաջորդիվ նույն նպատակով ակցիա իրականացնել դեպի Սոթք և Տավուշ ուղղություններով, հետագա ուղղությունները դեռևս ճշտվում են։ Բանախոսը նկատում է՝ թեև իրենք մասնակցել և շարունակելու են իրենց մասնակցությունը բերել Երևանում կազմակերպվող բողոքի ակցիաներին, սակայն, ՀԿ-ն իր առջև Երևանում նմանօրինակ գործողություններ իրականացնելու նպատակ չի դրել։ «Կամավորական շարժում» ՀԿ-ի թիրախում մարզային առավել վտանգված բնակավայրեն են, ասում է բանախոսը։

Ամփոփելով զրույցը, Արտաշես Մխիթարյանը հավելում է՝ նախաձեռնող խումբը զբաղված է ոչ միայն ակցիաների կազմակերպմամբ, այլ նաև՝ կամավորականների պատրաստման աշխատանքներով. «Մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի, որովհետև, եթե ուզում ենք խաղաղութուն ունենալ, պետք է պատրաստվենք պատերազմի։

Կարծում եմ, առջևում մեզ ևս մեկ նոր պատերազմ է սսպասվում, որովհետև այն իրավիճակը, որ ստեղծվել է մեր երկրում, առանց պատերազմի չի հանգուցալուծվելու։ Թե ինչքանո՞վ են մեր իշխանությունները պատրաստում մեզ առաջիկա պատերազմին, որպեսզի ընդունակ լինենք արդյունավետ դիմադրելու թշնամու հարվածներին, մեծ հարց է։ Համենյան դեպս, մինչ այսօր նրանք չափազանց անողնաշար ռազմական գործողություններ են իրականացրել, ինչի հետևանքով ունենք այն, ինչ ունենք։ Հետևաբար, հույս դնել, որ առաջիկա սպասվելիք պատերազմում այս իշխանությունները կարող են արդյունավետ հակահարված պլանավորել և իրականացնել, մեղմ ասած, միամտություն կլինի, եթե չասենք, որ սրանք զբաղված են ճիշտ հակառակ աշխատանքով, այն է՝ ահաբեկելով և վախի մթնոլորտում պահելով մի ողջ ազգի, կարծում են, թե կարող են իրականացնել դրսից իրենց վրա դրված խնդիրը՝ հանձնել հողերը։ Այստեղ պետք է ասեմ, որ նրանք իրենց հաշիվներում, մեղմ ասած, սխալվել են։ Դրանում դեռ իրենք կհամոզվեն»։