կարևոր
4624 դիտում, 11 ամիս առաջ - 2023-05-15 22:23
Արցախ Քաղաքական

Արցախի սուբյեկտայնության ու հայկականության մասին ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. որոշումն ՈՒԺԻ ՄԵՋ Է. Ավետիք Հարությունյան

Արցախի սուբյեկտայնության ու հայկականության մասին ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. որոշումն ՈՒԺԻ ՄԵՋ Է. Ավետիք Հարությունյան

ՀՀ Գերագույն խորհուրդը 1992թ. հուլիսի 8-ի Հ. Ն-0663-1 որոշման 2-րդ կետով արձանագրել է հետևյալ հիմնարար մոտեցումը՝

«2. Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»:

Հիշյալ որոշման ընդունման համար ելակետ են հանդիսացել հետևյալ կարևորագույն հիմքերը. միջազգային իրավունքի հիմնադրույթները, ազգերի ինքնորոշման իրավունքը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքները (դրանց անդրադարձել եմ իմ գիտական աշխատություններում, որոնց տեղադրված են ստորև): Ի դեպ, ԼՂՀ-ն Ադրբեջանի կազմից դուրս է եկել մինչև Ադրբեջանում անկախության հանրաքվեի անցկացումը, որը տեղի է ունեցել 1991թ. դեկտեմբերի 29-ին` Ալմա Աթայի հռչակագրի ընդունումից 8 օր անց, երբ փաստորեն ԽՍՀՄ-ը գոյություն չուներ, իսկ Արցախի անկախության հանրաքվեն անցկացվել է 1991թ. դեկտեմբերի 10-ին:

ՀՀ Գերագույն խորհրդի որոշման ընդունման համար հիմք հանդիսացած հետևյալ կետը ևս արժանի է ուշադրության. «նշելով, որ կպաշտպանի Արցախի հարցի այն լուծումը, որը կընդունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, անընդունելի համարելով մի շարք միջազգային փաստաթղթերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես Ադրբեջանի մաս ամրագրելու փորձերը»: Արցախին վերաբերող ՀՀ կողմից ստորագրվելիք ցանկացած փաստաթուղթ պետք է համաձայնեցվի Արցախի Հանրապետության, այսինքն` նրա ժողովրդի հետ, որը պետք է տեղի ունենա բացառապես հանրաքվեի եղանակով:

ՀՀ Գերագույն խորհրդի նշված որոշման վերլուծությունից պարզ է դառնում, որ Հայաստանի Հանրապետությունն իր վրա պարտավորություն է ստանձնել «Հետևողականորեն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը», ինչը պետք է անշեղորեն կատարվի:

Նույնիսկ եթե հիպոթետիկ ընդունենք, որ ենթադրյալ փաստաթուղթն ընդունվի ՀՀ իշխանությունը ներկայացնողի կողմից որպես միջազգային պայմանագիր, ապա այն պետք է վավերացվի ՀՀ Ազգային ժողովի կողմից, իսկ մինչ այդ դրանում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով սահմանադրական դատարանը պետք է ընդունի որոշում:

Եթե ՀՀ իշխանության որևէ ներկայացուցիչ, ի հեճուկս Գերագույն խորհրդի այս որոշման, որևէ հակահայկական (հետևաբար` հակաարցախյան) փաստաթուղթ ստորագրի, նշանակում է նա դեմ է գնացել ինչպես այդ ժամանակվա պատգամավորներին, նրանց ընտրած ժողովրդին, այնպես էլ համայն հայության նպատակներին, Հայաստանի Անկախության հռչակագրին ու ՀՀ Սահմանադրությանը: Հատկանշական է, որ հիշյալ որոշումը երբևէ փոփոխության չի ենթարկվել, չի չեղարկվել, հետևաբար ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄԻՆՉ ՕՐՍ: Նշված փաստաթուղթը վկայում է Հայաստանի Հանրապետության պետական (ներկա համատեքստում` ոչ իշխանական) ու ժողովրդի արդարացի դիրքորոշումն Արցախի, նրա ժողովրդի ինքնորոշման և մյուս հիմնարար իրավունքներին սատարելու մասին:

Ավետիք Հարությունյան

Արցախի Էլեկտրոնային Գրադարանի նախաձեռնող և ղեկավար,

ԱԵԳՄՄ նախագահ, ի.գ.թ., դոցենտ